Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾԸ



Զրույց իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր ԱՆԴՐԱՆԻԿ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ հետ

-Պարոն Խեչումյան, քանի որ առաջին անգամ եք ներկայանում «Հայ զինվորի» ընթերցողին, մինչև Ձեր գործունեությանն անդրադառնալը՝ կխնդրեի, որ հակիրճ պատմեիք Ձեր կենսագրությունը, մասնավորապես՝ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է Ձեր ընտանիքը հայտնվել Իրանում, կխնդրեի նկարագրել այն կոլորիտն ու միջավայրը, որտեղ մեծացել եք, այն բարոյական արժեքներն ու չափանիշները, որով դաստիարակվել է Ձեր սերունդը…

-Իրանահայ համայնքը ավելի քան 400 տարվա պատմություն ունի, հայրս ծնվել-մեծացել է Արաքի հայաշատ շրջանի Սուլթանաբադ գյուղում, ես թեհրանցի եմ։ Իրանահայ համայնքը շատ հզոր ու կազմակերպված էր իմ մանկության ու պատանեկության տարիներին՝ եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ, մշակութային օջախներ… Հայերը Իրանում ապրել ու ապրում են լիարյուն, աշխույժ կյանքով, պատահական չէ, որ իրանական կինոյի հիմնադիրը հայազգի Ավանես Ուգանյանն է, իրանական մոդեռն թատրոնի անունը անքակտելիորեն կապված է Շահեն Սարգսյանի անվան հետ՝ որպես սկզբնավորող…

-Պարսիկնե՞րն էլ են այդ կարծիքին։

-Սա կարծիք չէ, սա իրողոթյուն է, որը սիրով ու երախտագիտությամբ են ընդունում պարսիկները։ Սահմանադրական հեղափոխության ժամանակ Թեհրանի ոստիկանապետ Եփրեմ խանի անունն ու գործը փառաբանող բազմաթիվ վկայություններ կարող եք գտնել Իրանում, պարսիկները հին մշակույթ ունեցող և այդ մշակույթը կրող ազգ են՝ քաղաքակիրթ, օտար մշակույթը գնահատող ու հարգող, երախտապարտ… Մի օրինակ բերեմ. ոչ մի պարսկական ֆիլմ այնքան մրցանակի չի արժանացել, որքան հայազգի ռեժիսոր Վարուժ Քյարիմ Մասիհի «Վերջին վարագույր» ֆիլմը։

Իրանահայ համայնքը միասնական էր, հավաք, եռանդուն, որովհետև ուներ գաղափարախոսություն, ազգային արժեհամակարգ ու ազգային նպատակներ։ Ես, բնականաբար, հայկական դպրոց եմ հաճախել, որը մինչև ուղնուծուծը ազգային գաղափարների ու արժեքների շտեմարան էր…

Շատ բարի։ Մենք մոտ 25 տարի փորձում ենք հայրենիքում ազգային դպրոց կառուցել։ Մի դպրոց, մի քուրա, որով կանցնեն պատգամավորի որդին ու շինականի զավակը, բիզնեսմենի տղան ու բանվորի աղջիկը, ապագա մտավորականն ու դերձակը, զինվորականն ու վարորդը… Կգան տարբեր ընտանիքներից, բայց կդառնան նույն բարոյախոսության ու գաղափարախոսության կրողը… ձևավորելով վաղվա հայ հասարակությունը՝ կմեղմեն բարոյական և արժեհամակարգային բևեռացումը, կձևավորեն հայ մարդու հավաքական նկարագիրը…

Որքան էլ դպրոցական ծրագրերը ազգային շեշտադրումներ ունենան, որքան էլ դաստիարակությունը ռազմահայրենասիրական ուղղվածություն ունենա, սերնդի, ազգի կերպարը ձևավորելու է ազգային պատկանելության կրող, հայրենասեր ու ազգասեր ուսուցիչը։ Ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին դպրոցն է։ Ինչպիսին դպրոցն է, այնպիսին սերունդն է, ինչպիսին այսօրվա սերունդն է, այնպիսին վաղվա հասարակությունն է։ Մեր դպրոցի ուսուցիչները հասարակական գործիչներ էին, իսկական մտավորականներ, ազգապաշտ մարդիկ։ Հայրենիքի, ազգի հանդեպ իրենց պաշտամունքը փոխանցում էին դպրոցի սաներին։ Իմ հայերենի ուսուցիչը քերականության դասը 20 րոպեում ավարտում էր ու հայրենասիրական պատմավեպեր էր ընթերցում մեզ համար։ Դա սովորական ընթերցանություն չէր, բառերով դժվար է նկարագրել այն պաթոսը, ոգին, խանդավառությունը, որ փոխանցվում էր մեզ։ Ու պատահական չէ, որ իրանահայ հասարակությունը ներծծված էր հայկականությամբ։ Հայրս հասարակ մարդ էր, բայց երբ ընկերներով հավաքվում էին մեր տանը, նա բարձրաձայն ընթերցում էր Աշոտ Երկաթի մասին… շատ լավ հիշում եմ։

-Պարոն Խեչումյան, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր մշակութային գործունեությունը։

-Երբ ես մասնակցում էի Թեհրանի համալսարանի դերասանական բաժնի ազատ դասընթացներին, բարեբախտություն ունեցա ծանոթանալու բազմաթիվ պարսիկ մտավորականների և արվեստագետների հետ։ Իրանահայ ազգային-մշակութային միավորման շրջանակներում մենք բեմադրում էինք պիեսներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացնում պարսիկ հանդիսատեսի շրջանում։ Ուստի ես որոշեցի ներկայացնել հայկական թատերական արվեստը Իրանում և մոտ տասը տարի (1994-ից մինչև 2001 թվականը) պարբերաբար կազմակերպեցի հայկական թատերախմբերի ներկայացումները Իրանում, նրանք մասնակցեցին զանազան միջազգային փառատոների։ Հետպատերազմյան տարիներին հայ թատերական մշակույթի համար Իրանում կազմակերպված փառատոների մասնակցելը մի պատուհան էր դեպի մեծ աշխարհ, որը շատ կարևոր էր։ Մենք կազմակերպեցինք նաև իրանական թատերախմբերի մասնակցությունը հայկական փառատոներին՝ Շեքսպիրյան փառատոնին, Արմմոնոյին։

-Ես հիշում եմ Նազարզադեի «Ուսապարկով մարդը», որը մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում, սիրվեց։ Պատմեք, խնդրեմ, Ձեր թարգմանչական գործունեության մասին։ Պարսիկները շատ լավ գրականություն ունեն, պարսկական ֆիլմերը մրցանակների են արժանանում միջազգային փառատոներում, բայց մեր երկրի նույնիսկ մշակութային շրջանակները վատ գիտեն պարսկական արդի արվեստը։

-Իմ գործունեությունը միտված է հայկական մշակույթը Իրանում ներկայացնելուն։ Ես հրատարակել եմ 20 գիրք, որտեղ հայ դրամատուրգների պիեսներն են՝ պարսկերեն թարգմանությամբ։ Դրանց մի մասը բեմադրվել է Իրանում։ Պետք է նշեմ, որ Իրանի արվեստասեր հասարակությունը բարձր է գնահատում հայկական մշակույթը, դա ինձ ներշնչեց թարգմանելու նաև Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթները։ Շուտով լույս կտեսնեն ևս 12 հայկական պիեսներ՝ պարսկերեն թարգմանությամբ։

-Ձեր վերջին գործերից մեկը Օտյանի «Ընկեր Փանջունու» թարգմանությունն էր։ Գիրքը մեծ հաջողություն ունեցավ Իրանում, 48 օրվա ընթացքում բոլոր 1500 օրինակներն սպառվեցին, և 2000 օրինակ դրվեց ընթերցողի սեղանին։

-Այո՛։ Մենք հաջողությամբ կազմակերպում ենք նաև արդյունավետ շփումներ հայ և պարսիկ դրամատուրգների միջև։ Փոխայցերը հնարավորություն են տալիս ծանոթանալու հարևան երկրի մշակույթին և ներկայացնելու սեփական մշակույթը։

Ես զբաղվում եմ նաև պրոդյուսերական գործունեությամբ։ Մենք կազմակերպեցինք իրանական երեք ֆիլմերի նկարահանման աշխատանքները Հայաստանում (մեկը սերիալ էր)։ Իրանի լավագույն ռեժիսորներն ու դերասանները ամիսներ շարունակ աշխատեցին Հայաստանում, շփվեցին հայկական միջավայրի, մշակույթի, ժողովրդի հետ։ Նրանք Հայաստանից հեռացան ջերմ հիշողություններով ու գեղեցիկ տպավորություններով, և բոլորն էլ կապվեցին Հայաստանին։ Ինչպես և սպասվում էր, նկարահանումներից հետո նրանք դարձան Հայաստանի մշտական այցելուները և մեր ժողովրդի բարեկամները։

-Պարոն Խեչումյան, Իրանը մշակութային զարգացած երկիր է, որո՞նք են այն կարևոր առավելությունները, որոնք բնորոշ են մեր հարևան երկրին, և որի օրինակը պիտի վարակիչ լինի մեզ համար։

-Երբ Անկախության տոնից մի քանի օր առաջ եկա Հայաստան, փառավորվեցի, ամենուր հայկական դրոշներ էին, ամեն քայլափոխի ծածանվող եռագույնը հիշեցնում էր անկախ պետություն ունենալու պատասխանատվության ու պարտավորության մասին։ Սիրտդ լցնում էր հպարտությամբ, լավատեսությամբ, կամքով ու ուժով։ …Սեպտեմբերի 25-ին դրոշներն սկսեցին հավաքել։ Ես խորապես հուզված եմ։ Իրանում ամեն քայլափոխի ծածանվում է իրանական դրոշը՝ որպես թիվ մեկ հպարտություն և զգոնության է կոչում։ Ես հասկանում եմ, որ մենք փող ենք տնտեսում՝ դրոշները հավաքելով, բայց միշտ չէ, որ տնտեսելը արդարացվում է։

Ես «Հայ զինվոր» թերթի մշտական ընթերցողն եմ, միշտ հետաքրքիր նյութեր եմ գտնում թերթում, ուրախ եմ, որ այդ պարբերականն ազգային նկարագիր ու գաղափարախոսություն ունի։ Բայց երբ թերթը տպագրում էր իր հազարերորդ համարը, Երևանում և Հայաստանում ո՛չ մի պաստառ, ո՛չ մի ցուցանակ չազդարարեց, որ բանակի պաշտոնաթերթը՝ բանակի տարիքին, բանակի պես պատերազմի բոցերով անցած, խաղաղ բանակաշինության տարեգիրը իր հազարերորդ համարն է տպագրում։ …Երևանի ու մարզկենտրոնների փողոցներում ոչ մի զինվորի նկար չտեսա, մինչդեռ մենք հարաբերական խաղաղության մեջ ենք, մեր զինվորն այսօր սխրանք է կատարում, կյանքի գնով պաշտպանում է հայրենիքի սահմանները, զոհվում է՝ մինչև վերջին շունչը պայքարելով ադրբեջանցի զինված հրոսակախմբերի դեմ։ Ինչու ամեն քայլափոխի չցուցադրենք սահման պահող՝ առաջնագծում կանգնած զինվորի նկարը։ Ուրիշ էլ ի՞նչ ձևով պիտի բարձրացնենք հայ մարդու ոգին, ուրիշ էլ ի՞նչ ձևով պիտի սերունդ դաստիարակենք։

…Ուզում եմ խոսել նաև հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալների մասին և ուզում եմ համեմատել իրանական սերիալների հետ։ Ես հակիրճ կլինեմ՝ հայկական սերիալները քարոզում են չարություն, դաժանություն, հոռի բարքեր, ընտանեկան դավաճանություն, իսկ իրանական սերիալները՝ բարություն, հավատարմություն, նվիրվածություն։

-Պարոն Խեչումյան, Դուք արժանացել եք Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեդալին, գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալին, իսկ վերջերս պարգևատրվեցիք ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ Շնորհավորում եմ «Հայ զինվորի» և մեր ընթերցողների անունից և մաղթում եմ, որ այսուհետ էլ ավելի մեծ եռանդով ու հաջողությամբ շարունակեք Ձեր ազգաշահ մշակութային գործունեությունը և արժանանաք նոր պետական պարգևների ու մեդալների։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


02/10/2014