ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
-Շատ խիտ մառախուղ է, ես արդեն ոտքիս առաջը չեմ տեսնում: Ի՞նչ ես մտածում, նրանք մեզ տեսնո՞ւմ են:
-Էս բարձրության վրա հազիվ թե:
-Իսկ դու նրանց մոտիկից տեսե՞լ ես:
-Հա՛, մի քանի անգամ, մոտ հիսուն մետրից` երբ իջնում էին ներքև` լճից ջուր բերելու:
-Ու… չե՞ս կրակել:
-Չէ՛, չեմ կրակել:
-Իզուր, մի ամսից տուն ես գնում ու էլ նրանց վրա կրակելու հնարավորություն չես ունենա… Իսկ ես դեռ կես տարի ունեմ ու հաստատ ի՛մը բաց չէի թողնի:
-Քո՛ ընտրությունն է:
-Իսկ քոնը որն է` թշնամուդ ազատ թողնե՞լը… Ես քո տեղը կկրակեի, մեկով պակաս կթողնեի նրանց…
-…….
-Որ տուն գնաս, ինչո՞վ ես զբաղվելու:
-Իմ գործով` կնախագծեմ, կկառուցեմ. ճարտարապետ եմ, չէ՞…
-Զենքից հետո մատի՞տ, քանո՞ն…
-Մատի՛տն ու քանո՛նը որպես զենք… Ես չեմ կարող զենք բարձրացնել ջրի գնացող մարդու վրա, թեկուզ զինվոր լինի, թշնամի լինի…
-…Ու կարծում ես ճի՞շտ կանես, թե դրանով կհաղթե՞ս…
-Համոզվա՛ծ եմ:
-Համոզվա՞ծ ես…
-Ես ջուր կլցնեմ մեր ժողովրդի մեծ ջրաղացին, որ ավելի արագ պտտվի:
-Ջո՞ւր…
-Ես իմ մատիտով ու քանոնով կհզորացնեմ իմ երկիրը և դրանով էլ կթուլացնեմ թշնամուս…
-…Նրանք ի՞նչ դեմք ունեն:
-Իմ ու քո դեմքի պես…
-Չե՛մ հավատում:
-Ինչո՞ւ, որովհետև թշնամի՞ են:
-Հա՛:
-Չի՛ կարող պատահել, … Հետո ի՞նչ, թեկուզ մեզ նման լինեն, նրանք թշնամի են, կկրակե՛մ:
-…
-Ես չեմ նայի նրանց դեմքին, կկրակե՛մ…
-…
-Ասում եմ` կկրակե՛մ, կկրակե՛մ, կկրակե՛մ…
-Չէ, չե՛ս կրակի… ինձ նման… Ես էլ փորձեցի, բայց չկարողացա… Դու չես կարող կրակել ջրի գնացող թշնամուդ վրա… Ի՛նձ նման, ի՛նձ նման, ի՛նձ նման…
-….
Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային