Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԵՐԲ ԴԻՐՔԵՐԸ ԱՄՈՒՐ ԵՆ



Մարտական դիրքում եմ: ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությունն է: Զինվորներն ինձ ընդունում են ինչպես սպասված հյուրի: Նրանցից մեկն անմիջապես վառարանն է վառում, մյուսը արագ սուրճի պատրաստություն է տեսնում, երրորդն շտապում է ինձ կացարան ուղեկցել` ցույց տալու ծառայության պայմանները: Աչքիցս ոչինչ չի վրիպում: Պատին ամրացված դարակին շաշկու եւ շախմատի տախտակներն են: Տղաներն ասում են` յուրաքանչյուր հերթափոխ իր չեմպիոնն ունի: Իսկ ամենաերեւացող մասում կարդում եմ «զգուշացումը»` «Ուրբաթ 13. զգո՛ն եղիր»: Հասկանում եմ տղաներին. երբ թշնամին մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է, և քեզ են ուղղված նրա զենքի փողերը, քեզ համար ամեն բան` շաբաթվա օրը, վատ եղանակը, անպատեհ հայտնված թռչունը, խորհրդանշական թիվը, անգամ փռշտոցը յուրահատուկ իմաստ կամ մեկնաբանություն կարող է ստանալ: Երբ հարցուփորձ եմ անում, տղաները ուրախ ծիծաղում են: Նրանցից մեկը ձեռքը խփում է զենքի խզակոթին, այսինքն` մեր հույսը մեր զենքն է:

ԳՈՌ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

-Սովորույթ է… Հավատաս, թե չհավատաս նախանշաններին, պետք է զգոն լինես, քո ծառայողական պարտականությունները լավ իմանաս, հետևես բոլոր հրահանգներին… Մեր դիրքերը լավ են կահավորված, ամուր են բոլոր առումներով, բայց դիրքը մնում է դիրք…,- ասում է շարքային Հայկ Ղազարյանը:

Ես ըմպում եմ սուրճս` ականջս զինվորների` իրենց ընկերների, ծառայության դժվարությունների, ուրախ պահերի, ծննդավայրերի մասին պատմություններին … Եվ լսում եմ ինձ հարազատ, նաև բոլորովին անծանոթ գյուղերի ու ավանների անուններ… Նրանք պատմում էին, ու ես հանկարծ զգացի, որ այս տղաների շրջապատում, այս կացարանում ինձ չափազանց ապահով, հանգիստ ու պաշտպանված եմ զգում: Բոլորովին մոռացել էի մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող հակառակորդի մասին… Եվ պատճառը բնավ էլ մեր հենակետի դիրքային աննշան առավելությունը չէր, որ ինձ մանրամասն ներկայացրել էին զինվորները, այլ շուրջս բոլորած զինվորների ինքնավստահությունը…

Ես հրամանատարից՝ ավագ լեյտենանտ Անդրանիկ Քոչարյանից թույլտվություն եմ ստանում եւ, պահպանելով անվտանգության կանոնները, մտնում խրամաբջիջ: Հերթապահը շարքային Գոռ Հովասափյանն է: Նրան զորամասում բոլորն են ճանաչում. «Գոռն արդեն դեմ առ դեմ հանդիպել ու հաղթել է թշնամուն: Նա փորձ ունի, եւ նրա ներկայությամբ մենք մեզ ավելի համարձակ ենք զգում»: Վերջերս, երբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզախափանարար ներթափանցման փորձ, Գոռը դիտորդ է կարգված եղել: Հրամանատարը պատմում էր, որ հարձակման ժամանակ նա իր հաստիքային զենքով՝ գնդացրով, անձնվիրաբար վարել է մարտը, խոցել մի քանիսին… Եվ քաջության համար պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Չգրես, թե ես հայրենասեր եմ, հերոս եմ…- խնդրում է Գոռը. և սա նման դեպքերում ասվող լրագրողական ընդունված, հերթապահ նախադասություն չէ, այլ հենց ճշմարտություն:- Ես իմ գործն եմ արել… Էդ պահին ընկերներիս, իմ կյանքի մասին էի մտածում, բա հո չէի՞ թողնելու՝ դրանք առաջ գային… Հակառակորդի հատուկ ստորաբաժանումն էր… Նրանք իրենց առաջադրանքը ձախողեցին… Թող հետեւություններ անեն. եթե լավ պատրաստված, զինված հատուկ ջոկատայիններն են մեզ պարտվում, շարքայիններն ի՞նչ պիտի անեն…

Հրամանատարը պատմեց, որ մինչեւ զորակոչվելը Գոռը սպորտով է զբաղվել՝ կարատեով, մասնակցել է բազմաթիվ առաջնությունների` Հայաստանում և արտասահմանում, միշտ մրցանակային տեղեր է զբաղեցրել… Որ եթե ձեռքին զենք էլ չունենար, մի քանի հոգու հախից հաստատ կգար…

-Գո՛ռ, դու քսան ամիս արդեն ծառայել ես, շուտով զորացրվելու ես…Ինչո՞վ ես զբաղվելու, ի՞նչ երազանք ունես…

-Ուզում եմ ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվել… Տեսնես՝ կստացվի՞…

Հրամանատարը ժպտում է, ձեռքը դնում զինվորի ուսին.

– Իհարկե, կստացվի…

Մյուս խրամաբջիջում կանգնած է ջոկի հրամանատար, դիրքի ավագի օգնական Նարեկ Խաչատրյանը: Նա ինձ է մեկնում հեռադիտակը եւ հարցնում.

-Երբեւէ հակառակորդին տեսե՞լ ես…

Ես ուշադրությունս լարում եմ, բայց ոչինչ չեմ նկատում, նա մատով ուղղություն է ցույց տալիս…

-Այսքան մոտի՞կ են,- աչքերիս չեմ հավատում:

ՎԱՆԻԿ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

-Ասես՝ մի բակի հարեւաններ լինենք, չէ՞,- կատակի է տալիս Նարեկը:- Երկու ամիս է՝ մարտական հերթապահություն եմ իրականացնում եւ կարող եմ ասել՝ «Սատանան այնքան վախենալու չէ, որքան թվում է» (ժպտում է)… Կրակում են, շատ են կրակում, հատկապես գիշերը… Կրակում են իրենց ապահովության համար, ուզում են ցույց տալ, թե դիրքում են: Բայց մենք գիտենք, որ խրամատում մարդ չկա կանգնած, կացարանում քնած են…

Նարեկն առաջարկում է կողքի խրամաբջիջ էլ գնալ, որտեղ Վանիկ Մարինոսյանն է կանգնած…

-Տան միակ տղան է: 23 տարեկան: ԵՊՀ-ում էր սովորում, մագիստրատուրա ընդունվեց, բայց եկավ բանակ… Ես նրան շատ եմ վստահում, շատ հոգատար է, հասնող, նաեւ մեզ համար համով ճաշեր է եփում…

Երբ Վանիկին փոխանցեցի ընկերոջ խոսքերը, դեմքին ուրախության ժպիտ նկատվեց:

-Եթե ուզում ենք հաղթել, ուրեմն պարտավոր ենք միմյանց հանդեպ մեծահոգի լինել, իրար եղբոր պես հարգել, մեր կյանքը կողքինին վստահել… Դիրքերում ընկերությունը ավելի քան մեծ կարևորություն է ստանում…

Ես հրաժեշտ եմ տալիս զինվորներին` անփորձանք ծառայություն մաղթելով, և վերադառնում մայրաքաղաք: Եվ մայրաքաղաքի կյանքը, աղմուկ-աղաղակը ինձ անմիջապես առնում են իրենց հորձանուտի մեջ: Բայց ես դեռ կոշիկներիս վրայից թափ չեմ տվել դիրքերի փոշին…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ազգային բանակ


02/10/2014