«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ» նամակ-շարադրության մրցանակակիրներ
…Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…
Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։
Ձեզ սիրող, ձեզնով հպարտացող,
ձեր վերադարձին հավատով սպասող, ձեր գործը շարունակող՝
Երևանի Ս. Կապուտիկյանի անվ. N 145 դպրոցի
11-րդ Ա դասարանի երախտագետ աշակերտներ
♦♦♦
Ամենափոքր երկիրն անգամ պետք է ունենա իր բանակը, միայն բանակի գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն։ Թող խաղաղություն տիրի աշխարհում, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության ու հպարտության արցունքները՝ ողողված անսահման հավատով…
Լյուսի Աշոտի Պետրոսյան
Երևան, Պուշկինի անվ. N 8 հ/դ, 9-րդ դասարան
♦♦♦
…Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի։ Հավատում եմ քեզ, զինվո՛ր, դու դարձար հայոց բանակի հիմքն ու հենասյունը, բանակ, որը մի կուռ կառույց է, ոգեշունչ մի դարբնոց…
Ռազմիկ Շիրակի Բաղդասարյան
Երևան, N 171 հ/դ, 9-րդ դասարան
♦♦♦
Սիրելի զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե։ Ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը։ Եվս մի քանի տարի, և ես կկանգնեմ քո տեղը, և կշարունակեմ քո գործը։ Ես հավատում եմ քեզ, որ դու ամուր կպահես իմ երկրի սահմանները, որ պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առաջ պարտքդ, մինչ հերթափոխի կգամ ես…
Ռաֆիկ Գնելի Կիրակոսյան
Երևան, Մ. Մանուշյանի անվ. N 48 մ/դ, 8-րդ դասարան
♦♦♦
…Իմ զինվոր եղբայր, հավատում եմ, որ եթե դու ես զենքը ձեռքիդ պահպանում հայրենիքի անդորրը, ոչ մի ելուզակ չի համարձակվի ոտքը դնել մեր սուրբ հողին։ …Զինվոր դառնալը հայի համար առաքելություն է։ Հավատում եմ քեզ, զինվոր, աղոթում եմ մեր հայրենիքի ու քեզ համար…
Իռեն Արթուրի Խաչատրյան
Երևան, Ն. Աղբալյանի անվ. N 19 հ/դ., 11-րդ դասարան
♦♦♦
…Ես հավատում եմ քեզ, հայ զինվոր, հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ Վարդանի ոգուց մի կայծ կա, մի վառվող բեկոր, Սասնա ծռերի խենթությունը կա, նրանց դյուցազնական ուժի ու զորության մի մասնիկը, ֆիդայիների՝ հանուն հայրենիքի նահատակվելու պատրաստ մաքառելու իմաստությունը…
Նաիրա Գևորգի Գյադուկյան
Երևան, Գայի անվ. N 129 հ/դ, 9-րդ դասարան
♦♦♦
… Մենք բոլորս երդվյալ զինվորներ ենք այս սուրբ հողի։ Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ է գծվել, ու այդ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է։
Տաթև Լյուդվիգի Ասրյան
ԼՂՀ, Ստեփանակերտ, N 8 ա/դ, 11-րդ դասարան
♦♦♦
… Մենք հավատում ենք քեզ, հայ զինվոր, հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։ Ամեն ինչ՝ քեզ համար, զինվո՛ր, որ դու քո թիկունքին զգաս մեր տաք շունչը, զգաս, որ մենակ չես։ Ու նաև հավատաս։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն Արցախի բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման…
Լիլիա Սամվելի Մանգասարյան
ԼՂՀ, Ասկերան, Խնապատի դպ.,
11-րդ դասարան
♦♦♦
…Դու աշխարհ եկար, թանկագին զինվոր, երբ հայրդ չկար, բայց դու ապրեցիր, զինվոր էլ դարձար, շատ շուտ հասկացար, որ կա հայրենիք, որ պիտի պաշտես, նաև պաշտպանես այդ մի բուռ հողը, որ սրբագործվեց հորդ արյունով, մորդ արցունքով ու «մայրիկ» կանչող քույրիկիդ զրնգուն ձայնով։
Մութ ու խավար տարիներին ծնված հայ երիտասարդ, այսօր դու զինվոր ես դարձել, հավատում եմ քեզ, քո հաղթանակին, հայրենիք կերտող քո անհաղթ բազկին…
Մերի Հրաչի Հոպալյան
Արարատ, Արալեզի մ/դ, 10-րդ դասարան
♦♦♦
… Ոգու հերոսացումը պարզապես անպատմելի է ու անթարգմանելի։ Ես նահատակ զինվորներին փորձում եմ փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, փորձում եմ տեսնել նրանց հայացքը, աչքերը, հագուստը։ Ախր նրանք միշտ էլ եղել, ապրել, ապրում և ապրելու են։ Նրանք անմահության ու հավերժության ճամփան են ընտրել։ Դո՛ւ, հայ զինվոր, այսօր երդում ես տալիս. «Երդվում եմ մինչև արյանս վերջին կաթիլը կռվել ու մեռնել հայրենիքիս համար»։ Ես քույրդ եմ հարազատ։ Ու հարազատի նման հավատում եմ, որ դու հայրենիքի ազնիվ, ճշմարիտ պաշտպանն ես։ Ես սիրում եմ առյուծասիրտ, քաջ զինվորին։ Հավատս անկոտրում է։
Քրիստինա Զավենի Մինասյան
Երևան, N 170 ա/դ, 11-րդ դասարան
♦♦♦
Ես վստահում եմ քեզ, զինվո՛ր, ես վստահ եմ, որ դու հաղթանակների զինվորն ես։ Կարևոր չէ զորքի քանակը և մանրամասն մշակված ռազմական ծրագիրը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը՝ արդար է նրա կռիվն ու հաղթանակը՝ անխուսափելի…
Դավիթ Հմայակի Գևորգյան
Երևան, Պուշկինի անվ. N 8 հ/դ,
11-րդ դասարան
♦♦♦
… -Արամ ջան, գիտես՝ ով է զինվորը։ Զինվորը Ավարայրի արծիվ Վարդանն էր ու Արաբոն, Անդրանիկն ու Գևորգ Չաուշը, Մոնթեն էր ու Վազգեն Սարգսյանը, որոնք ազգի ցավն ու նահատակվածների հերոսական ոգին՝ հայրենիքի ազատության համար, ունեին իրենց սրտում, ժողովրդի հավատն ու օրհնանքը՝ իրենց ճանապարհին։ Հիմա դու էլ ես իսկական զինվոր, դո՛ւ, որ կյանքովդ կյանք ես փրկում՝ հասկանալով, գիտակցաբար… Ես էլ եմ հավատում քեզ…
Ջուլիետա Հովսեփի Սարգսյան
Երևան, Դ. Դեմիրճյանի անվ. N 127 հ/դ, 9-րդ դասարան
♦♦♦
… Ես համոզված եմ և հավատում եմ, որ մեր հայրենիքի պաշտպանության դժվարին ու վսեմ գործը հուսալի ձեռքերում է։ Հպարտությամբ եմ համակվում ամեն անգամ, երբ լսում եմ մեր բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակ լինելու մասին։
Հզոր ու անպարտ է մեր բանակն ու նրա զինվորը, քանի որ հայ զինվորների երակներով հոսում է ազատատենչ Հայկի ու նրա ժառանգների արյունը, որը հանապազ ազատություն ու անկախություն է ճչում։
Քրիստինա Մխիթարի Խաչատրյան
ԼՂՀ, Շուշիի Մուրացանի անվ. ա/դ, 10-րդ դասարան
♦♦♦
Բազում կրակների ու ավերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար, որովհետև «գալիքի ճամփորդներին» է վիճակված բազմապատկելու մեր բոլոր հաղթանակները։
Հաղթանակը Արցախ աշխարհ եկավ հայ զինվորի խրոխտ քայլերին զուգընթաց։ Արցախի զինվորը իր գերբնական ուժը ստանում է իր հարազատ հողից ու դրանով իսկ անպարտելի է։
…Ամեն մեկս յուրովի պիտի ապացուցի իր հայրենասիրությունը, զինվորը՝ զենքով, հողագործը՝ աշխատանքով, շինարարը՝ կառուցելով, իսկ մենք՝ դպրոցականներս՝ գիտության բարձունքները նվաճելով. հաղթում են ոչ միայն պատերազմում, այլև՝ ուսմամբ…
Վարսինե Վարդանի Հայրապետյան
ԼՂՀ, Ստեփանակերտի N 11 դպրոց, 11-րդ դասարան
♦♦♦
…Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, մենք հավատում ենք, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին։ Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…
Նարինե Նորայրի Արզումանյան
ԼՂՀ, Շուշիի Մուրացանի անվ. դպ., 11-րդ դասարան