Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՔԱՅԼ



Ադրբեջանաիրանական հարաբերությունները գնալով լարվում են: Ադրբեջանը շարունակում է հակաիրանական քայլեր ծավալել, իսկ թե ինչպե՞ս է Իրանը հակադարձում Ադրբեջանի հակաիրանական կեցվածքին, ինչո՞վ է պայմանավորված հատկապես վերջին տարիներին դրսեւորվող ակնհայտ լարվածությունը, մեր աշխատակից Շուշան Ստեփանյանին պարզաբանել է իրանագետ ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆԸ:

-Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանում գոյություն ունեցող հակաիրանական տրամադրություններն զգալի աճ են գրանցել: Այդ լարվածությունը գերազանցապես Ադրբեջանի իշխող վերնախավի անհավասարակշիռ արտաքին և ներքին քաղաքականության հետևանք է: Պաշտոնական Բաքվին ուղեկցում են ձախողումներն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում, ուստի նա փորձում է հասնել իրավիճակի փոփոխության՝ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու միջոցով: Այդ տեսանկյունից Ադրբեջանի համար Իրանը հարմար թիրախ է ընկալվում, քանի որ Բաքուն հույս ունի Թեհրանի տարածքային ամբողջականության հաշվին փոխլրացնել իր բոլոր ձախողումները՝ հավակնություններ դրսևորելով պատմական Ատրպատականի նկատմամբ: Այդ ուղղությամբ Ադրբեջանում հստակ աշխատանքներ են տարվում, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, որոնց ընթացքում հնչում են բացահայտ հակաիրանական հայտարարություններ: Համոզված եմ, որ Բաքվի այդ քաղաքականությունը վաղուց տապալված կլիներ, եթե այն օժանդակություն չստանար և չխրախուսվեր հարևան Թուրքիայի կողմից: Այստեղ հաշվի են առնվում նաև Թուրքիայի քաղաքական-գաղափարական գործունեության անհաջողություններն ու այդ երկրի նկատմամբ վստահության բացակայությունն արաբամահմեդական աշխարհում: Չի կարելի ասել, թե Իրանում չեն գիտակցում առկա սպառնալիքները: Վերջերս Թավրիզի համալսարանի պատմության և մշակույթի ամբիոնի վարիչ Մոհամադ Ալի Փորղուն «Ադրբեջանի դերն Իսլամական հեղափոխության ընթացքում» խորագիրը կրող գիտաժողովի շրջանակներում խստագույնս դատապարտել է Ադրբեջանի հակաիրանական գործողությունները՝ զգուշացնելով, որ դրանց շարունակականության դեպքում իրենք հակընդդեմ քայլերի կդիմեն: Ինչպես նշել է պատմության և մշակույթի ամբիոնի վարիչը, նաև կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակը իրանական Ատրպատականի պատմամշակութային ինքնության գիտական հիմնավորումը կլինի: Երկու նկատառում: Առաջին. Իրանում սկսել են ավելի ուշադիր լինել հյուսիսից եկող ակնհայտ ոտնձգությունների նկատմամբ և որոշել են զսպողական քայլեր իրականացնել: Երկրորդ. իրանցի մտավորականների և պաշտոնյաների շուրթերից հնչող մեղադրանքներն ավելի ու ավելի հաճախ են ուղղվում անմիջականորեն պաշտոնական Բաքվին, այլ ոչ ծայրահեղ-արմատական հայացքներ ունեցող առանձին անհատների կամ խմբերի:

Հատկանշական է նաև, որ Ադրբեջանն Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելիս փորձում է հենվել «կրոնական եղբայրության և համերաշխության» սնանկ և չհիմնավորված գաղափարի վրա, որն ապագայում կարող է աշխատել իր իսկ դեմ: Եթե Բաքուն իր առջև խնդիր է դրել այսպես ասած «վերամիավորել Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները», ապա Իրանը կարող է դեմ չլինել դրան, եթե այդ միավորը լինի իրանական պետության կազմում՝ Թեհրան մայրաքաղաքով: Առավել ևս, որ այդ մասին Իրանից հստակ ակնարկներ են եղել:

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


09/10/2014