Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍԵՍ ՀՈԳՈՎ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԷՐ ՍԱՍՈՒՆ…



Գնդապետ Տարոն Խաչատրյանի հիշատակին

-1989թ.-ի աշունն էր: Գնացել էինք Մեղրիի Ծիրանաձոր գյուղի դիրքերը: Գյուղը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Սահմանը հսկում էին ռուս սահմանապահները, որոնք քարանձավում նստել էին հացի: Սարի լանջին մի զով քարանձավ կա, որն իր ներսում պահում է սառնորակ մի աղբյուր: Խոսքով տարված` վիլիսով անցանք կամուրջը և հայտնվեցինք Նախիջևանի տարածքում,- վերհիշում է Աֆոն` Ալֆրեդ Ներսիսյանը: -Ժայռերից սկսեցին մեզ վրա կրակել: Մենք արագ իջանք վիլիսից և դիրքավորվեցինք ժայռերի թիկունքում: Թվաց՝ մեր ավտոմատների համազարկերից լռեց թշնամին, սակայն, երբ ուզում էինք ետ դառնալ, նկատեցինք, որ Տարոնը չկա: Հայացքներս դիմացի ժայռերին՝ լարված սպասման մեջ փորձում էինք որոշել մեր անելիքը, երբ տեսանք, որ բարձունքից դեպի մեքենան է իջնում Տարոնը: Արագ մեքենան շրջադարձ կատարեց: Տարոնին վերցնելով՝ կամրջով ետ դարձանք: Ռուս սահմանապահները դուրս էին եկել քարանձավից ու ժպիտով մեզ էին դիմավորում:

-Քիչ մնաց Օրդուբադը գրավեիք: Ադրբեջանցիները պոստերը թողած փախչում էին,- ասացին սահմանապահները:

Այդ օրերին անգամ որսորդական հրացաններն էին ստուգում, առգրավում, էլ ուր մնաց ավտոմատները, սակայն, ի զարմանս մեզ, նրանք այդ մասին ոչինչ չակնարկեցին, և մենք բարեհաջող ետ դարձանք: Իսկ Տարոնը ոգևորության մեջ էր, ձեռքերն օդում թափահարելով՝ կրկնում էր. «Ա՜խ, նոր հոգիս փառավորվեց…»:

Պարզվեց` երբ մեզ վրա սկսում են ադրբեջանցիները կրակել, Տարոնը պահը չկորցնելով, շրջանցում է ու թիկունքից մոտենալով թշնամուն` նրանցից մեկին տապալում է ձորը: Մյուսներն էլ դա տեսնելով` դիմում են փախուստի: Ահա թե ինչու էր թշնամին հանկարծակի լռել…

Տարոնի ոգևորությունը չափ ու սահման չուներ: Հետդարձին ջոկատի տղաներով լուսանկարվեցինք: Հիմա ինձ թվում է, թե Տարոնը այդ լուսանկարում հոգով ասես սավառնում է դեպի Էրգիր, դեպի Սասուն…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Պատմության էջերից


09/10/2014