ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ
Զանգը որ տվեցին, Թահերեն մոտեցավ ինձ, ասես ոչինչ էլ չէր պատահել. «Որտեղի՞ց ես գտել»։
Ցուցամատս մտցրի բերանս, հանեցի ու թափ տվեցի, այսինքն` խռով եմ։ Թահերեն դունչը տնկեց ու այնպես թափով երեսը շուռ տվեց, որ երկար հյուսքերը խփվեցին երեսիս։
Երկրորդ դասամիջոցին, բակի պատին հենված, տխուր ու անտրամադիր նայում էի առաջին դասարանցիների խաղին։ Թահերեն թելադրության տետրակներն էր բաժանում։ Աչքի տակով հետևում էի, թե երբ ինձ կհասնի։ Դեռ նեղացած էի նրանից։ Ծիծաղելով մոտեցավ. «Տասնինն ես ստացել»։
Ցուցամատս նորից մտցրի բերանս, հանեցի ու այս անգամ երկու անգամ թափ տվեցի։ Այսինքն` շա՜տ խռով եմ։ Մինչև դասերի վերջը Թահերեն նույնիսկ իմ կողմը չնայեց։ Վերջին զանգից հետո պայուսակը վերցրեց ու բոլորից շուտ դասարանից դուրս թռավ։
Ե՛վ զայրացած էի, և՛ զղջում էի արարքիս համար. զայրացել էի խռովելուս և զղջում` համառելուս վրա։ Հորս խոսքերը մտաբերեցի, որ ինձ անընդհատ ասում էր. «Տղամարդ ասվածը հպարտություն է և ուրիշ ոչինչ»։ Երբ արդեն պայուսակս վերցրել էի, հիշեցի նաև մորս խոսքերը. «Տղամարդիկ իրենց հիմարությունների անունը հպարտություն են դնում»։
Դասարանից դուրս էի գալիս ու ինքս ինձ մտածում, թե ո՞վ է նրանցից իրավացի, երբ հանկարծ մեկը «փը՛խկ» արեց ու դեմս կտրեց։
Սարսափից քարացա։
-Վախեցա՞ր,- ասաց Թահերեն ծիծաղելով։
Չսպասեց` պատասխանեմ, ոտքը խփեց գետնին ու ասաց.
-Հիսուսի սիրուն, արի՛ հաշտվենք։
Հետո ձեռքը դրեց ուսիս ու վիզը ծռեց. «Դու իմ ամենալավ ընկերն ես, չէ՞»։
Ես երազում էի, որ Թահերեն մենակ իմ ընկերը լինի։ Դա բոլոր տղաների երազանքն էր ու նաև այն աղջիկների, որոնք խորամանկ ու նախանձ չէին։ Ես իմ ճկույթը նրան մեկնեցի։ Նա էլ իր ճկույթը մոտեցրեց իմ ճկույթին։ Ճկույթներս իրար միացրինք, երեք անգամ թափահարեցինք ու երեք անգամ միասին բարձրաձայն ասացինք. «Հաշտվո՛ւմ ենք»։
Մտածում էի` ինչ լավ բան է, երբ հոգս ու մտածմունք չունես, մեկ էլ հանկարծ զատիկը միտքս ընկավ։ Սկսեցի վազել։ Վերջին աստիճանի մոտից գոռացի. «Կհանդիպենք երեկոյան` բակում»։
Թահերեն երկրորդ հարկի միջանցքի բազրիքների արանքից ինձ էր նայում։ Դպրոցի դռնից դուրս էի թռչում, երբ գլխով բախվեցի հորս կրծքին.
-Ի՞նչ է պատահել։
-Ոչինչ,- ասացի։- Բարև։ Ոչինչ էլ չի պատահել։
Կողքովն անց էի կենում, մեկ էլ թևս բռնեց. «Գնում ենք սափրիչի»։
Աշխարհի վիշտն ասես սրտիս ծանրացավ: Հիմա արդեն զատիկս հաստատ կսատկի։
Ասացի. «Տուն մտնեմ ու շուտ գամ»։
-Ինչո՞ւ, ի՞նչ գործ ունես։
-Ոչի՛նչ, պայուսակս տանեմ սենյակ ու գամ։
Հայրիկս մեր տան դուռը բացեց, պայուսակս ձեռքիցս առավ, դրեց դռան ետևն ու ասաց. «Դե՛, ճամփա ընկիր»։
Վախենում էի զատիկի մասին խոսել։ Եթե իմանար, կգնար, զատիկի գլխին կկանգներ, ու եթե խեղճը դեռ չէր սատկել, հաստատ կսատկացներ ու կասեր. «Հազար անգամ ասել եմ, որ ես էսպիսի ծռտիկ-մռտիկ բաներ չեմ սիրում»։ Հետո էլ անպայման մորս հետ կկռվեր. «Մեղավորը դո՛ւ ես։ Դո՛ւ ես նրան էսպիսի զիզի-բիզի, աղջկական բաների սովորեցրել»։
Սափրիչը` աղա Ռեզան, մազերս երկրորդ համարի մեքենայով խուզում էր: Հայրս ու պարոն Աբրահամը զրուցում էին` փայտե խարխուլ աթոռներին նստած։
Պարոն Աբրահամը իմ համադասարանցու` Անուշի հայրն էր` գիրուկ, գզգզված մազերով այդ աղջկա, որ բոլորի հետ կռվում էր ու Թահերեի ետևից էլ անընդհատ ասում էր` «Էն մահմեդական պահակի աղջիկը»։ Ինձ հետ էլ առանձնապես լավ չէր: Անցած շաբաթ` դասամիջոցին, երբ եկեղեցու դեմի սալահատակին «կլաս» էինք խաղում, Թահերեն ու Անուշը վիճեցին: Ես Թահերեին պաշտպանեցի: Իսկ Անուշը երեխաների ներկայությամբ բղավեց. «Մի հոգի` մինուճարի՜կ, ոսկեհատի՜կ, սիրահարվել է մահմեդական պահակի աղջկան»։ Մինչ ես անելիքս էի մտածում, Թահերեն մի այնպիսի ուժեղ ապտակ հասցրեց Անուշի երեսին, որ քթից արյունը ֆշշաց:
Դպրոցի տեսուչը, ուսուցիչները վազեցին բակ։ Մեկը թրջոց դրեց Անուշի ճակատին։ «Ի՞նչ է պատահել»,- հետաքրքրվեց տեսուչը։ Անուշը լաց լինելով, ճչալով ու տնքալով ասաց, որ Թահերեն իրեն ծեծել է։ Տեսուչը նայեց Թահերեին, որ գլուխը կախ, ձեռքերը ետևում իրար ագուցած` կոշիկի ծայրով գետնի ավազն էր քչփորում։ Ինչքան էլ տեսուչն ու ուսուցիչները փորձեցին Թահերեից իմանալ, թե ինչու է Անուշին ծեծել, նա լռեց, ոչ մի բառ չասաց։ Այդ օրն առաջին անգամ մեր դպրոցի տեսուչը Թահերեին պատժեց։ Դա այնքան զարմանալի էր, որ բոլորը մոռացան վեճի բուն պատճառը։
Պարոն Աբրահամը հորս ականջին անընդհատ քչփչում էր։ Հայելու մեջ ես նրանց տեսնում էի։ Հանկարծ վախեցած մտածեցի. «Չլինի՞ հանկարծ Անուշը հորը պատմել է, ու հիմա պարոն Աբրահամն այդ նույնը հորս է պատմում»։
Հորս փռթկոցը սիրտս հանգստացրեց։ Նա ծիծաղելով ձեռքը դրեց պարոն Աբրահամի ծնկին ու ասաց. «Սո՜ւտ ես ասում։ Դե՛ Հիսուսով երդվիր»։
Պարոն Աբրահամն էլ ծիծաղեց. «Խաբո՞ւմ եմ։ Այդ պատմությունը վկա ունի»։
-Ո՞վ։
Եվ Անուշի հայրը գլխով ձախ կողմը ցույց տվեց։
Աղա Ռեզայի վարսավիրանոցի ձախ կողմում` դպրոցի ու եկեղեցու ճիշտ դիմացը, տիկին Գրիգորյանի զովացուցիչների խանութն էր։ Նա իմ տատի ամենամտերիմ ընկերուհին էր և ապրում էր խանութի երկրորդ հարկում։
Աղա Ռեզան գոռաց աշակերտի գլխին, որ փողոցն էր ավլում, և Գիլանի բարբառով հայհոյեց։
-Գիշերը հո խանութը փակ է եղել,- ասաց հայրիկս։
-Վերևի պատուհանից է տեսել։
-Պահակի կինն ի՞նչ է ասել։
-Սկզբում լաց է եղել, հետո էլ թե` «Չե՞ս ամաչում, հորս տարիքին ես»։
-Իսկ տիկին Գրիգորյանն ի՞նչ է ասել։
-Ասել է` թո՛ւհ, թքեմ երեսիդ։
Հայրիկս ու պարոն Աբրահամը միասին երկու ձեռքով խփեցին իրենց ծնկներին ու հռհռոցով ծիծաղեցին։ Հայրիկս ասաց.
-Ուրեմն` Սիմոնյանը դեռ…
Պարոն Ռեզան վարսավիրի սպիտակ ու մեծ գոգնոցը վզիցս հանեց:
Հայրիկս փող դրեց աղա Ռեզայի բուռն ու ինձ դառնալով` ասաց. «Դու տուն գնա։ Մորդ էլ կասես, որ երեկոյան կուշանամ, հյուր են կանչել»։
Չգիտեմ` ինչպես փողոցը կտրեցի անցա։ Տան դուռը բաց էր։ Ոտքով մի կողմ շպրտեցի պայուսակս, վազքով բակը կտրեցի ու փայտե սանդուղքով մեկումեջ թռչելով` վերև բարձրացա։ Խոհանոցի բաց պատուհանից տատիս ու մորս տեսա։ Մինչ կհասցնեին որևէ բան հարցնել, ինձ սենյակ գցեցի։ Լուցկու տուփը բացեցի, գլուխս առա ափերիս մեջ ու լաց եղա։
Երբ սենյակի դռան ձայնը լսեցի, մի պահ վախեցա. եթե հայրիկս տեսներ, որ լաց եմ լինում, ձեռք կառներ, կասեր. «Տղամարդը լաց չի՛ լինի»։
Մայրիկս էր։ Նա լաց լինելուս համար երբեք ինձ վրա չէր ծիծաղում։ Ինքն էլ, երբ տանը մարդ չէր լինում, երբեմն լաց էր լինում։ Երբ ձեռքս դնում էի ուսին ու հարցնում էի. «Ինչո՞ւ ես լալիս», թեթևակի ժպտում էր. «Սիրտս տխուր է»։
Մայրիկս ձեռքը ուսիս դրեց ու հարցրեց. «Ի՞նչ է պատահել»։
Զատիկը ցույց տվեցի։
Լուցկու տուփը վերցրեց. «Խե՜ղճ»։
Ավելի ուժեղ լաց եղա. «Ես եմ մեղավոր. եթե պարտեզում թողնեի, եթե տուփի մեջ չգցեի, եթե գոնե տուփի վրա անցքեր բացեի…»։
Մայրիկս գլուխս շոյեց: «Եթե»-ն ցանեցինք՝ կանաչեց… Ի վերջո, մի օր բոլորս էլ մեռնելու, այս աշխարհից գնալու ենք… Վե՛ր կաց, վե՛ր կաց, գնա՛ տատիդ բարևիր… Արագացրո՛ւ, թե չէ` հանկարծ գիշերն էլի խոսք ու կռիվ կլինի»։
ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴ
Իրան
Թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Հոգևոր-մշակութային