Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՊԵՏԸ



Գնդապետ Հրանտ Աղաջանյանն այսօր 84 տարեկան է:

Ես անձամբ ճանաչում եմ զինվորական գործին, իր բանակին ու իր հայրենիքին անմնացորդ նվիրված այդ մարդուն: Ճանաչում եմ ու հպարտ եմ դրա համար: Նա պարզապես զինվորական չէ, նա Ուսուցիչ է, ռազմական արվեստի գիտակ: Նրա սաներն արդեն վաղուց գնդապետի աստիճանի են բարձրացել ու շարունակում են իրենց ուսուցչի սկսած գործը` ավելի են հզորացնում ազգային բանակը եւ մեծացնում նրա փառքը:

Գնդապետը ծնվել է Սյունյաց աշխարհի Այգեձոր գյուղում: Յոթնամյակն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում: Կրել է Հայրենական պատերազմում զոհվածի ընտանիքի երեխայի ողջ տառապանքը: 1950 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ: Սովորել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանում: Անցել է զինվորականի դժվարին, բայց պատվավոր ուղի` լեյտենանտից մինչեւ գնդապետ, դասակի հրամանատարից մինչեւ զորամիավորման մարտական պատրաստականության բաժնի պետ:

Անուրանալի է գնդապետի վաստակը արցախյան հաղթանակում: Նրան է վստահվել Սելիմի լեռնանցքի պաշտպանությունը: Նրա հրամանատարությամբ գործող գումարտակները կարողացել են առանց կորուստների կարճ ժամանակում թշնամուն դուրս մղել: Ասում են` երբ ուղղաթիռով տարածքը հետախուզող Վազգեն Սարգսյանը այդ ամենը տեսել է, զարմացած բացականչել է. «Գնդապետ Աղաջանյան, պատերազմից հետո ես Ձեզ գեներալի կոչում եմ շնորհելու…»: Ցավոք, Վ. Սարգսյանը չհասցրեց իր խոստումը կատարել, թեեւ սպարապետի նման գնահատականը ավելի քան բարձր է ցանկացած կոչումից, թեկուզ՝ գեներալի:

Գնդապետ Աղաջանյանը գեներալ է ոգով, վաստակով եւ իր մարդկային վեհ նկարագրով:

2005 թվականին անցել է վաստակած հանգստի, սակայն չի կտրվել իր հարազատ բանակից եւ իր ավելի քան հարուստ փորձառությունն ու գիտելիքները ծառայեցրել է մատաղ սերնդին` աշխատելով «Փոքր Մհեր» ՊՌԱԿ կրթահամալիրում եւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Երկար կյանք քեզ, հա՛յ զինվոր, եւ խորին շնորհակալություն հայրենիքին անմնացորդ նվիրվելու համար:

ԲՈՐԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ազգային բանակ


09/10/2014