Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՍԿԱՐԱԿԻՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐՈՒՄ



Ըստ ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանի, վերջնական մշակման փուլում է Կոմիտասի կյանքի մասին պատմող լիարժեք կինոնկարի սցենարը: Նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ու կավարտվեն 2015 թվականին:

Կինոնկարի հեղինակների գերխնդիրը Կոմիտաս վարդապետի հավաքական կերպարի ստեղծումն է և նրա ողբերգական ճակատագիրը որպես եղեռնի հետևանք ամրագրումը: Կոմիտասին մարմնավորելու է հանրահայտ Էդրիան Բրոուդին: Նա ծանոթացել է սցենարին և այդ դերում հանդես գալու հավանություն տվել: Ֆիլմում հանդես կգան նաև այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են ֆրանսիացի աշխարհահռչակ դերասաններ Ժերար Դեպարդյեն և Ժան Ռենոն:

Կինոնկարի առանցքային կերպարներից մեկը` Փարիզի հոգեբուժարանի բժշկի դերը կվստահվի հռչակավոր Ալեն Դելոնին: Նույնքան կարևոր դեր կմարմնավորի դարձալ հռչակավոր դերասան Դասթին Հոֆմանը:

Կինոնկարը, որի բյուջեն կազմելու է 17 միլիոն դոլար, կնկարահանեն աշխարհահռչակ ռեժիսորներ կա՛մ Միլոշ Ֆորմանը, կա՛մ Ռոման Պոլանսկին:

Երաժշտությունը գրելու է սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

ՄԻԼՈՇ ՖՈՐՄԱՆ

Ռեժիսորին համընդհանուր փառք է բերել «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) ֆիլմը, որը միանգամից արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի 5 «Օսկարի»` լավագույն կինոնկար, ռեժիսոր, սցենար և դերասաններ անվանակարգերում: Այս կինոնկարը համարվում է ամերիկյան կինոյի գլուխգործոցներից մեկը: Ռեժիսորը երկրորդ «Օսկարին» է արժանացել Մոցարտի կյանքի մասին պատմող և մեզ քաջ հայտնի «Ամադեուս» կինոնկարի համար: Իսկ ֆիլմն արժանացել է ութ «Օսկարի»:

ԺԱՆ ՌԵՆՈ

Իսպանական ծագումով ֆրանսիացի դերասան: Նրան մեծ ճանաչում է բերել ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմը: Դերասանը հրաշալի դերեր է մարմնավորել «22 գնդակ», «Եկվորները» և բազմաթիվ այլ կինոնկարներում:

ԷԴՐԻԱՆ ԲՐՈՈՒԴԻ

Ամերիկացի միակ դերասանն է, որ միաժամանակ թե՛ «Օսկարի», թե՛ «Ցեզարի» է արժանացել լավագույն դերասան անվանակարգում: Դերասանին համաշխարհային փառք է բերել հրեա-լեհ կոմպոզիտոր Վլադիսլավ Շպիլմանի մարմնավորած դերը Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» կինոնկարում: Ի դեպ, Բրոուդին «Օսկարի» արժանացած ամենաերիտասարդ դերասանն է` 29 տարեկան:

ՌՈՄԱՆ ՊՈԼԱՆՍԿԻ

Աշխարհահռչակ լեհ կինոռեժիսորի վաստակն արժանացել է ամենաբարձր գնահատականների. «Ոսկե արմավենու ճյուղ» (Կաննի փառատոն), «Ոսկե արջ» (Բեռլին), «Ոսկե առյուծ» (Վենետիկ), «Ոսկե գլոբուս», «Ցեզար» (երկու անգամ) և իհարկե նաև «Օսկար»: Նրա լավագույն աշխատանքներից մեկը հայտնի «Դաշնակահարը» (2002 թ.) կինոնկարն է` Էդրիան Բրոուդիի մասնակցությամբ: Ռեժիսորի լավագույն գործերից են «Դառը լուսին», «Չինական թաղամաս» կինոնկարները:

ԱԼԵՆ ԴԵԼՈՆ

Այս դերասանն արդեն ներկայացման կարիք չունի. նա աշխարհի ամենաճանաչված մարդկանցից է, կինոաշխարհի 1960-1980-ական թվականների սեքս խորհրդանիշը: Ֆրանսիական «Պատվո շքանշանի» ասպետ է: Նրա դերերը կինոյում գնահատվել են բազմաթիվ բարձրագույն մրցանակներով ու պարգևներով` «Ոսկե գլոբուս», «Ցեզար» (երկու անգամ) և այլն:

ԴԱՍԹԻՆ ՀՈՖՄԱՆ

Ամերիկացի հանրահռչակ դերասանը «Օսկարի» կրկնակի դափնեկիր է: Նրան ճանաչում է բերել «Կրամերն ընդդեմ Կրամերի» հայ հանդիսատեսին քաջ ծանոթ ֆիլմը: Հայտնի են նրա փայլուն դերակատարումները դարձյալ ճանաչված ու սիրված «Թութսի», «Անձրևի մարդը» կինոնկարներում:

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Հոգևոր-մշակութային


09/10/2014