Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ



Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՏԱՆԿ

Տանկերն առաջին անգամ գործածվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ: Մարտական այս մեքենաները ռազմաճակատ ուղարկելուց առաջ բրիտանական հակահետախուզությունը լուրեր էր տարածում, որ, իբր, ռուսական կառավարությունը Անգլիային պատվիրել է խմելու ջրի համար նախատեսված ցիստեռների մեծ խմբաքանակ: Տանկերն ուղարկվեցին երկաթուղով: Քողարկված հրասայլերի վրա հենց այդպես էլ գրված էր` water tank (ջրի բաք): Այդ կոդավորումն այդպես էլ մնաց որպես անվանում (անգլերեն tank-բաք, ցիստեռն):

♦♦♦

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ելքի մեջ փոքր չէ նաեւ հայ գիտնականների ավանդը: Հ. Թեւոսյանի գլխավորությամբ աշխարհում առաջինը բլյումինգների (բարձր արտադրողականությամբ գլոցման հաստոց) վրա գլանեցին զրահային պողպատ: Հենց այդ պողպատով զրահապատված խորհրդային տանկերը Կուրսկի մոտ՝ տանկային ճակատամարտերի պատմության ամենադաժան մարտում, ընդհարվեցին գերմանական գովաբանված տանկերի հետ: Այստեղ էլ փլվեցին դրանց անխոցելիության մասին հիտլերյան կոնստրուկտորների հույսերը, եւ հաղթանակեց «թեւոսյանական պողպատը»:

♦♦♦

Հայրենական պատերազմի տարիներին թնդանոթների նոր, կատարյալ տեսակներ ստեղծելու եւ բանակը դրանցով ապահովելու գործում գլխավոր դեր խաղաց հայ ժողովրդի զավակ, պետական ու ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը: Նրա ղեկավարած հրետանային գործարանում թողարկված 85 մմ թնդանոթներով զինված տանկերի երեւալը սարսափ էր թշնամու համար: Դրանք 2 կմ հեռավորությամբ ճեղքում էին թշնամական տանկերի զրահները, գլորում աշտարակները: Հիտլերյան հրամանատարությունը գաղտնի հրաման էր տվել իր տանկային զորամիավորումներին ՝ամեն կերպ խուսափել այդ թնդանոթներով զինված խորհրդային տանկերի հետ հանդիպակաց մարտից:

Կարմիր բանակին նոր, ահեղ զենք ու զինատեսակ մատուցեցին ավիացիոն արդյունաբերության գործարանների տնօրեններ՝ ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Սուրեն Աղաջանովը եւ Գեւորգի Ուդարովը: Վերջինս, որը ծագումով նույնպես հայ էր, պատերազմի սկզբում լինելով Մոսկվայի «Կոմպրեսոր» գործարանի տնօրենը, ակադեմիկոս Վ. Բարմինի հետ համատեղ մշակեց ու կազմակերպեց առասպելական «Կատյուշա»-ների արտադրությունը, որոնք իրենց փառքով պսակեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ԽՍՀՄ-ը տանկերի մեծ կարիք ուներ: Այդ պատճառով որոշում կայացվեց արտակարգ իրավիճակներում վերասարքավորել… սովորական տրակտորները՝ որպես տանկեր: Օրինակ՝ Օդեսայի պաշտպանության ժամանակ մարտի էր հանվել 20 այդպիսի «տանկ», իսկ եւս այդպիսի 60 «մարտական» միավոր օգտագործվել էր հարավային սեկտորի պաշտպանության ժամանակ: Հիմնական շեշտը դրվում էր հոգեբանական ազդեցության վրա: Հարձակումը կատարվում էր գիշերով՝ միացված լուսարձակներով ու ձայնային ազդանշաններով, եւ հակառակորդը դիմում էր փախուստի:

ՏԱՆԿԵՐ՝ ՕԴՈՒՄ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը, չբավարարվելով ամենագնաց տանկերով, աշխատանքներ էր տանում A-40 տանկի հիմքի վրա թռչող սարքեր ստեղծելու համար:

Փորձարկումների ընթացքում թռչող տանկը քարշակով տարվում էր TB-3 ինքնաթիռով: Այն կարողացավ բարձրանալ 40 մետր: Պետք էր նվազեցնել քաշը, իսկ դա հնարավոր կլիներ ռազմամթերքի հաշվին: Իսկ այդ դեպքում տանկը կկորցներ իմաստը:

ԼՔՎԱԾ ՏԱՆԿԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Բոլոր պատերազմներն ու հեղափոխություններն էլ իրենցից հետո «հետք» են թողնում: Այսպիսի «հետքեր» կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում: Քուվեյթում է գտնվում տանկերի ամենամեծ գերեզմանոցը: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ մեքենաների համար, իսկ այսօր դրանք՝ ռազմական հզորության խորհրդանիշները, լքված թափված են երկրագնդի տարբեր անկյուններում: Քուվեյթի տանկերի գերեզմանոցն ստեղծվել է 1991 թվականին՝ Պարսից ծոցում ընթացող պատերազմի հետեւանքով: Այդ ժամանակահատվածում երկիրն ահռելի կորուստներ եւ վնասներ կրեց ու չուներ նյութական միջոցներ՝ շարքից դուրս եկած տեխնիկան վերանորոգելու համար: Եվ ահա այդ տեխնիկան տեղափոխեցին Քուվեյթին մոտ գտնվող անապատային տարածք:

ՇՈՒՆ-ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ

Խորհրդային բանակում կինոլոգները «Կամիկաձե» շներին հատուկ վարժեցնում էին այնպես, որ կենդանին ռումբը հասցնում էր թիրախակետ՝ թշնամու տանկի մոտ, ատամներով բացում փականն ու փախչում: Շներին այսպես էին վարժեցրել. նրանք իրենց սնունդը կարող էին հայթայթել միայն մարտական մեքենաների շղթայական անիվների մոտ, որն էլ տանկի ամենախոցելի հարվածն է: Թե որքանով են արդյունավետ գործել այս շները, ստույգ հայտնի չէ, որոշ աղբյուրներ վկայում են նման մեթոդով պայթեցված թշնամու 300 տանկի մասին, որոշ աղբյուրներ էլ բավականին ուռճացված թվեր են վկայակոչում: Հայտնի է սակայն, որ միայն Կուրսկի ճակատամարտում ծառայողական 16 շուն պայթեցրել է 12 գերմանական տանկ:

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ռազմական


09/10/2014