ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի թիվ 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին կանգնած մեր տղաների մասին: Դիրքերից վերադառնալիս էլ զինվորների խնդրանքով զանգում կամ նամակներ էի հանձնում նրանց հարազատներին: Հիշում եմ, այդպես մի օր էլ վերադարձել էի տուն եւ նամակներն էի կարգավորում, որ առավոտյան հանձնեի հասցեատերերին, երբ հեռախոսազանգը ինձ կտրեց իմ կյանքի անհրաժեշտ ու կարեւոր մասը դարձած գործից: Հեռախոսափողի մեջ երիտասարդ տղամարդու առնական, ծանոթ երանգներով ձայնը բանաստեղծություն էր կարդում.
-Մի քմահաճ ճյուղ իր դեմքն էր հենել
Խենթահունչ առվի ուռած թիկունքին….
Երիտասարդը կարդում էր իմ բանաստեղծություններից, սակայն ձայնը տեղը չէի բերում: Լռում էի:
-Ախր ո՞նց չեք ճանաչում ինձ,- ծիծաղելով շարունակեց անծանոթը:- Կարծում էի՝ կճանաչեք բանաստեղծության միջոցով: Ես ձեր աշակերտն եմ՝ Սեւադան:
Հիշեցի Սեւադա Աղաջանյանին, իմ սիրելի աշակերտին, թեեւ դպրոցն ավարտելուց հետո տասը տարուց ավելի չէի տեսել:
-Այդ ինչպե՞ս եղավ, որ հիշեցիր ինձ,- չթաքցրի ուրախությունս:
-Տանկային գումարտակից եմ զանգահարում,- ասաց Սեւադան,- հենց նոր զինվորներով նստած դպրոցական կյանքն էինք վերհիշում, Ձեզ մտաբերեցի: Շատ էի ուզում տեղեկանալ Ձեր մասին, ինչպե՞ս եք ապրում, ինչո՞վ եք զբաղվում:
-Գրում եմ զինվորական կյանքից, ապրում եմ ձեր առօրյայով,- պատասխանեցի: -Դպրոցում աշակերտներն անհամբերությամբ սպասում են Արցախյան պատերազմի եւ ազատամարտիկների մասին իմ պատմություններին:
-Որ այդպես է, ես էլ Ձեզ կպատմեմ մեր խիզախ տանկիստների մասին,- ոգեւորվեց Սեւադան, որ արդեն վաշտի հրամանատար էր ու շարունակեց,- գիտեք, նրանց մասին արժե գրել, լավ կռվող տղերք են, իսկական հերոսներ…
-Ափսոս, ես պատմածներով չեմ կարող գրել, պետք է տեսնեմ, անձամբ ծանոթանամ, զրուցեմ…
-Ավելի լավ: Ձեզ կծանոթացնեմ նրանց հետ,- խոստացավ Սեւադան:
…Ցավոք, չհասցրի ծանոթանալ այդ քաջ ու համարձակ տանկիստ տղաների հետ. ապրիլյան մարտական թեժ գործողությունները խլեցին նրանցից շատերի կյանքը… Իսկ իմ նոթատետրի մեջ լոկ նշված մնացին այդ տանկիստ տղաների անունները` կապիտան Արմեն Միրզոյան (Գանձակ) հրամանատարներ՝ Մասիս Պետրոսյան (Մասիս, Այնթափ), Արթուր Բաբումյան (Երեւան), Լեւոն Խաչատրյան (Երեւան), նշանառուներ՝ Վարդան Վարդանյան (Երեւան), Սեյրան Ավետիսյան (Սիսիան, Վաղատնի), Ռուբիկ Խուդավերդյան (Արարատ, Այգեվան), Արթուր Դարբինյան (Վանաձոր)…
Նրանցից շատերի 20 տարին չէր էլ բոլորել: Ընդհատված կյանքեր, կիսատ մնացած կենսագրություններ, որոնց շարունակությունը բնորոշվում է մեկ արտահայտությամբ՝ անմահություն:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԵԼՈՒՆՑ
Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Բանակ և հասարակություն