Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ



Վերջերս Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ձևավորվել է նոր կառավարություն: Կանդրադառնա՞ն արդյոք այս փոփոխությունները Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վրա, ինչպիսի՞ ընթացք կունենան հայ-թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին. այս և այլ հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն է արտահայտում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

-Պարո՛ն Չաքրյան, Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ձեր կարծիքով՝ Թուրքիան կշարունակի՞ հավատարիմ մնալ նեոօսմանիզմի գաղափարին:

-Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ երկրում շարունակում է իշխել «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը: Նեոօսմանիզմն արդեն կատարելապես ձախողվել է, ինչպես նաև Դավութօղլուի՝ հարևանների հետ առկա խնդիրը զրոյականացնելու քաղաքականությունը: Թուրքիան հովանավորել և զինել է Սիրիայում և Իրաքում գործող արմատական իսլամական խմբավորումներին, ինչպես, ասենք՝ Իրաք-Շամ «Իսլամական պետություն» կազմակերպությանը, որի դեմ վերջերս ՆԱՏՕ-ն պայքարելու որոշում է կայացրել և պահանջում է, որ Թուրքիան ևս միանա այդ կազմակերպության դեմ պայքարին: Ընդ որում, ամերիկյան ռազմաօդային ուժերը Մոսուլում այս կազմակերպության դիրքերն են ռմբակոծում: Փաստորեն, Թուրքիան հայտնվել է շատ անելանելի դրության մեջ, որովհետև հուլիսի սկզբին «Իսլամական պետության» զինյալները հարձակվել են Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության վրա՝ գերի վերցնելով դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին (մոտ 49 հոգու): Բայց մարդիկ դեռ ահաբեկչության թիրախում են: Եթե Թուրքիան միանա նրանց դեմ պայքարին, ապա չի բացառվում, որ ահաբեկիչներն այդ գերեվարված մարդկանց մորթեն՝ համաձայն իրենց սովորության: Իսկ եթե չմիանա, ապա պետք է սրվեն Թուրքիայի հարաբերություններն իր երբեմնի դաշնակիցների հետ:

-Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչը մեր մամուլի կողմից տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց…

-Այո՛, երդմնակալությունը, որին մասնակցեց մեր արտգործնախարարը, տարբեր տրամադրություններ առաջացրեց մեզանում. բազմաթիվ էլեկտրոնային կայքեր այսպիսի հարցադրումներ էին անում՝ ինչո՞ւ մասնակցել, եթե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, նախագահը ինչո՞ւ շնորհավորեց Էրդողանին. չէ՞ որ վերջինս հայերին վիրավորող արտահայտություն էր թույլ տվել թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ և այլն: Պետք է ասել, որ, օրինակ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՄԱԿ-ի ամբիոնից՝ Նյու Յորքում Միացյալ Նահանգներին հռչակել էր «մեծագույն սատանա», բայց հիմա Իրանն ու ԱՄՆ-ը բանակցում, տեղ-տեղ նաև համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Բացի այդ, երբ Սերժ Սարգսյանը վերընտրվեց, Թուրքիայի նախագահը ընտրություններից երկու օր անց՝ գրեթե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միաժամանակ շնորհավորեց մեր նախագահին: Այսինքն՝ գոյություն ունի դիվանագիտական էթիկա: Կամակոր կնոջ հովերով քաղաքականություն չեն վարում: Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի մասնակցությանը, ապա նախ հետևյալը նշեմ. եթե Հայաստանի Հանրապետությունն ավելի ցածր մակարդակով ներկայացվեր (ասենք՝ վարչության պետի, ինչպես Իտալիան), հայկական պատվիրակությունը Թուրքիայի նախագահական պալատում կմեկուսանար. այսինքն՝ մեր պատվիրակության հետ մյուս երկրների ղեկավարները չէին շփվի: Երկրորդ. նման միջոցառումներն արարողակարգային են և որևէ պարտավորեցնող բան իրենց մեջ չեն պարունակում: Պարզապես մասնակիցներն իրար հետ շփվելու-զրուցելու, տարբեր հարցերի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու առիթ են ունենում: Էդվարդ Նալբանդյանի պարագայում խնդիրը սոսկ կարծիքներ փոխանակելը չէր. նա Թուրքիայի նորընտիր նախագահին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչի մասին օգոստոսի 30-ին գրեց թուրքական «Փոստա» թերթը՝ մեջբերելով Էդվարդ Նալբանդյանի խոսքը. «Ես կարճ տեսակցություն ունեցա Թուրքիայի նորընտիր նախագահի հետ և փոխանցեցի մեր նախագահի հրավերը: Հուսամ՝ 2015թ.-ին Էրդողանը կգա Հայաստան»: Այսինքն՝ Էդվարդ Նալբանդյանը որոշակի առաջադրանքով է ներկայացել:

-Պարո՛ն Չաքրյան, իսկ ինչպիսի՞ ընթացք կունենան հայ-թուրքական հարաբերությունները: Եվ ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

-Որևէ զարգացում տեղի չի ունենա, եթե միջազգային ուժերը՝ հատկապես ԱՄՆ-ը, ճնշում չգործադրեն Թուրքիայի վրա: Որպեսզի Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվի, անհրաժեշտ է, որ Էրդողանը փոխի Հայաստանի հանդեպ իր որդեգրած դիրքորոշումը: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները համարում է ազգային խնդիր և մեր երկրի դեպքում վարում է պետական քաղաքականություն: Իսկ պետական քաղաքականության վրա կառավարություններն ազդել չեն կարող: Դա է պատճառը, որ Թուրքիայի` մեր երկրի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը վերջին քսան և ավելի տարիներին մնացել է նույնը, թեև այդ ընթացքում 5-6 նախագահ է փոխվել… Ինչ վերաբերում է Ահմեդ Դավութօղլուի՝ օրերս արած հայտարարությանը, թե Ցեղասպանության մասին «հայկական ստերի» դեմ պետք է պայքարի «կրտսեր եղբայր» Ադրբեջանի հետ միասին, ապա նշեմ, որ կան 24 երկրներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը: Ընդ որում՝ ճանաչողների մեծ մասը Թուրքիայի վաղեմի դաշնակիցներն են: Կարծում եմ՝ Դավութօղլուն ինքն էլ չի հավատում իր ասածներին, քանի որ թուրքական հասարակությունը քաջատեղյակ է, թե ինչ է կատարվել 1915թ.-ին: Պարզապես՝ Հայոց ցեղասպանության հարցում համերաշխություն կա թուրքական իշխանությունների և ժողովրդի միջև: Եվ թուրք ժողովուրդն ու իշխանությունները տառապում են հանցագործի հոգեբանությամբ: Ի դեպ, նշեմ նաև, որ դեռևս 2009թ.-ի նոյեմբերին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել Է. «Եթե որևէ մեկը կարծում է, որ հանուն թուրքերի հետ հարաբերությունների Հայաստանը զիջումներ կանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ԼՂՀ-ի հիմնահարցում, ապա չարաչար սխալվում է: Մենք զիջումներ չենք արել ու չենք անի»:

-Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-թուրքական հարաբերությունների վրա չպետք է ազդի, քանի որ այդպիսի հարաբերություններ չկան: Կարծում եմ՝ որոշ ելույթների բովանդակությունը պետք է թողնել նախագահի հայեցողությանը. այսինքն՝ ամեն ելույթին պարտադիր չէ մամուլն արձագանքի՝ առանց ինֆորմացիա ունենալու:

– Թուրքիան կարո՞ղ է օգտվել ուկրաինական ճգնաժամից և ուժեղացնել իր ազդեցությունը Ղրիմի մահմեդական հատվածի վրա:

-Ղրիմի մահմեդական հատվածի վրա Թուրքիան որևէ ազդեցություն ունենալ չի կարող, մանավանդ, որ Ղրիմն արդեն միացել է Ռուսաստանին: Չնայած «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին՝ Թուրքիան նույնիսկ Ադրբեջանի վրա չի կարող իր ազդեցությունն ուժեղացնել: Ղրիմում ազդեցություն ուժեղացնելու փորձի դեպքում կբախվի Ռուսաստանի հակազդեցությանը և կստանա արժանի հարված:

-Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հայտարարությունից և պետքարտուղար Ջոն Քերիի՝ Անկարա կատարած այցելությունից հետո Թուրքիան, ի վերջո, կմիանա՞ «Իսլամական պետության» դեմ ստեղծվող կոալիցիային:

-Գերիներին արդեն ազատել են: Կարծում եմ՝ միանալ չի կարող, բայց միանալու պատրանք կստեղծի, քանի որ չի կարող մերժել պետքարտուղար Քերիի պահանջը: Մի քանի տարի սեփական երկրի տարածքում զինել, ֆինանսավորել, բուժել ահաբեկիչներին և հետո հարձակվել այդ նույն կազմակերպության վրա՝ պետք է, որ Թուրքիայի ուժերից վեր լինի: Սա մեկ: Մյուս կողմից՝ պետքարտուղարի պահանջը մերժելը Թուրքիայի ուժերից վեր է, հետևաբար պետք է ստեղծի պատրանք, թե միանում է ԱՄՆ-ի գլխավորությամբ այդ կազմակերպության դեմ ստեղծված կոալիցիային…

Զրույցը վարեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Բանակ և հասարակություն, Ռազմաքաղաքական, Սոցիալ-իրավական


16/10/2014