ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Համակարգիչն ու համացանցն այսօր դարձել են մեր կյանքի, հանրային գործունեության, առօրյայի անբաժանելի մասը: Ինչպե՞ս «կողմնակի անձից», հաքերական հարձակումներից պաշտպանել քո աշխատանքային, անձնական տվյալները:
ՊԵՏՔ Է ԳԻՏԵՆԱԼ
♦ Երբեմն կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ստանալ հենց ադմինիստրացիայի կողմից, որով հայտնվում է տեխնիկական աշխատանքներ կատարելու մասին և պահանջվում է հաստատել, որ հենց դուք եք էլեկտրոնային փոստի տերը, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում երկու օրվա ընթացքում այն կարգելափակվի: Իսկ հաստատումը հիմնականում կատարվում է հետևյալ կերպ` հավաքում եք ձեր ծածկագիրը և հաստատում: Օգտատերերի մեծ մասը էլեկտրոնային հասցեն կորցնելուց վախենալով՝ անմիջապես հաստատում է և ուղարկում: Այսինքն` նա ինքն իր ձեռքով իր տվյալները ուղարկում է չարակամին կամ հաքերին:
♦ Տարածված եղանակ է նաև կեղծ հղումների օգտագործումը: Սոցիալական կայքերում հաճախակի կարելի է հանդիպել աղմկահարույց գովազդային հղումների: Օգտատերը հետաքրքրությունից դրդված սեղմում է ու մուտք գործում տվյալ կայք: Արտաքինից տարօրինակ ոչինչ չկա. այդ կայքից տեղափոխվում է մեկ այլ կայք և ընթերցում հղումը, բայց այդ ընթացքում «գողացվում են» անհրաժեշտ տվյալները` համակարգչի IP հասցեն, սոցկայքերի պրոֆայլների տվյալները և այն ամենը, ինչն անհրաժեշտ է հանցագործին:
♦ Օգտագործվում է նաև «սոցիալական հոգեբանության» միջոցով օգտատերին ծուղակը գցելու և նրա տվյալները գողանալու եղանակը: Օգտատերերը հիմնականում ծածկագիր են դարձնում իրենց անվան, ազգանվան առաջին տառերը, ծննդյան տվյալները, հեռախոսահամարները կամ դրանց համակցությունը: Էլեկտրոնային հասցեները և սոցիալական կայքերը հնարավորություն են տալիս օգտատերերին ծածկագիրը մոռանալու դեպքում այն վերականգնել «գաղտնի հարցի» միջոցով: Ուստի պետք է այնպիսի «գաղտնի հարց» գտնել, որ մեկ ուրիշը այն գուշակելու հնարավորություն չունենա:
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ
♦ Երբեք կասկածելի հղումները մի՛ սեղմեք:
♦ Կասկածելի հաղորդագրություն ստանալիս անպայման ստուգեք, համոզվեք, նոր տվյալներ ուղարկեք: Հիշե՛ք, որ նման հաղորդագրությունները հայտնվում են «ՍՊԱՄ» թղթապանակի մեջ:
♦ Ծածկագիրն ընտրելիս ավելի բարդ տառաթվային համադրություններ ընտրեք` առավել երկար ու ոչ սովորական ընդունված տարբերակով:
♦ Մի՛ գայթակղվեք մեծ գումար առաջարկող էլեկտրոնային նամակներով և գովազդներով. դրանց մեծ մասը ծուղակ է:
♦ Որևէ կայք հղումով մտնելիս անպայման հասցեային տողով ստուգեք, թե արդյոք ձեր ուզած պաշտոնական կայքում եք, թե ոչ, քանի որ այսպես կոչված «կեղծ» (fake) կայքերը, որոնք ամբողջովին պարունակում են նույն ինֆորմացիան և դիզայնը, պատրաստված ծուղակներ են, իսկ հասցեի տողում առնվազն մեկ տառի տարբերություն են ունենում:
Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմական, Ռազմաքաղաքական