ՊԱՏԿԱՌԵԼԻ ՎԱՍՏԱԿ
Պերճ Գեւորգյանը 75 տարեկան է: Ծնունդով Ապարանի Բուժական գյուղից է: Մայրը սերում է Շապին Գարահիսարից, իսկ հայրը` Պարսկաստանի Սալմաստ գավառից: Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալով ծառայությունից՝ ընդունվել եւ ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը եւ փոխտնօրեն նշանակվել Ստեփանավանի թիվ 22 միջնակարգ գիշերօթիկ դպրոցում: Այնուհետեւ շուրջ քսան տարի ծառայել է անվտանգության մարմիններում: 1993 թ. Պ. Գեւորգյանը ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում՝ որպես գումարտակի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ: Մասնակցել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Այնուհետեւ նշանակվել N զորամասի շարային եւ համալրման բաժնի պետ, որից հետո պաշտպանության նախարարի հրամանով տեղափոխվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ որպես կուրսանտական գումարտակի հրամանատարի տեղակալ դաստիարակչական գծով: Փոխգնդապետ Պ. Գեւորգյանը 2002 թվականից անցնելով կենսաթոշակի, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկա է դասավանդել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում: Կրթության համակարգի զարգացման եւ սովորողների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից պարգեւատրվել է պատվոգրով եւ երեք անգամ ճանաչվել լավագույն զինղեկ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով:
Արդեն 40 տարի նա ծառայության մեջ է: Խորհրդային տարիներին իր թավ բեղերի համար մե՛կ համեմատում էին Բուդյոննու, մե՛կ Չապաեւի հետ: Իսկ երբ «Ռազմագիտություն» առարկան սկսեց դասավանդել մեր անկախ պետականության դպրոցներում, աշակերտները նրան արդեն համեմատում էին զորավար Անդրանիկի հետ: Եվ փոխգնդապետն իրեն շոյված է զգում. չէ՞ որ մայրը սերում է զորավարի ծննդավայր Շապին Գարահիսարից…
Որպես ավագ մասնագետ նա այսօր էլ «Ռազմագիտություն» է դասավանդում Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցում:
Շնորհավորենք հարգարժան փոխգնդապետին ծննդյան 75-ամյակի առթիվ եւ ցանկանանք առողջություն ու երկար տարիների կյանք, թող Անդրանիկ զորավարի ոգին փոխանցի իր սաներին` հայոց բանակի վաղվա զինվորներին:
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Բանակ և հասարակություն