ՊԱՏՐԻԿ ՄՈԴԻԱՆՈ. «ԻՄ ՍՅՈՒԺԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է»
Նոբելյան մրցանակ հիշողության և մոռացության թեմաների, ազգային ինքնության ճանաչման համար
Գրականություն՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմը վերապրած մարդկանց
♦ Ֆրանսիացի գրող, սցենարիստ Պատրիկ Մոդիանոն դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 113-րդ դափնեկիրը և այս բարձր կոչմանն արժանացած 11-րդ ֆրանսիացին:
♦ Շվեդական ակադեմիան նրա ստեղծագործությունները համեմատում է Մարսել Պրուստի ստեղծագործությունների հետ և հեղինակին համարում «Մեր ժամանակների Մարսել Պրուստ»:
♦ Նա ծնվել է Փարիզի մերձակայքում, հրեական հնագույն տոհմից սերված վաճառական հոր և ֆլամանդուհի մոր ընտանիքում:
♦ Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետում:
♦ Նրա բոլոր ստեղծագործությունները ինքնակենսագրական են. «Ես իմ գրականության նյութը հավաքում եմ իմ հարազատների և բարեկամների պատմություններից և հիշողություններից»:
♦ Պատրիկ Մոդիանոյի բոլոր վեպերը այս կամ այն կերպ շաղկապված, միահյուսված են միմյանց կամ գոնե արձագանքում են միմյանց. մրցանակը շնորհող Շվեդիայի ակադեմիան այս փաստը համարում է եզակի և ինքնատիպ. «Նա պատմում է անհետ կորած մարդկանց, փախստականների մասին, նրանց, ովքեր կարողանում են առանց փաստաթղթերի, ուրիշի անվան տակ թաքնվել և ապրել ու գործել օկուպացված երկրում»: Ըստ Նոբելյան մրցանակ շնորհող հանձնաժողովի քարտուղարի` «Մոդիանոն ծնվել է 1945 թվականին և այդ օրվանից ի վեր իր վրա կրում է օկուպացիայի կնիքը»:
♦ Իմանալով աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանանալու մասին, Պատրիկ Մոդիանոն բացականչել է. «Ինձ համար հետաքրքիր է, թե ինչո՞ւ են հենց ինձ ընտրել, մանավանդ ես այն տպավորությունն ունեմ, որ 45 տարի շարունակ ասես նույն գիրքն եմ գրում»:
♦ Նրա հերոսները տառապում են միայնությունից, փորձում են փնտրել ու գտնել անցյալի հետքերը (Օրինակ` «Կորուսյալ երիտասարդության սրճարանը»): Հարցազրույցներից մեկում գրողը խոստովանել է. «Ես ամբողջովին անցյալով եմ համակված»:
♦ Մոդիանոն 30-ից ավելի վեպերի հեղինակ է: Նրա առաջին վեպը տպագրվել է, երբ հեղինակն ընդամենը 18 տարեկան է եղել: Նրա ստեղծագործություններից շատերը վերածվել են կինոնկարի:
♦ Գրականության Նոբելյան նոր մրցանակակիրը աշխարհին առավել հայտնի է որպես կինոյի աշխարհի մարդ, քան գրող:
♦ Պատրիկ Մոդիանոյի լավագույն ստեղծագործություններից են` «Աստղի հրապարակ» (1968 թ.), «Գիշերային պարեկ» (1969 թ.), «Ընտանեկան քրոնիկա» (1977 թ.), «Դատավճռի մեղմացում» (1988 թ.), «Ծաղիկներ ավերակներում» (1991 թ.), «Անծանոթուհին» (2000 թ.) և այլն:
♦ Գրողի վերջին վեպը լույս է տեսել 2014 թվականի հոկտեմբերի 4-ին` Նոբելյան մրցանակի արժանանալուց ընդամենը մի քանի օր առաջ:
♦ Նա մի շարք միջազգային գրական պատվավոր մրցանակների դափնեկիր է: 1972 թվականին արժանացել է ֆրանսիական ակադեմիայի մրցանակին, 1978 թվականին` Գոնկուրյան մրցանակի:
♦ Մոդիանոն ամբողջ հոգով դատապարտում է բռնությունն ու ֆաշիզմը: Նա տագնապում է աշխարհի համար, քանի որ հերոսն ու բարոյական մարդը, նրա համոզմամբ, շատ հեշտությամբ կարող են վերածվել ֆաշիստական գաղափարախոսության կրողների: Նրա սցենարով նկարահանված կինոնկարներից մեկի երիտասարդ հերոսը տեսնելով, որ իրեն չեն ընդունում պարտիզանների շարքերում, գնում, ծառայության է անցնում գեստապոյում…
♦ «Երբեք այլ գործով, քան գրականությունն է, չեմ ուզել զբաղվել»- խոստովանել է գրողը:
♦ Նոբելյան մրցանակը դափնեկիրներին կհանձնվի դեկտեմբերի 16-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակը կհանձնի Կարլ XVI Գուստավ թագավորը:
♦ Պատրիկ Մոդիանոյի գրքերի շվեդ թարգմանչի կարծիքով, ամենայն հավանականությամբ, հեղինակը չի մեկնի Սթոքհոլմ` մրցանակն ստանալու, քանի որ չափազանց ամաչկոտ անձնավորություն է:
♦♦♦
Սերը գալու է իր ոտքով, անաղմուկ, եւ չես կարող նրանից փախչել: Եվ այնժամ միայն դու նրան կնկատես, երբ դժվար կլինի առանց նրա շնչելը:
ՊԱՏՐԻԿ ՄՈՆԴԻԱՆՈ
Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Հոգևոր-մշակութային