Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»,- ասաց զորամիավորման հրամանատարն ու մի քանի անգամ կրկնեց այդ խոսքերը



Հուլիս-օգոստոս ամիսներին թշնամու կողմից սանձազերծված դիվերսիոն-խափանարար գործողությունների հորձանուտում հայտնվեցին նաև մեր երկրի հյուսիսարևելյան սահմանները: Հայ դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին տվեց մի տասնյակից ավելի սպանված, նույնքան էլ վիրավոր: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր զինուժը իր կազմակերպվածությամբ, բարոյահոգեբանական ու մարտական պատրաստության վիճակով գերազանցում է թշնամուն և սահմանի ողջ երկայնքով ի զորու է կանխելու ցանկացած ոտնձգություն:

Հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնող զորամիավորման հրամանատարը գնդապետ Օնիկ Գասպարյանն է, որն օրերս ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով:

-Պարոն գնդապետ, իսկապես մեծ է Ձեր ավանդը հայրենիքի պաշտպանության գործում, ինչի համար էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ արժանացրեց զինվորականի համար նման բարձր մեդալի:

-Շնորհակալություն: Հայրենիքի պաշտպանությունը զինվորի գործն է:

-Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում:

-Ներկա պահին մեր առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը սահմանագծի ողջ երկայնքով: Հակառակորդի կողմից կրակոցներ գրեթե չկան: Եթե լինում էլ են, ապա ոչ նպատակային: Համենայնդեպս, մենք մեր զգոնությունը չենք թուլացնում: Հակառակորդը մնում է հակառակորդ, և ինչքան իրավիճակը հանգիստ է, մենք ավելի զգոն ենք, միշտ պատրաստ` հակառակորդի սադրանքներին դիմակայելու, դրանք կանխարգելելու:

-Ձեր հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումները պատվով դուրս եկան դիվերսիոն պատերազմից` ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր զինվորն ու սպան չունեն խնդիր նաև բարոյահոգեբանական առումով…

-Հուլիս-օգոստոսյան դեպքերը լավագույնս ցույց տվեցին, որ մենք չունենք հայ զինվորի ու սպայի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու խնդիր առհասարակ: Ընդհակառակը, մենք ունենք այն սաստելու խնդիր… Բարձր է մեր զինվորի մարտական ոգին:

-Պարոն հրամանատար, քիչ առաջ ավարտվեց զորամիավորման ռազմական խորհրդի նիստը: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:

-Մենք ամփոփեցինք, ապա գնահատեցինք մեր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր մարդ կարող է իր աշխատանքի գնահատականն ստանա վերադասի կողմից, ինչը կարող է և՛ դրական լինել, և՛ բացասական: Գովեստը, խրախուսանքը ավելի լավ աշխատելու խթան է: Առաջընթացի պարտադիր պայման է նաև թերությունների ու բացթողումների մատնանշումը: Նման յուրաքանչյուր ամփոփում հնարավորություն է տալիս օբյեկտիվ գնահատական տալու յուրաքանչյուր պաշտոնատար, պատասխանատու անձի կատարած աշխատանքը և նախանշելու կատարելագործման ուղիները:

-Պարոն գնդապետ, գաղտնիք չէ, որ առաջնագծում ճիշտ և ժամանակին կատարված ինժեներական աշխատանքներով է պայմանավորված, թե որքանո՞վ ապահով կլինի սահմանում մարտական հերթապահություն կատարող զինվորը, և հուսալի` սահմանի անվտանգությունը:

-Մենք միշտ էլ առաջնահերթությունը տվել ենք առաջնագծում կատարվող ինժեներական աշխատանքներին, դրանց որակական կատարելագործման խնդիրներին: Կատարելագործվել են բազմաթիվ ծուղակներ, խրամաբջիջներ, խրամուղիներ, տեղադրվել են դիմակներ` հակառակորդի կողմից դիտարկվող և տեսանելի հատվածներում: Կարևորում ենք նաև մարտական դիրքերի ճիշտ կահավորումը, ինչով ապահովում ենք մարտական դիրքում ծառայող զինվորի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնում արդյունավետ կրակի վարում` հակառակորդին ճնշելու համար: Դրա համար մշտապես պետք է աշխատանքներ տարվեն: Դիրքերի կատարելագործման չափանիշներ չկան: Ինչքան անես, էլի անելու բան կլինի: Կատարված ամեն աշխատանք որոշակի տոկոսով ավելացնում է անվտանգությունը:

-Զինվորական ծառայության մեջ ի՞նչն եք ամենից շատ կարևորում:

-Զինվորական գործում ամեն ինչն էլ կարևոր է: Ծառայության մեջ մանրուքներ չկան. այն շղթա է, մի օղակը քանդվեց, ամեն ինչ կքանդվի: Ծառայության մեջ ամեն մանրուք պետք է ուշադրության կենտրոնում լինի:

-Ինչպե՞ս է Ձեր` զորամիավորման հրամանատարի օրն սկսվում…

-Ո՛չ սկիզբն եմ իմանում, ո՛չ էլ ավարտը:

-Ձեր մաղթանքները:

-Անփորձանք ծառայություն:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2014