Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»



Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով առաջին միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էին ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Գիտաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ նշեց, որ գիտաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին՝ ռազմական բժշկության արդի հիմնախնդիրների շուրջ մասնագիտական և գիտական քննարկումներ անցկացնելու համար. «Ռազմական բժշկության համակարգի զարգացումը և շարունակական արդիականացումը պաշտպանական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից է և մշտապես ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության ներքո է: Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունը սերտ համագործակցություն է իրականացնում դաշնակից և գործընկեր երկրների համապատասխան ծառայությունների հետ՝ փորձի փոխանակման, համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման, մասնագիտական վերապատրաստման, փոխգործունակ բժշկական կարողությունների զարգացման, ինչպես նաև արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների արձագանքի և գործելաոճի համապատասխանեցման հարցերի շրջանակում: Այս գործում մեզ աջակցում են նաև ոլորտի հասարակական կազմակերպությունները՝ հանձին նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», որի աշխատանքն ուղղված է ինչպես ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերի կատարելագործմանը, այնպես էլ ռազմական բժիշկների մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերին»:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարևորեց միջազգային գիտաժողովի անցկացումը. «ՀՀ ԶՈւ առողջապահության պատմության մեջ առաջին անգամ է կազմակերպվում այս բնույթի միջազգային գիտաժողով, որը համախմբել է աշխարհի մի շարք զարգացած երկրների ռազմական առողջապահական համակարգի բարձր սպայական կազմին: Նրանք զեկույցներով են հանդես գալիս՝ ներկայացնելով իրենց երկրների ռազմական առողջապահության մոդելը, բարձրացվում են կլինիկական առողջապահական խնդիրներ, կազմակերպվում են քննարկումներ՝ ժամանակակից մոտեցումների և գիտական նորույթների շուրջ»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը ևս իր հերթին կարևորեց գիտաժողովի անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն կծառայի իր նպատակին:

Գիտաժողովի կարևորությանն ու ակնկալիքներին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը. «Գիտաժողովի խնդիրը մեկ դահլիճում հայ զինվորական բժշկի համագործակցությունն է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Ողջունելի միջոցառում է և իր ծավալներով առաջինն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Մենք ունենք պատերազմական մեծ փորձ: Մենք ձգտում ենք ունենալ ավելի արհեստավարժ, ժամանակակից բուժծառայություն՝ արագաշարժ, բանիմաց, համալրված ժամանակի լավագույն բժշկական միջոցներով, ինչպես նաև նպատակ ունենք նոր բաժանմունքներ ստեղծել կենտրոնական և կայազորային հոսպիտալներում»:

Հոկտեմբերի 11-ին գիտաժողովի շրջանակներում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ Մարտավարամասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժությունը ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մասնակցությամբ, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արտերկրից ժամանած հյուրեր եւ այլ բարձրաստիճան զինվորականներ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց գիտաժողովի մասնակիցներին:

Նախարարը, խոսելով զեկույցների, քննարկումների, ինչպես նաև ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժության արդյունավետության մասին, մասնավորապես նշեց. «Գիտաժողովը կատարել է իր գլխավոր առաքելությունը. խթանել է տարբեր երկրների մասնագետների միջև մասնագիտական երկխոսությունը և նաև նշել հետագա համագործակցության ուղիները: ՀՀ զինված ուժերի համար հետաքրքիր է գործընկեր և դաշնակից երկրների ռազմաբժշկական համակարգերի անցած ուղին, դրանց առաջավոր փորձը, շարունակական զարգացման ուղենիշները: Համոզված եմ, որ հենց այդ փորձի ուսումնասիրության, մեր սեփական փորձի հետ տեղայնացման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների շարունակական հարստացման արդյունքում մենք կարող ենք արձանագրել Հայաստանի ռազմական բժշկության զարգացման ուղիները: Անկասկած, պետք է այսպիսի գիտաժողովները պարբերական դարձնել: Հաջորդ գիտաժողովը կանվանենք գիտագործնական, որպեսզի հնարավորություն ունենանք ուշադրություն դարձնելու նաև գործնական խնդիրներին, ավելի բարձր մակարդակով վարժանքների անցկացմանը»:

Տեղեկացնենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված բոլոր զեկույցները, առաջարկները կընդհանրացվեն և կհրատարակվեն մի քանի լեզուներով:

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Բանակ և հասարակություն


16/10/2014