Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ` ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ



Վերջերս Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը տոնեց իր առաջին հաղորդման մեկ տարին, և ահա եթեր դուրս կգա «Թալիշստանի ազգային հեռուստատեսություն» հեռուստաալիքը: Այս հիրավի ոչ միայն մշակութային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձության մասին առաջինը «Հայ զինվորին» մանրամասներ հաղորդեց պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Ինչպես և ի սկզբանե ծրագրել էինք` բոլոր միջոցներով հետամուտ լինել հարավ-արևելյան Կովկասի պետականազուրկ բնիկ ժողովուրդների շահերին, նրանց մշակույթի, լեզվի պահպանությանը, ազգային ինքնագիտակցության զարգացմանն ու էթնիկ գենոֆոնդի ամրակայմանը, այնպես էլ տևապես ու հետևողականորեն ի կատար ենք ածում այդ ուղղությամբ մեր նախագծերը:

«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի շուրջ մեկամյա աշխատանքը պարզորոշ ցույց տվեց մեր նախանշած ծրագրերի հիմնավորվածությունն ու հեռանկարների իրական լինելը: Ռադիոյի հաղորդումների շնորհիվ թափ առավ թալիշական ազգային ինքնագիտակցության ձևավորման ու ամրապնդման գործընթացը. սկիզբ առավ ներթալիշական համազգային լայն խոսույթ (դիսկուրս), որը հանգեցրեց թալիշական հասարակական-քաղաքական և մշակութային նորանոր կազմակերպությունների ստեղծմանը. թալիշական մտավորական շրջանակներում (թե՛ Թալիշստանում` Ադրբեջանում, թե՛ սփյուռքում) հստակ ձևավորում ստացավ սեփական ազգային մշակույթի ու լեզվի հանդեպ շահագրգիռ դիրքորոշումը, ինչը մինչ այդ անթեղված վիճակում էր. անգամ թալիշական գյուղաբնակ շրջանակներում կոտրվեց հայի` որպես թշնամու, Ադրբեջանի պաշտոնական քարոզչության կողմից օրնիբուն ներկայացվող կարծրատիպը, ավելին` հայամետությունը դարձավ թալիշների ազգային աշխարհայացքի անկապտելի մասը և, ի վերջո, ռադիոկայանը զգալիորեն նպաստեց այդ ժողովրդի ազգային շարժման հասունության մակարդակի բարձրացմանը: Հավելեմ նաև, որ «Թալիշստանի ձայնը» արթնացրեց նաև Ադրբեջանում ապրող մյուս խոշոր ազգային փոքրամասնության` թաթերի դարձյալ անթեղված ազգային ինքնագիտակցությունը, որի լավագույն վկայությունը թաթական կազմակերպությունների` հատկապես վերջերս ստեղծված «Շիրվանի ազատագրության ճակատի» ստեղծումն է:

«Թոլիշսթոնի միլլի թելեվիզիա», այն է` «Թալիշստանի ազգային հեռուստատեսություն» հեռուստաալիքի կյանքի կոչումը, որը շուտով համացանցային ուղիներով առայժմ օրը մեկ ժամ տևողությամբ եթեր կհեռարձակվի, այո՛, կարևոր, բայց ընդամենը մեր հերթական հանգրվանն է: Հեռուստատեսությունն արդեն բոլորովին այլ մակարդակի, այլ որակի և այլ ձևաչափի ձեռնարկում է: Մեզ հաջողվել է ի մի բերել և պատրաստել բանիմաց ու արհեստավարժ նվիրյալների մի կուռ ստեղծագործական խումբ` թալիշագետներ, թաթագետներ, իրանագետներ, ադրբեջանագետներ, կովկասագետներ, ազգագրագետներ ու քաղաքագետներ, որոնք, վստահ եմ` ոգի ի բռին, իրագործելու են մեր ժողովրդի մարդասիրական ավանդույթներից բխող ծրագրերը: Նվիրյալների մի խումբ, որը, զինվորական լեզվով ասած, ի զորու է իրագործելու ցանկացած «մարտական» առաջադրանք:

Եկե՛ք հաջողություն կամ ինչպես ընդունված է նման դեպքերում ասել, բարի եթեր ցանկանանք «Թոլիշսթոնի միլլի թելեվիզիա» հեռուստաալիքին, որը ժողովուրդների բարեկամության և խաղաղության պատգամներ է սփռելու:

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


23/10/2014