Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ԶՐԿԵՔ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՀԵՐՈՍԻ ԼՈՒՍԱՊՍԱԿԻՑ



-Տան բոլոր տղամարդիկ մասնակցել են Արցախյան պատերազմին՝ հայրը և չորս որդիները։ Չորսից երեքը զինվորական է, երկուսը՝ գնդապետ, մեկը՝ փոխգնդապետ, չորրորդ եղբայրը սահմանամերձ գյուղի իր տան օջախն է ծխեցնում, երկրի դարպասն է պահում…

Պատմողին չեմ ճանաչում։ Ինձ չի պատմում, ես ականջի պոչով լսում եմ ու որոշում, որ այս «նյութից» լավ հոդված կստացվի։

-Ասում եք՝ չորսն էլ մասնակցել են Արցախյան պատերազմի՞ն,- սահուն խառնվում եմ զրույցին,- եղբայրներից գոնե մեկի անուն-ազգանունը կասե՞ք։

-Ինչո՞ւ մեկի,- տղամարդը ոգևորվում է,- ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյան, կապի գնդի հրամանատար, գնդապետ Գագիկ Մովսիսյան, ռազմաբժշկական ֆակուլտետի խմբի պետ, փոխգնդապետ Սևադա Մովսիսյան…

…ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանի աշխատասենյակում եմ։ Երեք եղբայրները նստած են կողք կողքի՝ ավագության կարգով։ Ես տրամադրված եմ աշխույժ, հետաքրքիր զրույցի։

-Դե, պատմե՛ք,- հայացքով ընդգրկում եմ երեքին եւ ժպտադեմ սպասում… Միայն ես եմ ժպտում։ Ու կարծես թե միայն ես եմ ոգեւորված։

-Առանձնապես պատմելու բան չկա,- ասում է Գարիկ Մովսիսյանը, սառն ու անհույզ,- երեքս էլ սիրում ենք զինվորական գործը, դրա համար էլ ծառայում ենք։

Ես հայացքով տնտղում եմ երեք զինվորականներին, որպեսզի կռահեմ, թե որ մեկին է հնարավոր խոսեցնել։ Ընտրությունս կանգ է առնում գնդապետ Գարիկ Մովսիսյանի վրա. շուրթերի ծայրին թեթեւ ժպիտ կա։

Ես մի փոքրիկ հնարք գիտեմ, սկզբում դա եմ փորձում։

-Ասում են՝ ձեր գյուղի մարդիկ շատ քաջ են, ժառանգական քաջություն կա ձեր երակներում։ Ասում են՝ բնությունը մարդկանց հոգիների նման գեղեցիկ է, շռայլ…

-Շատ ճիշտ է,- ասում են երեքը միասին։

-Մեր Վաղուհասը հին գյուղ է, հեքիաթների, լեգենդների, ասքերի ու առասպելների փոքրիկ աշխարհ…,- շարունակում է գնդապետ Գարիկ Մովսիսյանը…

Հունի մեջ ընկանք՝ մտածում եմ ես ու աննկատ սեղանի վրա տեղավորում թուղթն ու գրիչը։

-Դարերի շունչը կա մեր գյուղում՝ Մարիամ Աստվածածին, Խութավանք, Եղցիկտոր… Մեր պապերի ու ապուպապերի աղոթքները դեռ հնչում են մեր վանքերում, ու թե հոգի ունես, կզգաս նրանց մրմունջը, ու օրհնություն կթափվի վրադ։

Ես հասկանում եմ, որ պիտի վանքերից սահուն անցում կատարենք դեպի Արցախյան պատերազմ, բայց չեմ հասցնում հաջորդ հարցը տալ։

-Դուք տեսե՞լ եք Թարթառ գետը,- գնդապետ Գագիկ Մովսիսյանն է հարցնում, դեմքին այնպիսի ներշնչանք կա, որ ես վախենում եմ ասել՝ չէ։ Գլխով մի անվերծանելի շարժում եմ անում ու սպասում…

-Մենք Թարթառի ափին ենք մեծացել։ Մեզ մեր Սաթենիկ տատն է պահել։ Սուրբ կին է Սաթենիկ տատը, էնքան սուրբ, որ նրա աղոթքով ու մեր դաշտերից հավաքած հազարանուն բույսերով մարդիկ բժշկվում էին հիվանդություններից։

-Լսել եմ, որ Ձեր հայրն էլ է մասնակցել Արցախյան պատերազմին։

-Հայրս… Հորս մասին խոսելիս պիտի ոտքի կանգնեմ։ Ես միշտ զարմանքով ու հիացմունքով եմ հիշում հորս ընտանիքը։ Ո՞նց էր կարողանում այդքան ազդեցիկ լինել, առանց բառերի, առանց քարոզի այդքան հավաք, կազմակերպված ու օրինավոր ընտանիք ստեղծել։ Մենք աշխույժ, չարաճճի տղաներ էինք, բայց երբ հայրս տուն էր մտնում, զգաստանում էինք՝ շշուկ չէիր լսի։

Արցախյան պատերազմում մեր ցեղի տղամարդկանցից շատերն են կռվել, զոհվել։ Մեր գյուղն առաջին տեղում է զոհերի թվով։ Ու դա պատահական չէ։ Մերոնք կռվող են, մերոնք հողը պահող են, թասիբով են։ Հիմա անընդհատ խոսում են՝ ինչպես երիտասարդ սերնդին տոգորենք հայրենասիրությամբ, ինչպես կապենք հարազատ հողին… Ծրագրեր են մշակում, մեծ-մեծ խոսքեր են ասում։ Եկեք սովորենք մեր պապերից։ Նրանք երիտասարդներին հայրենասիրություն սովորեցնելու մասին չեն մտածել։ Ոչ էլ իրենք իրենց հարց են տվել՝ հայրենասե՞ր են իրենք, թե՞ ոչ։ Պարզապես մարդու նման են ապրել, ընկածին ձեռք են մեկնել, խեղճին թիկունք են եղել, օգնել են կարիքավորին, հարգել են մեծին, սիրող ու ազնիվ սիրտ են ունեցել։ Չեն խաբել, չեն զրկել, ուրիշի բաժինը չեն խլել։ Սիրել են այն ամենը, ինչ ունեն՝ իրենց ընտանիքը, ընկերներին, հարեւաններին, բարեկամներին… Իրենց հողը, ջուրը, սարերը… ազնիվ, բարի, սիրող մարդը չի կարող հայրենասեր չլինել…

Ես թերթում եմ սեղանին դրված թղթերը։ Մովսիսյան եղբայրների ինքնակենսագրությունն է։ Պարզվում է՝ մանկուց երեքն էլ երազել են զինվորական դառնալ, համազգեստ կրել։ Բայց միայն մեկին է հաջողվել դպրոցն ավարտելուց հետո ռազմական կրթություն ստանալ՝ Գարիկ Մովսիսյանին։ Նա սովորել է Ուկրաինայի Պոլտավա քաղաքի բարձրագույն զինվորական կապի ուսումնարանում։ Իսկ հետագայում գերազանցությամբ ավարտել է նաեւ Տվերի օդատիեզերային պաշտպանության ռազմական ակադեմիան։ Իսկ Գագիկը տասնամյակն ավարտելուց հետո քաղաքացիական կրթություն է ստացել։ Մայրը դեմ էր, որ ավագ որդին հեռանա տնից, կրթություն ստանա Ռուսաստանում։ Բայց ճակատագիրն այլ ճանապարհ էր կանխատեսել, եւ այդ ճանապարհը Արցախյան պատերազմով անցավ։ Հետո նա գերազանցությամբ ավարտեց Լենինգրադի կապի բարձրագույն ուսումնարանը ու վերադարձավ հայկական բանակ՝ շարունակելու զինվորական ծառայությունը։

Սեւադայի «պատերազմական» գործունեությունն սկսվեց 13 տարեկանից. փոքրիկ «հրոսակախմբով» քարեր էին շպրտում ադրբեջանցիների մեքենաների վրա, հաց ու ջուր էին տանում սահմանապահներին, խրամատ էին փորում: Հետո 17-ը դեռ չբոլորած՝ Սեւադան զենքը ձեռքին առաջնագծում էր՝ իր բաժին կռիվն էր տալիս թշնամու դեմ:

…Զինադադարը դադար չեղավ Սեւադայի համար. նա չիջավ լեռներից…

-Տասնհինգ տարի երեք ամիս եղել եմ առաջնագծում, ասում է Սեւադա Մովսիսյանը,- դասակի հրամանատարից մինչեւ գումարտակի հրամանատար…

Ես ուզում եմ մարսել տեղեկությունը, անցկացնել սրտիս միջով՝ տասնհինգ տարի թշնամու գնդակի առաջ, մահվան ու կյանքի սահմանագծին:

-Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե չլիներ Արցախյան պատերազմը, ինչպիսի՞ն կլիներ իմ ճակատագիրը…,- ասում է Սեւադա Մովսիսյանը… Ոչինչ չեմ կարողանում պատկերացնել, մի ուրիշ կյանք, ուրիշ զբաղմունք, բանակից բացի։ Զինվորական համազգեստը անբացատրելի, առեղծվածային ձգողականություն ունի. մի անգամ հագար, էլ չես կարողանում հանել։ Դառնում է ճակատագիր, դառնում է խաչ։ Որքան էլ դժվար լինի, չես կարողանում վայր դնել այդ խաչը։

…Ինչ-որ բան մնացել է չասված։ Ես պիտի հասկանամ ու ընթերցողին փոխանցեմ ամենակարեւորը. զինվորական համազգեստ կրող, Արցախյան պատերազմով անցած այս երեք հայ տղամարդու մասին: Ամենակարեւորը… գուցե ամենասովորական հարցերում է ամբողջանալու։

-Ի՞նչ հոգս ունեք, ինչպե՞ս եք ապրում,- հարցնում եմ։

-Զինվորականը հոգսերի մասին չի՛ խոսում։ Չպիտի խոսի։ Մենք էլ ունենք նույն հոգսերը, ինչ ամբողջ ժողովուրդը։

-Արցախյան պատերազմում արյուն տված մարդը ինչո՞ւ պիտի նույն հոգսերն ունենա, ինչ հասարակ մահկանացուները… Ազատամարտիկները պիտի արտոնյալ լինեն,- ես իմ կարծիքն եմ ասում։

-Ես այդ կարծիքին չեմ,- ասում է Գագիկ Մավսիսյանը։ -Ազատամարտիկը պիտի իջնի լեռներից հաղթանակած, զենքը վայր դնի, խառնվի իր ժողովրդին ու շարունակի ապրել նրա նման, կիսելով նրա հոգսը… որ հերոս մնա։ Մի՛ զրկեք կռված տղային հերոսի լուսապսակից ինչ-որ մանրումեծ արտոնություններով։ Եթե ուզում եք ազատամարտիկը իրեն հատուցված զգա, պիտի ամբողջ ժողովուրդը լավ ապրի։ Երբ մենք կռվում էինք առաջնագծում, մեր անվտանգության համար չէինք կռվում, այլ մեր ժողովրդի։ Ու այսօր էլ պատրաստ ենք կիսել բոլոր այն հոգսերը, որ ունի մեր ժողովուրդը։

…Մի՛ զրկեք ազատամարտիկին հերոսի լուսապսակից ինչ-որ մանր ու մեծ արտոնություններով… Ես ընդգծում եմ այս բառերն ու ոտքի եմ կանգնում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


23/10/2014