ԲԵԿՈՐՆ ԻՐ ԱՐՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՊԵՂԱՆԻ ԴՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐՔԻՆ…
Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի ու արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը պահի հրամայականով ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների ու ազատամարտի նվիրյալների մի փաղանգ, որոնց համար գերնպատակ դարձավ ապուպապերի երկրի հայեցի դիմագծի վերաապահովումը: Այդ տղաների մեջ իր կրակոտ խառնվածքով, բանիմացությամբ ու հայրենասիրությամբ աչքի ընկավ Աշոտ Ղուլյանը, որ հետագայում պետք է մկրտվեր «Բեկոր» անունով:
«Կյանք կա, որ մահ է, մահ կա, որ կյանք է». հայ մեծերից մեկի այս խոսքերը խիստ բնորոշ են Աշոտի հիշատակին: Ազատության ձգտման ու պապենական հողերի վրա հայեցի ապրելակերպի վերականգնման ցանկությունն այնքան մեծ էր, որ գաղափարը մահ չճանաչեց և ստորադասեց այն: Անձնուրացությամբ և գաղափարի մարդուն վայել պահվածքով նա կարողացավ իր հետևից տանել տասնյակ մարդկանց՝ հիմք դնելով ազատագրական պայքարի առաջին ջոկատներից մեկին, որին էլ կրակե մկրտություն էր սպասվում:
22 տարի է անցել, ինչ մեր շարքերում չէ Արցախի հերոսը, սակայն մեզ հետ են նրա պատգամները, նրա կտակած դասերը: Ասվածի լավագույն առհավատչյան է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցի սաների՝ բեմից հնչեցրած խոսքը:
22 տարիների հեռվից մարտական ընկերոջ մասին խոսելը որքան դժվար, այնքան էլ պանծալի է Արկադի Կարապետյանի և Արմեն Դանիելյանի համար: Նրանց գնահատմամբ՝ մահը չէ, որ որոշում է մարդու լինել-չլինելը, այլ մարդու արած-թողածը: Այս իմաստով Աշոտ Ղուլյանի արածն այնքան շատ է ու այնքան բովանդակալից, որ կբավականացնի մի քանի մարդկային կյանք ապրելու համար: Նա հայրենիքի համար կատարեց զինվորի իր բոլոր պարտականությունները՝ մինչև վերջ հավատարիմ մնալով պայքարի սրբազան ուխտին:
Աշոտ Ղուլյանի, որպես ազգային գործչի և զինվորականի գործը բարձր գնահատեց նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ՝ Բեկորն այն եզակի անհատականություններից էր, ով միշտ հաղթանակով էր վերադառնում ցանկացած հանձնարարությունից և մարտերից: Նա անպարտելի էր:
Աշոտ-Բեկորի գործն այսօր շարունակում են 18-20 տարեկան մեր զինվորները: Պաշտպանության բանակի զորամասերից մեկում նրա անունը կրող վաշտի զինծառայող շարքային Ատոմ Եղիազարյանը խոսեց ազատամարտի նահատակների նվիրվածության, առաքելության մասին, և այսօր մեծ պատիվ է իրենց սերնդի համար ծառայել նման անհատների անունը կրող վաշտում, որտեղ նրանց ներկայությունն ու ոգին հարատև է:
Միջոցառմանը շնորհակալական խոսք ասաց նաև Աշոտ Ղուլյանի այրին՝ Նելլի Ղուլյանը:
Տարեդարձին նվիրված այս միջոցառումը նաև հիշեցումի և պարտավորեցման առիթ է: Պետք է գիտակցենք, որ մեր մեծ մեռելների իշխանությունը մեզ պարտավորեցնում է լինել պահանջկոտ ու նվիրված մեր այսօրվա հայրենակերտման գործում: Նա գնացել է դեպի «Իմացյալ մահ» ոչ թե նրա համար, որ հետագայում հերոսացվի, այլ որպեսզի իր հերթին, իր հնարավորություններով փրկի հայրենիքը՝ սեփական արյունը որպես սպեղանի դնելով նրա վերքին…
Կան նահատակներ, որոնց անունն իսկ արտասանելը բավական է, որպեսզի զգաստանանք…
Աշոտ-Բեկորն այդ անուններից է:
ԵՐԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Պատմության էջերից