Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք շքանշանների լրիվ ասպետները։

Հայրենական մեծ պատերազմում տարած Մեծ Հաղթանակի 70-ամյակի շեմին ՀՀ պաշտպանության նախարարության և պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի հանձնաժողովի անդամները` պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ՊԶՈՒՎԿ-ի նախագահ, ՀՄՊ-ի վետերան, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, կոմիտեի անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ, ԽՄ և ՀՀ ԶՈՒ վետերան Ռուբեն Բախշյանը, ի հարգանք Խորհրդային Միության հայազգի հերոսների հիշատակի, սեպտեմբերի 14-ից 23-ը այցելել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս: Այցելությունը հագեցած է եղել բազմաթիվ միջոցառումներով: Հանդիպումներ են եղել հայ համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ակտիվիստների հետ:

Առաջին օրը հանձնաժողովը այցելել է Խորհրդային Միության հերոս, պաշտոնաթող գնդապետ ՀՐԱՆՏ ԱՐՍԵՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ: Հերոսի 90-ամյակը լրանում է հոկտեմբերի 15-ին: Գեներալ Մ. Սարգսյանը ՀՀ ՊՆ-ի անունից նրան է հանձնել Մարշալ Հովհ. Բաղրամյանի և Ծովակալ Հ. Իսակովի անվան գերատեսչական մեդալները, իսկ Հունան Ավետիսյանի անվան ֆոնդի նախագահ Էդուարդ Գազիրիկյանը` ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի մեդալը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կրասնոդարի Պաշկովսկի շրջանի հայ համայնքի ղեկավար Վլադիմիր Մայրանյանը, հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Ալեքս Դնոյանը, բարերարներ Ալբերտ Համբարձումյանը և Գևորգ Բալադյանը:

301-րդ հրաձգային դիվիզիայի 1054-րդ հրաձգային գնդի գումարտակի կոմսօրգ Հրանտ Ավագյանը 1945թ. ապրիլի 16-ին Օդեր գետի Կյուստրին երկաթգծում, որը առաջին Բելոռուսական ճակատում էր, կազմակերպել և ոչնչացրել է 15 ֆաշիստի. 14-ին գերի է վերցրել, գրավել 2 զրահամեքենա, ապա և գնդի դրոշը բարձրացրել շտաբի շենքի վրա: Նա Խորհրդային Միության հերոսի կոչումն ստացել է 1946թ. մայիսի 15-ին: Պատերազմից հետո նա ավարտել է Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան, 1975-1988 թթ. եղել է Բաքվի ՀԲՈՒ (համազորային բարձրագույն ուսումնարան) քաղաքական բաժնի պետ և այնտեղից անցել թոշակի:

Սեպտեմբերի 19-ին Տուապսեի շրջանի Վերխնեբականսկ ավանի թիվ 14-րդ դպրոցի բակում կայացավ միջոցառում, որը նվիրված էր Խորհրդային Միության հերոս ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ սխրագործությանը: Այն ավարտվեց հրաձգային հրավառությամբ: Այդ օրը դպրոցի փառքի սրահում տեղադրվեց նրա կիսանդրին, որ պատվիրակության նվերն էր:

Հայ հերոս Հունան Ավետիսյանը 1943թ. սեպտեմբերի 16-ին հարձակողական մարտում Վերխնեբականսկ բնակավայրի մոտակա Դոլգայա սարի գագաթին իր կյանքի գնով ոչնչացրել է թշնամու երեք հրետակետեր, ինչի շնորհիվ Հայկական 89-րդ դիվիզիայի 390-րդ գնդի ստորաբաժանումները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները և կատարել մարտական առաջադրանքը:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով Հ. Ավետիսյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Նա հուղարկավորված է Վերխնեբականսկի գերեզմանում:

Հ. Ավետիսյանի սխրագործությունը 1943թ. սեպտեմբերի 18-ին կրկնել է հայազգի մեկ ուրիշ հերոս` Հայկական 89-րդ հրաձգային Թամանյան դիվիզիայի 526-րդ գնդի գնդացրային ջոկի հրամանատար, ավագ սերժանտ ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Նա իր վրա է վերցրել վիրավորված հրամանատարի պարտականությունները, ապա Նովոռոսիյսկի ուղղությամբ ընթացող դաժան մարտերում, Անապայի շրջանի Կուրբատսկ գյուղի տարածքում, իր կրծքով փակել է թշնամու հրետակետը: Հայաստանի պատվիրակությունը համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների հետ ծաղկեպսակ դրեց Հերոսի շիրիմին: Ելույթներում բարձր գնահատվեց հերոսի կատարած սխրագործության նշանակությունը` երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1944թ. մայիսի 16-ի նույն հրամանագրով Սուրեն Առաքելյանին շնորհվել է Հերոսի կոչում: Նրա ծննդավայրում` Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Տաթև գյուղի դպրոցը կրում է նրա անունը: 1986թ. դպրոցի բակում տեղադրվել է հերոսի հուշարձանը:

ՀՀ-ից մեկնած պատվիրակությունը Շահումյանի շրջանի Գոտխ գյուղում ծաղկեպսակ դրեց Խորհրդային Միության հերոս ծովակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ ԻՍԱԿՈՎԻ հուշահամալիրին: Հ. Ս. Իսակովը հմտորեն ներդաշնակել է Սևծովյան ճակատի, Ազովի և Կասպից ծովերի ֆլոտիլիաների ուժերը Հյուսիսկովկասյան ճակատի ցամաքային ուժերի հետ:

Հ.Ս. Իսակովը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին, Կարսի մարզի Հադջիկենդ գյուղում: 1942թ հոկտեմբերի 4-ին Տուապսեի շրջանում ծանր վիրավորվել է, կորցրել ձախ ոտքը, բուժվելուց հետո շարունակել է կատարել իր հայրենասիրական պարտքը: Աշխատել է Ծովային նախարարի տեղակալի, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի պաշտոններում: Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ էր: Իսակովի «Ծովային ատլասը» դեռ մինչ օրս էլ բարձր է գնահատվում: Մահացել է 1967թ. հոկտեմբերի 10-ին, հուղարկավորված է Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը:

Հայկական 408-րդ հրաձգային դիվիզիան մեծ ներդրում ունի Կրասնոդարի երկրամասում ծավալված ռազմական հաղթական գործողություններում: Դիվիզիան Տուապսեի շրջանի դաժան մարտերում ուժասպառ է արել թշնամուն, դուրս եկել շրջափակումից, հետագայում վերակազմավորվել առանձին հրաձգային բրիգադի, շարունակել կռվել 56-րդ բանակի կազմում: ՀՀ պատվիրակությունը եղավ այդ մարտադաշտերում: Հանդիպեց Տուապսեի շրջանի և Գոտխ գյուղի ղեկավարների հետ: Քննարկեց զոհվածների, հուղարկավորվածների գերեզմանների հարևանությամբ հուշարձան կառուցելու համար հողատարածք հատկացնելու հարցը: Առաջարկությունն ընդունվել է, մնում է հետամուտ լինել և իրականացնել նախատեսված ծրագիրը:

Նովոռոսիյսկ քաղաքի մատույցներից մեկում պատվիրակության անդամները կանգառ են կատարել հենակետային բետոնապատված ամրոցներից մեկի մոտ, որտեղ հուղարկավորված են Սևծովյան նավատորմի հրետանավորները: Նովոռոսիյսկ քաղաքում պատվիրակությունը եղավ «ՄԱԼԱՅԱ ԶԵՄԼՅԱ» հուշահամալիրում, հրետակոծություններից ավերված և թանգարանի նմուշ դարձած շենքի տարածքում, հայկական եկեղեցում:

Կրասնոդարի երկրամասում պատվիրակությունը այցելեց նաև «Երկրամաս» թերթի խմբագրություն: Խմբագիրը` Տիգրան Թավադյանը, նշեց, որ երկրամասի հայ համայնքի, հոգևորականների և գործարարների նվիրական գործունեությունը համախմբման կարիք ունի:

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Պատմության էջերից


30/10/2014