Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



«Հայ զինվորի» նախորդ համարում տպագրված Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի զինղեկ, գնդապետ Ռ. Գրիգորյանի՝ իր նախկին աշակերտ, ներկայիս զինվոր Արսեն Իսրայելյանի ծննդյան շնորհավորանքը անսպասելիորեն արժանացել է մեր թերթի Ֆեյսբուքյան էջի ընթերցողների ուշադրությանը: Անսպասելի ենք ասում, որովհետև այդ փոքրիկ թղթակցությունը բառիս բուն իմաստով ծվարել էր թերթի 16 էջերից մեկի, ընդ որում՝ այնքան աչքի չզարնող տեղում: Պատկերացրեք` այն դարձավ մեր նախորդ համարի ամենադիտված (4656 անգամ) եւ ամենից շատ հավանման (310) արժանացած հրապարակումը: Ինչո՞ւ: Թերևս փորձում ենք հասկանալ, պատճառը ուսուցչի ջերմ խոսքերն են, ինչպես նաև այն, որ նա այդպես կապված է նախկին սաների հետ և չի մոռանում անգամ զինվորական ծառայությունն անցկացնող իր զինվորի ծննդյան օրը, գուցե բոլորին հմայել է զինվորի՝ իսկապես անկեղծ, սրտանց ժպիտը, որ լուսավորում է թերթի ամբողջ էջը… Այո՛, անպատճառ, սակայն մտածում ենք նաև, որ ֆեյսբուքյան մեր ընթերցողներից յուրաքանչյուրը ժպտացող զինվորի մեջ տեսել է իր զինվորին, իր որդուն, իր եղբորը, և նրա լայն ժպիտը հավատ, ուժ է ներշնչել մեր բանակի և վստահություն` մեր հայրենիքի վաղվա լավագույն օրվա նկատմամբ: Մտածում էինք՝ ծնողները, համադասարանցիները կտեսնեն եւ կուրախանան, կարձագանքեն, բայց ընթերցողները բազում բարեմաղթանքի խոսքեր են ուղղել զինվորին քսանամյակի առթիվ, ինչից էլ կարող ենք եզրակացնել՝ զինվորը միայն ծնողինը չէ կամ դպրոցինը, այլ ամբողջ ժողովրդինն է:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Ազգային բանակ


30/10/2014