ՄԱՀ ՔԱՋՈՐԴՎՈՒՅՆ
ԵՊՀ hայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր կոչում: Շնորհավորում ենք վաստակաշատ հայագետին ու մեր ընթերցողին ներկայացնում նրա «դասախոսություններից» մեկը մեր ժողովրդի մշակույթի, հերոսական անցյալի մասին, որը հարգարժան պրոֆեսորը «կարդաց» Եռաբլուրում հերոս տղաների մայրերի ու քույրերի ներկայությամբ:
Զեյթունի հերոսամարտին հայ մայրը իր որդուն՝ Մելիքսեդեկ Քասումյան անունով, հագցնում-կապում է, զենք-զրահը տալիս, հայրենասիրական խրատներով և գոտեպնդիչ խոսքերով ճանապարհում ռազմի դաշտ: Ահեղ կռիվն ավարտվում է մեր հաղթանակով: Ու ճակատամարտից հետո մայրը զոհվածների մեջ փնտրում է որդուն՝ Մելիքսեդեկին… Եվ նրան գտնում է ծանր վիրավոր վիճակում: Մայրը կռանում է, որ հետը խոսի, բայց որդին խնդրում է լռել, լռել ու իրեն լսել: Եվ վիրավոր որդին այսպես է դիմում մորը.
Դու զով խնդրես, մա՛յր իմ անույշ.
Ե՛կ, մ՛ի դողար, մոտեցի՛ր հոս,
Անլաց աչոք դիտե՛ զորդիդ
Ու յուր վերքերն արյունահոս.
Թրքաց մայրեր թող լան, ու դուն
Ուրախ լուրեր տա՛ր ի Զեյթուն:
Ինչպես երբեմն օրրանիս մեջ
Կակուղ ձեռքով փայփայելով
Մանկիկ մարմնույս հանգիստ տայիր
Իբրև հրեշտակ նըվագելով.
Զիս հանգչեցուր ի հող, և դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
«Նորեկ որդվույս կենացն արև
Ձեզի համար փայլի՛, հայե՛ր»,
Այսպես յայնժամ դու կ’երգեիր ՝
Օրորոցիս նըստյալ քովեր.
Անոնց համար շիջավ, և դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
Կարմիր կայլակք ցայտին վերքես,
Սակայն, մա՛յր իմ, նայե՛ չորս դին,
Զարյունըռուշտ թուրքերըն տե՛ս
Հազարներով փըռված գետին.
Կերավ զանոնք սուր մեր, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
Մըռընչեցին ինչպես վիշապ
Ու մեր վըրա հարձակեցան.
Ո՜վ հայրենիք, ի հուր, ի բոց
Քո համար մեր սիրտք վառեցան.
Կարմիր ներկան ձորք մեր, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
Ու ծափ զարկին մեր հարց ոսկերք,
Զի չէ՛ մեռած Հայոց կըրակ.
Ու ցընծացին այնչափ զոհեր,
Զի լուծավ վրեժ յարյան վըտակ.
Խնդաց Մասիս, մա՛յր իմ, և դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
Վերջին համբույր տամ քեզ, մայրի՛կ,
Հատուցանես զայն սիրուհվույս.
Վերջին անգամ գրկեմ մեր հող,
Ուր արդ կիջնամ ի ծոցն անլույս:
Խաչ մը տընկե վըրաս, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:
Պատրաստեց ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Հոգևոր-մշակութային