ՁՄԵՌՎԱ ՇՆՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Զենքի և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկումը կարևոր է ինչպես դրանց անխափան աշխատանքի, այնպես էլ օգտագործման երկարակեցությունն ապահովելու համար: Ամեն տարի այս ժամանակաընթացքում զորամասերում տարվում են ձմեռային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքներ: Այս տարի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գործընթացն սկսվեց հոկտեմբերի 13-ին, ավարտվեց՝ 28-ին: Գնդապետ Ա. Տոնոյանի մոտոհրաձգային զորամասի մեքենայական պարկում այդ օրերին իսկական աշխատանքային եռուզեռ էր: Մանրակրկիտ ստուգվում, մաքրվում, ամրացվում, ներկվում, նախատեսված քսայուղերով յուղվում, գոյվում էին զրահատեխնիկայի, հրանոթների, ավտոմեքենաների բոլոր հանգույցները: Բնականաբար, կարևորվում էր մարտկոցները և հովացման համակարգը ձմռան համար նախատեսված նյութերով, յուղով ու հեղուկներով փոխարինելու հարցը:
Մեր նկարահանման պահին տարվող աշխատանքները ստուգում, ղեկավարում էին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մ. Այդինյանը և զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գ. Պապյանը:
-Խնդրում եմ լուսանկարեք հաշվարկի համար, շարքային Ասպետ Փարսյանին,ԳԱԶ-66-ի վարորդ, շարքային Վահան Քիշմիրյանին, ԶԻԼ-156-ի վարորդ, շարքային Սերգեյ Բալայանին: Այս զինվորները չափազանց լավ են կատարել սպասարկումը: Մանավանդ շարքային Բալայանը: Նա անցյալ դարի կեսերի արտադրության մեքենա է վարում, բայց այնքան լավ է պահում մեքենան, որ բոլոր տագնապների ժամանակ առաջինն այդ մեքենան է զորամասից դուրս գալիս: Նա իր օրինակով ցույց է տալիս, թե որքան կարևոր է տեխնիկայի պահպանումն ու խնամքը,- ասաց գնդապետ Մ. Այդինյանը:
Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հ. Իկիլիկյանի ուղեկցությամբ նախ հետևեցինք Դ-30 հրանոթների սպասարկման աշխատանքին:
-Կատարել ենք աշխատանքի այսպիսի բաժանում. հաշվարկի նշանառուները կատարում են հրանոթների կարգաբերում, հրամանատարներն ու համարները մաքրում են արկերը, իսկ մեխանիկ վարորդները՝ իրենց մեքենաները,- պարզաբանեց դիվիզիոնի հրամանատարը:
Երբ մոտեցանք հրանոթներից մեկին, զինվորը ներկայացավ.
-Շարքային Հմայակ Պողոսյան, նշանառու, գործի մեծ մասն արդեն կատարել եմ:
Աշխատանքների մասին մոտեցող դիվիզիոնի հրամանատարին զեկուցեց մարտկոցի հրամանատար կապիտան Արկադի Մարգարյանը:
-Բոլորն էլ լավ են աշխատում, հասկանում են, թե ինչ կարևոր գործ են կատարում,- ասաց կապիտանը:
Տեսանք նաև Վահան Քիշմիրյանի ԳԱԶ-66-ը: Իրոք, տղան լավ գործ էր արել ու մեկ առ մեկ թվարկեց արածը:
Եղանք նաև առաջին մոտոհրաձգային գումարտակի առաջին վաշտի զրահափոխադրիչների, հետևակի մարտական մեքենաների, բեռնատար մեքենաների շվաքարաններում, ուր անձնակազմերը, մեխանիկ վարորդներն իսկական վարպետի բանիմացությամբ իրենց զենքն էին մաքրում-փայլեցնում:
-Մեր զինվորներն առանձնապես հուշելու, օգնելու կարիք չեն զգում, նրանք ամեն ինչ գիտեն, գուցե մեզնից էլ լավ: Աշխատանքը հիմնականում կատարված է, և եթե ոչ այսօր, ապա վաղը կզեկուցենք առաջադրանքի կատարման մասին,- ասաց գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Ս. Գրիգորյանը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ