ԱՌԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ` ՈՉ ՄԻ ՔԱՅԼ …
Զորապետների համար չափազանց կարևոր են հարձակվող հակառակորդի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, մտադրությունների, շարժման հնարավոր ուղղությունների մասին ժամանակին ստացված տեղեկությունները: Դրանք օգնում են նրանց մարտավարության ընտրության, սեփական ուժերի դասավորման, մի խոսքով՝ պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու ու թշնամուն ջախջախելու հարցերում: Չնայած այն իրողությանը, որ գիտատեխնիկական առաջընթացի մեր ժամանակներում հետախուզությունն ավելի շատ կատարվում է արբանյակային կապի, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չի նվազում սակայն մարդու, իր հայրենիքին նվիրված զինվորի բերած տեղեկությունների արժեքը: Ընդհակառակը, գնալով ավելանում են հետախուզական ստորաբաժանումների առջև դրվող խնդիրները, որոնց իրականացման համար նրանք պետք է ունենան մարտավարամասնագիտական չափազանց բարձր պատրաստականություն: Ազգային բանակի հետախուզական զորամասերի ու առանձին ստորաբաժանումների մասնագիտական պատրաստականությունը քննարկման ենթակա չէ, այն շատ բարձր է բոլոր առումներով, իսկ զորային հետախույզների ունակություններին ծանոթանալու համար պատահական ընտրությամբ այցելեցինք գնդապետ Ա. Տոնոյանի մոտոհրաձգային զորամաս:
Զորանոցը, որը հատկացված էր հետախուզական վաշտին, ձևավորված էր մասնագիտական տեսողական նյութերով, լուսանկարներով, կարգախոսներով, որոնց մեջ առանձնանում էր՝ «Առանց հետախուզության՝ ոչ մի քայլ…» նշանաբանով պաստառը:
-Ամբողջ զորամասին է վերաբերում, մենք պետք է իրավիճակը ճշտենք, զեկուցենք, որից հետո հրամանատարությունը կորոշի՝ պետք է առաջ շարժվել, թե՝ ոչ,- պարզաբանեց ծառայության պետ, մայոր Ա. Սահակյանը:
Այնուհետև նա ներկայացրեց վաշտի վերջին տարիների ձեռքբերումները, նվաճած գավաթը, պատվոգրերը: Պարզվեց՝ երկու տարի անընդմեջ վաշտն առաջին տեղն է գրավել հետախույզների համար նախատեսված համար 27 վարժաձևի համաբանակային մրցումներում և եթե այս տարի էլ հաղթի՝ «կսեփականացնի» գավաթը: Միաժամանակ, հոկտեմբերի 16-ին, ուսումնական կենտրոնում անցկացված «Լավագույն հետախուզական խումբ» մրցույթում վաշտը զիջել է միայն առաջին զորամիավորման հետախուզական խմբին և վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից պարգևատրվել պատվոգրով, որի վրա գրված է. «…տրվում է N զորամասի վաշտին համաբանակային մրցույթում ուժի, ճարպկության և դիմացկունության լավագույն արդյունք ցույց տալու համար»:
-Այստեղ էլ ենք երկրորդ անգամ նույն արդյունքը ցույց տալիս,- ասաց մայոր Ա. Սահակյանը և մեր խնդրանքով ներկայացրեց մրցույթի մանրամասները:- Առաջին տեղ ենք գրավել հետախույզի արահետի անցումից, հինգ հազար մետր վազքից, արգելագոտու հաղթահարումից, ռազմերթից, երկրորդ արդյունքն ենք ցույց տվել ռազմական տեղագրությունից, խարույկ վառելուց, բազավորումից և առաջին բուժօգնությունից:
-Անդրադառնալով ուսումնական գործընթացին՝ նա նշեց, որ տարվա ընթացքում երկու անգամ վաշտը տեղափոխվում է ուսումնական կենտրոն և հատուկ պայմաններում մասնագիտական պարապմունքներ անցկացնում, դրանից բացի, մասնակցում զորամասի մոտոհրաձգային գումարտակների դաշտային ելքերին, ճամբարային հավաքներին ու զորավարժություններին, անցկացնում առանձին զորավարժություն:
Քանի որ վաշտը նախապատրաստվում էր համար 27 վարժաձևի առաջիկա մրցումներին, մայոր Ա. Սահակյանը և վաշտի հրամանատար, կապիտան Վ. Քոչարյանն առաջարկեցին ներկա գտնվել անցկացվող նախապատրաստական պարապմունքին:
♦♦♦
Զենքով երեք հազար մետր վազքի ուղին դուրս էր գալիս զորամասի տարածքից, ինչի համար էլ նախ ձեռնարկվեցին անվտանգության ապահովման միջոցառումները, որից հետո ծառայության պետն ու վաշտի հրամանատարը կատարեցին անհրաժեշտ հրահանգավորումը և անձնակազմին ոգևորելով՝ տրամադրեցին անզիջում մրցակցության: Մեկնարկից տասնվեց րոպե անց, առաջատարները տեղ հասնելով, սկսեցին արգելագոտու հաղթահարումը, վայրկյաններ անց երևաց վաշտի հիմնական կորիզը:
Կապիտան Վ. Քոչարյանն ամփոփելով արդյունքները՝ նշեց, որ ամենաարագը կրտսեր սերժանտ Գևորգ Սարգսյանն է, նրան հաջորդում են շարքայիններ Մխիթար Վելիցյանը, Վանիկ Վարդանյանը, Գևորգ Գևորգյանը, Արթուր Արզումանյանը և Ավետիս Ավետիսյանը:
-Առաջինների և վերջինների միջև տարբերությունը շատ չէ, ընդամենը տասը-տասներկու վայրկյան, որը պետք է հաղթահարենք և մեր ուժերին վստահ՝ մեկնենք մրցումների, իսկ այժմ հանձնում ենք զենքը, հակագազը և լվացվելով-մաքրվելով` պատրաստվում ճաշի:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ