Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ՌՈՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մալաթիա-Սեբաստիա տարածքային
զինվորական կոմիսար, գնդապետ

Ձմեռային զորակոչին ընդառաջ զինկոմիսարիատում տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Պատանիներն անցնում են բժշկական զննումներ, և եթե զինակոչիկն ունի առողջական խնդիրներ, գործուղում ենք ստացիոնար հետազոտման, հակառակ դեպքում՝ միանգամից իրականացնում ենք կցագրումը: Կցագրման գործընթացն սկսվում է պատանիների տասնվեց տարին լրանալուց հետո: Այնուհետև, տասնութ տարին լրանալուն պես, պատանիները, որոնք արդեն ենթակա են զորակոչման, կրկին ներկայանում են զինկոմիսարիատ, անցնում բուժզննում, որից հետո զորակոչվում են, իսկ որոշակի առողջական խնդիրներ ունեցողները ներկայանում են հանրապետական բժշկական հանձնաժողով՝ սպասելով համապատասխան որոշման: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի՝ Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի, սահմանված են այն բոլոր հիվանդությունների սրացման աստիճանները, որոնց առկայության դեպքում նորակոչիկը կա՛մ ստանում է համապատասխան բուժում, կա՛մ տարկետում, կա՛մ էլ տեղափոխվում է պահեստազոր ու ազատվում ծառայությունից:

Զորակոչն իրականացվում է երկու փուլով՝ ամառային և ձմեռային: Առաջին կիսամյակում ծնվածները զորակոչվում են ամառային փուլում, երկրորդ կիսամյակում ծնվածները՝ ձմեռային: Նախկին ժամկետների հետ համեմատած՝ զորակոչը մեկ ամսով հետաձգվել է: Գարնանային զորակոչն իրականացվում է հունիս-հուլիս ամիսներին, սակայն զորակոչվում են մինչև հունիսի 30-ը ծնված և տասնութ տարին լրացած անձինք, իսկ ձմեռային զորակոչն իրականացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին, և զորակոչվում են մինչև դեկտեմբերի 31-ը ծնված և տասնութ տարին լրացած անձինք: Կարգը սակայն նույնն է, ինչ նախկինում. բանակ զորակոչվելու ենթակա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տասնութ տարին պետք է լրացած լինի հունիս և դեկտեմբեր ամիսներին: Զորակոչի մեկ ամսով հետաձգելը կապված է այն բանի հետ, որ պատանիները ավարտեն 12-րդ դասարանը և բուհեր դիմելու հնարավորություն ունենան: Հարկ է նշել, որ զորակոչի ընթացքում զորակոչվածներից ընտրվում են գրագետ, բանիմաց պատանիներն ու ուղարկվում ուսումնական զորամաս: Այնտեղ 5-6 ամիս ծառայում են, ստանում մասնագիտություն և տեղափոխվելով այլ զորամասեր, ծառայում են ըստ մասնագիտության: Բարձրագույն կրթություն ունեցողներից բացի, եթե թվակազմը չի բավականացնում, ընտրվում են նաև թերի բարձրագույն կրթությամբ անձինք:

Բոլոր զորակոչիկներին մաղթում եմ խաղաղ ծառայություն։

Պատրաստեց ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/10/2014