Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՏԱՎՈ՛Ր ԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ…



ՀՕՊ-Ը ԴԵՌ ԿՀՊԱՐՏԱՆԱ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՍՊԱՆԵՐՈՎ

Երկու ամիս է, որ սովորում ենք ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում: Դժվար է, անշուշտ, հատկապես հումանիտար կրթություն ստացած կուրսանտներիս համար, բայց մենք ջանք չենք խնայում, աշխատում ենք հնարավորինս արագ հաղթահարել դժվարությունները: Եթե սիրում ես քո մասնագիտությունը, պետք է ջանք ու եռանդ չխնայես այն է՛լ ավելի կատարյալ տիրապետելու համար: Մենք՝ աղջիկներս, մեզ առավել պարտավորված ենք զգում, քանի որ ՀՕՊ-ի իգական սեռի առաջին սպաներն ենք դառնալու: Համակուրսեցիներս լավ ընկերներ են, մի խոսքից իրար հասկանում ենք: Կուրսի տղաները ուշադիր են մեր նկատմամբ, եթե թերանում ենք ուսման մեջ, մեզ օգնում են: Մեր համախմբվածությունը, տրամադրող մթնոլորտը առաջին հերթին գալիս է մեր վաշտի հրամանատարից՝ մայոր Արթուր Մատինյանից, որի ուշադրության կենտրոնում ենք մշտապես: Նա իր խորհուրդներով նպաստում է զինվորական կյանքին արագ հարմարվելուն, մեզ համար կարգապահ, նրբանկատ, պահանջկոտ հրամանատարի վառ օրինակ է: Շուտով մենք էլ ենք դառնալու հրամանատար և հետևելու ենք նրա օրինակին:

Ռազմաավիացիոն ինստիտուտում մեծ ուշադրություն է դարձվում կարգապահությանը, ուսմանն ու ֆիզիկական պատրաստվածությանը: Ունենք բանիմաց հրաշալի դասախոսներ, որոնք իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը փոխանցում են մեզ: Մոտ օրերս մեր լավագույն դասախոսների՝ փոխգնդապետներ Բարսեղյանի և Մակվեցյանի ուղեկցությամբ եղանք ՀՕՊ-ի զորամասերից մեկում, որտեղ որոշակի պատկերացում կազմեցինք հակաօդային պաշտպանության մասին, եղանք կայաններում, տեսողական-դիտարկման, գնդի հրամանատարական կետերում, այն ամենը, ինչ սովորել էինք տեսականորեն, փորձեցինք գործնականում:

Մեր օրն անցնում է հետաքրքիր ու հագեցած, ամեն օր յուրացնում ենք ռազմական նորանոր գիտելիքներ, փորձում ենք հմտանալ մեր գործի մեջ, որպեսզի հուսախաբ չանենք մեր սիրելի դասախոսներին և վաղն իսկ արդեն կարողանանք անսասան հսկել մեր երկրի օդային սահմանը:

ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
կուրսանտ

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ազգային բանակ


06/11/2014