ՄԱՀՉՈՒՓՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ…
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Նա թուրքական կառավարության թերևս միակ ոչ մահմեդականն է: Ըստ թուրքական «Սաբահի»` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկն ստացել է անձամբ վարչապետից: Իսկ ինքը` Դավութօղլուն, մեկնաբանելով` ասել է, որ գլխավոր խորհրդականի ազգային պատկանելությունը ամենևին կապ չունի իր նշանակման հետ:
Ի՞նչ նպատակ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին արված քաղաքական այս քայլը, ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ մեր աշխատակից Շուշան Ստեփանյանին պարզաբանել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նախ երկու բառ Էթյեն Մահչուփյանի մասին. նա գերազանց կրթություն է ստացել, վերին աստիճանի պատրաստված անձնավորություն է, դասավանդել է հեղինակավոր Բողազիչիի և Անկարայի համալսարաններում: Բազմաթիվ գիտական աշխատությունների ու մենագրությունների հեղինակ է: Մահչուփյանը հայ կաթոլիկ է: Երկար ժամանակ աշխատել է «Զաման» օրաթերթում, որը համայնքի խոսափողն է: Սակայն նա իր հայացքները չի փոխել, եղել է անաչառ, այդ իսկ պատճառով թերթից հեռացել է: Վստահաբար նա ունի գլխավոր խորհրդական նշանակվելու բոլոր արժանիքները: Սակայն, այլ հարց է, թե ինչո՞ւ է Ահմեդ Դավութօղլուն այդ պաշտոնին նշանակել ազգությամբ հայի: Մի քանի պատճառներ կան: Նախ այն, որ Եվրամիությունը Թուրքիային միշտ մեղադրում է ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքները ոտնահարելու համար: Թուրքիային վերաբերող բոլոր զեկույցներում այդ հանգամանքը միշտ նշվում է, հետեւաբար, նշանակելով Մահչուփյանին, Թուրքիան նախ փորձում է բարելավել իր միջազգային վարկանիշը, նաեւ՝ կոծկել հայատյացության դրսեւորումները: Իսկ այն, որ այդ երկրում այլատյացության, մասնավորապես` հայատյացության դրսևորումներ կան, անվիճարկելի է: Ժամանակ առ ժամանակ էլ թուրք գործիչները բացահայտ հայատյաց ելույթներ են ունենում: Նաեւ՝ այս նշանակումով Թուրքիան Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրյակի միջոցառումներին հակահարված տալու հնարավորություն ձեռք բերեց: Թուրքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի ջանքերը համարում են Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշում: Եվ հիմա, եթե այդ միջոցառումներն ըստ արժանվույն անցկացվեն, Թուրքիան միջազգային ասպարեզում աղմուկ-աղաղակ կտարածի, թե մենք հայերի նկատմամբ լավ վերաբերմունք ունենք, հայ գործչին նշանակել ենք վարչապետի գլխավոր խորհրդական, ոչ մի խտրականություն չենք դնում էթնիկ եւ ազգային փոքրամասնությունների եւ թուրքերի միջեւ (բայց դնում են, շատ էլ լավ դնում են), իսկ հայերը Թուրքիայի դեմ հերթական անգամ թշնամական քայլեր են ձեռնարկում: Այդպես պիտի փորձեն արդարանալ: Որոշ պարբերականներ գրում են, թե Մահչուփյանը վերածվեց հակահայկական գործիքի: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը չէր կարող Մահչուփյանի համար գայթակղիչ չլինել, բայց կդառնա՞ գործիք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Նա վերին աստիճանի խելացի անձնավորություն է: Կարծում եմ՝ կմնա իր բարձրության վրա կամ էլ հրաժարական կտա:
Ես հավատում եմ Մահչուփյանին:
Իսկ եթե նրա նշանակումը դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը նպաստելու տեսանկյունից, ապա միանշանակ է՝ ոչ մի նպաստ, իհարկե, չի բերի, որովհետեւ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ուժի մեջ է դեռեւս 1991 թվականից՝ մեր անկախության առաջին իսկ օրվանից: Այդ ընթացքում 5-6 նախագահ է փոխվել, 6-7 կառավարություն, բայց քաղաքականության էությունը մնացել է նույնը, այսինքն՝ ընդգծված հակահայկական՝ խոսքը նախապայմանների մասին է, խոսքը սպառնալիքների մասին է, խոսքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը Թուրքիայի նկատմամբ որպես թշնամանք դիտարկելու մասին է: Հետեւաբար, եթե կառավարության փոփոխությունները չեն ազդել այդ քաղաքականության վրա, Մահչուփյանի նշանակումը բացարձակ չի կարող ազդել: Իսկ թե ինչո՞ւ չի փոխվել Թուրքիայի քաղաքականությունը, պարզ է. Թուրքիան Հայաստանի եւ հայերի նկատմամբ վերաբերմունքը դիտարկում է որպես ազգային խնդիր, հետեւաբար՝ Հայաստանի ու հայերի նկատմամբ կիրառվում է պետական քաղաքականություն: Այդ պարագայում կառավարությունները չեն կարող ազդեցություն ունենալ տվյալ հարցում, այդ իսկ պատճառով 20-ից ավելի տարիներ այդ քաղաքականությունն ուժի մեջ է: Որպեսզի փոփոխություն լինի, Թուրքիան նախ պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ խնդիրը չդիտարկի որպես ազգային հարց: Այդ դեպքում միայն կառավարությունը կամ առանձին քաղաքական գործիչներ կկարողանան ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան