Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂՈԹՔ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ



Երևանի պետական համալսարանի 80 ուսանողներ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ Բերձորի հարակից տարածքներում տնկեցին 100 ծառ՝ ընկուզենի ու սոսենի, և բոլորը միասին, ընդունված կարգի համաձայն, բարձրաձայն արտասանեցին Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ասացվածք ծառ տնկելու մասին» աղոթք-բանաստեղծությունը:

Տե՛ր, օրհնե՛ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն եւ սեւ հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արեւուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մեջ պապերուս արեւոտ շունչը անմահ,
Տե՛ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա՜,
Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։
Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
Աչքիս արցունք կբերե… Փառք ու մեռել շատ ունի։
Երկիրն իմ հին, ալեւոր, որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեղմնավոր, երազներով օրորուն…
Մեռելներուս իբրեւ խաչ՝ ես այս ծառը տնկեցի…

Ահա այսպես շիվ առ շիվ, տունկ առ տունկ հողը, արմատավորվելով, դառնում է հայրենիք, հայրենիքը՝ պապենական բնօրրան…

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Հոգևոր-մշակութային


06/11/2014