Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐՏՔԸ



ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամներ նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ և Հայաստանի գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ ՀՀ և ԼՂՀ փոխգործակցության շրջանակներում օրերս մեկնեցին պաշտպանության բանակի զորամասերում հայրենասիրական բնույթի դասախոսություններ կարդալու և մեկ անգամ ևս բանակ – հասարակություն կապն ամրապնդելու համար:

Երևանից ժամանած մտավորականներին ընդունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախագահը ողջունեց հասարակական խորհրդի՝ արդեն 5-րդ տարին շարունակվող նախաձեռնությունը, նշելով, որ նման միջոցառումները ավելի ու ավելի են ամրապնդում մարտական զորամասերում ծառայող մեր զինվորականների ոգին: ԼՂՀ նախագահի բնորոշմամբ՝ նման գործունեությունը կարելի է որակել որպես առաքելություն: Պարոն Բ. Սահակյանը ներկաներին ծանոթացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, միաժամանակ կանգ առավ արագ լուծում պահանջող մի շարք թերությունների ու բացթողումների վրա: Հետաքրքիր էր այն փաստը, որ ԼՂՀ իշխանությունները առավել արդյունավետ սկսել են յուրացնել Արաքսի հովտում գտնվող հողերը՝ գյուղատնտեսական նպատակների համար (նախագահը խոստացավ հաջորդ հանդիպման ժամանակ ցույց տալ կատարված աշխատանքների արդյունքները): Նա միաժամանակ ցավով նշեց, որ որոշ ԶԼՄ-ներ մի շարք դեպքերում անուշադրության են մատնում իշխանությունների կողմից կատարվող հսկայածավալ աշխատանքները` ժամանակ առ ժամանակ հասարակությանը թերություններ ներկայացնելով:

Այնուհետև դասախոսները մեկնում են պաշտպանության բանակի տարբեր զորամասեր: Մենք՝ պ.գ.թ. Արմինե Ղամբարյանը և ես, այցելում ենք գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Մեզ հաճելիորեն զարմացրեց զորամասի մաքրությունը, զինվորների ձգված, իսկապես զինվորական կեցվածքը, ընդհանրապես կարգապահությունը:

Արմինե Ղամբարյանի զեկուցման թեման նվիրված էր մեր մտավորականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ռուբեն Սևակի կյանքին ու գործունեությանը: Դասախոսությունը ուղեկցվում էր համապատասխան սլայդների ցուցադրմամբ, որոնք ներկայացնում էին ականավոր գրողի կյանքի այս կամ այն դրվագները:

Դասախոսությունից հետ զրույց ունեցա շարքայիններ Էդգար Նիկողոսյանի, Գևորգ Գրիգորյանի, Մարատ Մուրադյանի և Սուրեն Մանուկյանի հետ:

Տղաներն արդեն ավարտում են ծառայությունը, և մեր զրույցն ընթացավ բավականին անկաշկանդ մթնոլորտում: Ինձ հետաքրքրում էր հակառակորդի հոգեբանական կերպարը: Տղաները, որոնք մարտական հերթապահության մեծ փորձ ունեին, ներկայացրին սահմանի մյուս կողմում գտնվող զինվորին, բավականին հետաքրքիր տեղեկություններ տալով հակառակորդի բարոյահոգեբանական կերպարի, կարգապահության և այլնի մասին, իհարկե չթերագնահատելով նրանց մարտական ունակությունները:

Մեր հրաժեշտի պահին գնդապետ Հ. Ամիրխանյանը հայտնեց նաև, որ իրենց մոտ է գալու «Շարական» համույթը, որին ուղեկցելու են այս տարվա հունվարին հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողները: Հրամանատարն ընդգծեց, որ Արմենի ծնողները, մի կողմ թողնելով իրենց վիշտը, շարունակ լինում են տարբեր զորամասերում, հանդիպում զինծառայողների հետ և քաջալերում նրանց: Գ. Նժդեհի խոսքերով ասած՝ մենք ժողովրդին միշտ պետք է օրինակ բերենք՝ «Մեր խնկարկելի մեռելների» օրինակը: Կարծում ենք՝ սա է գլխավորը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Բանակ և հասարակություն


06/11/2014