Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ԱԼԲԵՐՏ ՔԱՐԱՄՅԱՆ
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն
տարածքային զինվորական կոմիսար,
գնդապետ

Զորակոչին ընդառաջ ՀՀ զինվորական կոմիսարիատներում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Աշխատանքների կատարման թեժ շրջանում է նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքի ներկա փուլը ներկայացրեց զինվորական կոմիսար, գնդապետ Ալբերտ Քարամյանը:

-Սեպտեմբեր ամսից սկսած՝ զինկոմիսարիատում տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այժմ նորակոչիկներին մասնագիտացված բուժհաստատություններ ուղարկելու, փաստաթղթերի կազմման և կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացնելու փուլում ենք: Սեպտեմբերից նորակոչիկները ներկայանում են զինկոմիսարիատ, մեր բժշկական հանձնաժողովի կողմից բուժզննում անցնում: Հետազոտվելու համար նախ պատանիներին ուղարկում ենք պոլիկլինիկաներ: Նրանք զինկոմիսարիատ են ներկայացնում հետազոտման փաստաթուղթը, մեր բժշկական հանձնաժողովը ուսումնասիրում է այն և դրանից հետո արդեն, եթե նորակոչիկը ունենում է առողջական խնդիրներ և ստացիոնար բուժման կարիք, ուղարկում ենք մասնագիտացված կլինիկաներ: Հարկ է նշել, որ պոլիկլինիկաներում նորակոչիկներն ստանում են նաև կանխարգելիչ պատվաստումներ: Եթե նախկինում այդ պատվաստումներն արվում էին կենտրոնական հավաքակայանում, ապա այժմ դրանք իրականացվում են պոլիկլինիկաներում:

Մասնագիտացված կլինիկաներում հետազոտված նորակոչիկները անձնական գործերով և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ներկայանում են կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին` սպասելով վերջնական որոշմանը՝ ծառայության համար պիտանի՞ են արդյոք, թե՞ ոչ: Մեզ մոտ այդ նիստը լինելու է նոյեմբերի սկզբին, որի ժամանակ կներկայացնենք այն պատրաստ թվակազմը, որն այդ պահին ունենք: Իսկ մյուս նորակոչիկները, ովքեր դեռ հետազոտվում են, և որոնց հետազոտման արդյունքները բժշկական կլինիկաներից դեռևս չեն տրվել, կներկայացվեն հանձնաժողովի հաջորդ նիստերի ընթացքում: Այս գործընթացը շարունակական է. կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստերը կլինեն և՛ նոյեմբեր ամսվա ընթացքում, և՛ դեկտեմբերին, և՛ մինչև հունվար ամսվա կեսերը: Կենտրոնական բժշկական հանձնաժողովից մենք ցուցումներ ենք ստանում, թե որ օրը և ինչ թվաքանակով նորակոչիկներ ներկայացնենք:

Լինում են դեպքեր, երբ կենտրոնական բժշկական հանձնաժողովը նորակոչիկին ուղարկում է լրացուցիչ հետազոտման այլ բուժհիմնարկություն: Նորակոչիկին ուղեգիր է հատկացվում, և նա նորից հետազոտություն է անցնում:

Ստացված վերջնական որոշումներից հետո՝ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն, մենք նորակոչիկներին բաշխում ենք մեկնման ծանուցագրերը, և նշված օրը նրանք ներկայանում են զինկոմիսարիատ՝ պատրաստ ծառայության անցնելու պաշտպանության բանակի այս կամ այն զորամասում:

ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ազգային բանակ


06/11/2014