Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՌԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԸ ԶՈՐՔԵՐՈՒՄ



Զրույց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ


-Մարդու իրավունքների պաշտպանության առումով՝ ինչպե՞ս կբնութագրեք բանակի վիճակը, ի՞նչ առանձնահատկություններ ունի ուժային կառույցը:

-Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից զինված ուժերում կան մի շարք խնդիրներ, որոնք առանձնահատուկ են՝ պայմանավորված հենց զինվորական ծառայության առանձնահատկություններով (առաջին հերթին զինծառայողների միջև բոլոր տեսակի հարաբերությունների իրավական կանոնակարգվածություն), զինծառայողների իրավագիտակցության, իրավական գիտելիքների հաճախ ցածր մակարդակով:

-Որքանով են պաշտպանված սպայի իրավունքները, եւ ե՞րբ են խախտվում դրանք:

-Սպաների իրավունքների առումով մտահոգիչ են նրանց սոցիալական ապահովության խնդիրները՝ կապված, օրինակ, բնակարանային պայմանների ապահովման, ինչպես նաև սեփական կամքով զինծառայությունից արձակվելու ցանկության դեպքում պայմանագրային հիմունքներով ծառայող սպաների արձակման ժամկետների չպահպանման հետ:

-Ինչ վիճակում են ժամկետային զինծառայողները՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ:

-Ժամկետային զինծառայողների համար կարևորագույն խնդիրը ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերն են՝ բռնություն, ծաղրուծանակ, պատվի ու արժանապատվության ոտնահարում, որոնք պետք է հնարավորինս բացառվեն կամ գոնե հասցվեն նվազագույնի: Կարևոր է նաև առավել ուշադրությունը զինծառայողների առողջապահական իրավունքների նկատմամբ. Օմբուդսմենը հաճախ դիմումներ է ստանում զորամասերում ոչ բավարար բժշկական օգնության դեպքերի, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների համար նախատեսված սահմանափակումներին հակասող հրամաններ տալու վերաբերյալ:

-Մարդու իրավունքների առնչությամբ՝ ի՞նչ զարգացումներ կան բանակում, ո՞ւր են տանում միտումները:

-Զինված ուժերում մարդու իրավունքների զարգացման առանցքային միտումը մարդկային գործոնի ու հայեցողության բացառման ներդրման գաղափարն է՝ սկսած զորակոչի պահից մինչև զինծառայության ավարտը: Սրա օրինակ է զինվորական ծառայության վայրի ընտրությունը վիճակահանության կարգով կազմակերպելը: Այսպիսի մեխանիզմներ պետք է մշակվեն նաև զինծառայության բոլոր փուլերում ամենաբազմազան խնդիրների լուծման նպատակով: Հույժ կարևոր են նաև զինծառայողների, այդ թվում հրամանատարական կազմի իրավակրթման գործընթացի ճիշտ կազմակերպումն ու հետևողական իրագործումը:

-Ինչպիսի՞ բողոքներ է ստանում մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողներից, եւ ինչ ընթացք են ստանում դրանք: Կխնդրեի, որ մի քանի դեպքեր նշեիք:

-Օմբուդսմենը զինծառայողներից ստանում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ: Դիմումների կապակցությամբ բանավոր կամ գրավոր ձևով պարզաբանումներ են ստացվում իրավասու պետական մարմիններից, ինչի արդյունքում նույն մարմինների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակներ, առաջարկվում կանխել կամ վերացնել իրավունքի խախտումը:

Բացի վերը նշված դեպքերից՝ Մարդու իրավունքների պաշտպանին հաճախ դիմում են նաև հենց զորակոչի ընթացքում՝ զինակոչիկների բժշկական ուսումնասիրությունների գործընթացից դժգոհություններով: Այսպիսի դիմումների դեպքում, ըստ անհրաժեշտության, այցելություններ են կատարվում բժշկական հանձնաժողովի նիստերին՝ խնդրին տեղում ծանոթանալու և լուծում գտնելու համար: Մասնավորապես, 2014 թվականի ընթացքում մի քանի դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նշանակվել են զինակոչիկների լրացուցիչ բժշկական հետազոտություններ: Դժգոհություններ են լինում նաև քրեական գործերի նախնական քննության ընթացքից, սակայն Օմբուդսմենն, ըստ օրենքի, իրավասու չէ միջամտելու գործերի քննության ընթացքին: Այնուամենայնիվ, մի շարք դեպքերում Օմբուդսմենի միջնորդությամբ ապահովվել է որոշ դատավարական իրավունքների (օրինակ՝ մեղադրյալ զինծառայողի փաստաբան ունենալու) իրականացումը:

-Ի՞նչ հարցեր քննարկվեցին Ձեր եւ պաշտպանության նախարարի վերջին հանդիպման ժամանակ:

-Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարի վերջին հանդիպման հիմնական հարցը երկու ինստիտուտների համագործակցության ընդլայնումն ու խորացումն էր: Քննարկվեցին զինծառայողների իրավունքներին առնչվող մի շարք հրատապ և հեռանկարային լուծում պահանջող հարցեր, դրանց կարգավորման հնարավոր տարբերակները: Հատուկ շեշտադրում արվեց զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և փողոցային բարքերը զինված ուժերից բացառելու անհրաժեշտության վրա:

Գայանե Պողոսյան

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


06/11/2014