Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁՄԵՌԸ՝ ՏԱՔ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ



Նոյեմբերի 17-ից մեր բանակը կանցնի ձմեռային նոր համազգեստի: Այն որոշակիորեն լրամշակվել է՝ դառնալով է՛լ ավելի տաք, է՛լ ավելի հարմարավետ:

Զինվորի համար նախատեսված հագուստը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ինչպես արտաքին, այնպես էլ որակական փոփոխությունների` ելնելով միայն զինվորի շահերից: Այն պետք է լինի ոչ միայն եղանակային պայմաններին համապատասխան, այլ ավելի դիմացկուն, հարմար, զինվորի շարժումները չկաշկանդող: Այսինքն՝ զինվորական համազգեստի վրա ոչինչ հենց այնպես, պատահական ու ձեւական չի արվում:

Օրինակ՝ ավելի դյուրին է դարձել նոր ձմեռային դաշտային համազգեստի կոճկելը, նախկին հանովի վատինե տաքացվող բիազե աստառը փոխարինվել է անջրաթափանց կտորից աստառով: Նոր նմուշի տաքացվող ներդիրը զինվորին կպաշտպանի մինչեւ -35 աստիճան ցրտից, իսկ թեւերի հատվածում էլ լրացված ձգվող մանժետները չեն թողնի, որ քամին ներս թափանցի: Օձիքի մորթին փոխարինվել է ավելի որակյալով, նկատելի փոփոխությունների է ենթարկվել զինվորական գլխարկը՝ դառնալով է՛լ ավելի հարմարավետ ու ժամանակակից, ու գլխավորը` տաք:

Թե վրա հասած ձմեռը ի՞նչ անակնկալներ մեզ կմատուցի, դժվար է ասել, սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ բարեփոխված ձմեռային համազգեստով մեր զինվորը հաստատ չի սառչի:

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/11/2014