Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՓՈՔՐԻԿ, ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ` ՄԻԱՍԻՆ…



Ցավի երրորդ նոպան սկսվեց կեսգիշերն անց: Ասես մի անտեսանելի ձեռք երկաթե մատներով ճանկել էր որովայնս ու սեղմում էր ամբողջ ուժով: Օդը չէր հերիքում: Երբ բժիշկները ներս մտան, խոսելու ունակությունս վերականգնվեց: Հապճեպ ասեղը խցկեցին երակս, ու ինչ-որ հեղուկ դանդաղ սկսեց հոսել մարմնիս մեջ` աստիճանաբար բթացնելով ցավը: Րոպեներ անց ես արդեն կարող էի «նկատել» բժշկին: Մոտ 30 տարեկան բարձրահասակ, բարետես տղամարդը ժպտում էր հազար տարվա ծանոթի պես:

-Պիտի վիրահատենք: Լեղապարկը կհանենք առանց որովայնը բացելու… մի փոքրիկ, դժվար ճանապարհ կանցնենք միասին…

-Դուք ո՞վ եք:

-Կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետն եմ` Սևակ Շահբազյանը:

Բժիշկը պիտի սիրի հիվանդին ու իր մասնագիտությունը: Սերը պետք է այնքան մեծ լինի, որ ստիպի տրվել անմնացորդ, ինքնազոհաբար:

Եթե հիվանդը չի դառնում քո հարազատը, եթե հիվանդիդ կյանքը փրկելը չի դառնում կյանքիդ ու առօրյայիդ գերագույն նպատակը, ուրեմն՝ դու բժիշկ չես: Վիրահատությունն ինձ համար սոսկ աշխատանք չէ, իմ մասնագիտական ու տղամարդկային պատվախնդրության տարածքն է…

Իմ գերդաստանում բժիշկներ չեն եղել, ու երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ 13-14 տարեկան տղա` որոշեցի վիրաբույժ դառնալ… ի՞նչն էր ինձ մղում դեպի այդ պատասխանատու ու դժվար մասնագիտությունը: Պատասխանը մեկն է` բժշկի այն կերպարը, որ կար իմ մտապատկերում` անշահախնդիր, բարի, ամենակարող` հիվանդի երկրորդ Աստվածը:

Ես զանգում եմ` իմանալու կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, տարածաշրջանում եզակի մասնագետ Արման Հակոբյանի հեղինակավոր կարծիքը:

-Ես խորհուրդ կտամ, որ Սևակ Շահբազյանը վիրահատի,- ասում է Արման Հակոբյանը:

…Ու ես սկսում եմ «պեղել» Սևակ Շահբազյանի կենսագրությունը: Ավարտել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Բուհը, ինտերնատուրան և օրդինատուրան ավարտել է գերազանցությամբ: 5-րդ կուրսում ճանաչվել է տարվա լավագույն ուսանող, 6-րդ կուրսում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կոչման:

Ծառայությունը ազգային բանակում սկսել է որպես զորամասի բուժկետի պետ: Հետո հեռավոր սահմանային հոսպիտալում եղել ավագ օրդինատոր, ապա վիրաբուժական բաժանմունքի պետ: 2014թ.-ին նշանակվել է ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ: Ամենաշռայլ հաշվարկներով՝ ընդամենը 8 տարվա բժշկական կենսագրություն ունի: Եթե ութ տարվա վիրաբույժին նշանակել են կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, ուրեմն՝ տաղանդ ունի… Բայց ես ինչպե՞ս իմ կյանքը վստահեմ այսքան երիտասարդ բժշկին:

Երբեմն ծնողներս «վիճում էին». հայրս ասում էր, որ ես բնավորությամբ նման եմ իր մշեցի Հարութ պապին, մայրս պնդում էր, որ ես իսկը իր հայրն եմ` Ծալկայի կուսքարտուղար Կորյուն Աղաջանյանը: Երբ մի քիչ մեծացա, պարզեցի, որ Հարութ մեծ պապս հռչակված է եղել իր անկոտրում համառությամբ ու անհավանական խիզախությամբ: Դելի (խելառ) Հարութից նույնիսկ թուրքերն են խուսափել: Իսկ մորական պապս` Կորյուն Աղաջանյանը, եղել է կիրթ, զարգացած, ազնիվ պետական գործիչ: Նրա մեծ գրադարանը մինչ օրս պահպանվում է: Հիմա դուք կասեք` բժշկի ինչի՞ն են պետք Դելի Հարութի խիզախությունն ու Կորյուն Աղաջանյանի գրքերը… Բայց պարզվում է` պետք է: Պետք է` երբ դու 28 տարեկան ես, մտնում ես վիրահատարան` մահվան հետ կռիվ տալու, իսկ շուրջբոլորդ 100 կմ շառավղով ոչ մի ուրիշ վիրաբույժ չկա:

Ես երկու ֆոբիա ունեմ` վախենում եմ բժիշկներից ու փակ տարածքներից: Գիշերը սոսկալի երազ տեսա. ես ու բժիշկը մնացել էինք վերելակում, իսկ դռները չէին բացվում: Սարսափահար արթնացա: Ցավը սպանում էր: Զանգեցի բժշկիս: Եկավ առանց բուժքրոջ: Չէր ժպտում:

-Չեմ ցավազրկելու: Արդեն ջերմում ես: Վիճակդ վայրկյան առ վայրկյան վատանում է: Ուզես-չուզես՝ մի քանի ժամից պիտի վիրահատվես: Էլ ժամանակ չունենք:

… Ես ու բժիշկը լռում ենք: Հետո ես լսում եմ Սևակ Շահբազյանի խաղաղ ձայնը:

-Եթե դու չվստահես բժշկին, երկուսդ էլ տանուլ կտաք: Մի բան էլ` կարևորը բժշկի ապրած տարիների քանակը չէ, այլ այն, թե ինչպես ես ապրել այդ տարիները:

Հայրս կրթությամբ ինժեներ է, ու հենց ազգային բանակը կազմավորվեց, ծառայության անցավ զինված ուժերում, մասնակցեց Արցախյան պատերազմին (հիմա գնդապետի կոչումով թոշակի է անցել): Մանկություն ասելիս` ես պատկերացնում եմ խավար, ցուրտ օրեր եւ զինվորական համազգեստով մարդիկ ու զենքեր:

…Իմ ճանապարհը հեշտ չի եղել: Ուսանողական տարիներին ես անհագուրդ սովորում էի, փորձում էի «վերցնել» ամեն ինչ: Առիթը բաց չէի թողնում, որ խցկվեմ վիրահատարան: Ինտերնատուրայում արդեն ինքնուրույն վիրահատություններ էի անում: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց մասնագիտական մկրտությունս ստանալ հեռավոր, սահմանային հոսպիտալում: Հոսպիտալի պետը` Արամ Ասատուրյանը, ամեն ինչ արեց, որ ես կայանամ, ինքնուրույնություն տվեց, վստահեց:

Ես ու վիրաբույժ Սևակ Շահբազյանը գնում ենք վիրահատարան: Մեզ էլի սպիտակխալաթավորներ են ուղեկցում, որոնց դեմքերը չեմ հիշում: Ես գնում եմ իմ բժշկի հետ: Դռները բացվում են, ես հետ եմ նայում, փորձում եմ ժպտալ մորս: Ու նկատում եմ, որ Սևակ Շահբազյանը կողքիս չէ: Մի անբացատրելի, անբնական տագնապ է պատում ինձ: Արագ հետ եմ դառնում ու նստում լուսամուտագոգին: Ներս մտիր` ասում է բուժքույրը: Ես գլուխս օրորում եմ` առանց բժշկիս վիրահատարան չեմ մտնի: Քիչ անց բժիշկս ժպտալով մոտենում է: Հանկարծ մի պատկեր է հայտնվում աչքիս առաջ. տեսնում եմ Սևակ Շահբազյանի մռայլ դեմքը: Նա դուրս է գալիս վիրահատարանից ու ասում է մերոնց` ես հնարավոր ամեն բան արեցի… ցավում եմ: Ես թափահարում եմ գլուխս, որ վանեմ այդ պատկերը, իսկ սիրտս գնալով թափ է հավաքում:

-Մի՛ վախեցիր,- Սևակ Շահբազյանի ձայնը անբնական արձագանքում է սենյակում: Սահող պատկերների մեջ ես փորձում եմ չկորցնել բժշկիս աչքերը: Բայց նրա ժպիտը ճոճվում է օդում… «Հիսուս Քրիստոս»` ես լսում եմ իմ ձայնը, ու ամեն ինչ թաղվում է խավարի մեջ:

…Վիրահատության հաջորդ օրն է. ես արդեն քայլում եմ: Ինձ այնքան լավ եմ զգում, որ գաղտնի լրագրողական «հետախուզում» եմ կատարում վիրաբուժական բաժանմունքում: Ուսումնասիրում եմ հիվանդասենյակների մաքրությունը, զինվորների հագուկապը, նույնիսկ հաջողում եմ զրուցել մի քանի զինվորների հետ: Նրանք չգիտեն, որ ես զինվորական լրագրող եմ, բայց միայն գովեստի խոսքեր են ասում բժիշկների ու բուժքույրերի հասցեին: Պարզվում է, որ վիրահատողից բացի ես բուժող բժիշկ էլ ունեմ` Արմեն Սարգսյանը, որը օրվա մեջ մի քանի անգամ գալիս է, մանրամասն հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ ու խորհուրդներ տալիս: Միջանցքում միշտ ինչ-որ մեկը կա, որ պատասխանում է հարցերիս:

Ես անհանգիստ ու հավակնոտ մարդ եմ: Ես պիտի անեմ ամեն ինչ, որ իմ ղեկավարած վիրաբուժական բաժանմունքը լավագույնը լինի հանրապետությունում, որ մեր վիրաբույժները լինեն ամենապահանջվածը, ամենափորձառուն, որ մեր բուժքույրերը լինեն ամենաբանիմացն ու ամենահոգատարը: Իմ մեջ ուժեղ է մասնագիտական նախանձախնդրությունը: Աշխարհում բժշկությունը զարգանում է մեծ թափով, ու մենք պիտի կարողանանք հետ չմնալ այդ ռիթմից, պիտի աշխարհի հետ չափվելու կամք ու քաջություն ունենանք:

Վիրահատությունից երկու օր է անցել: Ես տանն եմ: Կարոտել եմ բժշկիս: Թերթում եմ նրա ֆեյսբուքյան էջը, նկարներ եմ փնտրում: Հարսանեկան նկարներ եմ գտել. բժիշկս ու հարսի շորերով նուրբ, սիրունիկ աղջիկը պարում են միասին: Հետո մի փոքրիկ, 9-10 ամսական տղայի նկար` բժշկիս դիմագծերով:

Կանայք ինձ միշտ սիրել են: Ես հաջողակ եմ այդ հարցում: Կինը պետք է ինձ շատ սիրի, որ կարողանա հանդուրժել իմ բացարձակ ինքնիշխանությունը (ես որքան մեղմ եմ հիվանդներիս հետ, նույնքան կտրուկ եմ ընտանիքում): Կինը պետք է լինի գեղեցիկ, խելացի և խորհրդավոր:

Տղաս իմ ուրախությունն է: Ուզում եմ կարգին մարդ դառնա: Տղան պիտի «թրծվի» բակային թոհուբոհում, որ տղամարդ դառնա: Պիտի սովորի պաշտպանել ինքն իրեն, պատասխանատու լինել իր քայլերի համար…

Ես վստահ եմ, որ մեր երկիրը հրաշալի ապագա է ունենալու: Մենք պիտի հնարավորինս շատ խնդիրներ լուծենք այսօր ու քիչ հոգս թողնենք գալիք սերունդներին: Մենք պիտի ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին, որ հաստատուն ապագա ունենանք:

Ես առաջվա նման վախենում եմ բժիշկներից ու փակ տարածքներից… Մի բացառությամբ. հիմա ես ունեմ իմ բժիշկը, որի հետ կարող եմ մտնել յուրաքանչյուր «փակ տարածք», նույնիսկ` վիրահատարան: Որովհետև գիտեմ, որ Իմ Բժիշկը կռիվ կտա կյանքիս համար ամբողջ ուժով, մինչև վերջին հույսը… իմ վստահությունը երաշխավորված է: Ես արդեն գիտեմ, որ բժշկի փորձառության համար կարևորը նրա ապրած տարիների քանակը չէ, այլ այն, թե ինչպես է ապրել այդ տարիները:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ


13/11/2014