Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԱՐԱՏ»… ԹԵՀՐԱՆՈՒՄ



Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի ամենահարուստ թաղամասերից մեկում, որտեղ վեր են խոյանում հսկայական երկնաքերները, գործում է «Արարատ» հսկայական համալիրը, որը տեղի հայերը հենց անվանում են «Արարատ» մարզավան: Մարզավանի տարածքում տեղակայված է ֆուտբոլի դաշտը, որտեղ մարզվում են համայնքի հայ երեխաները, ինչպես նաև արհեստավարժ ֆուտբոլիստները: Խաղադաշտի հարավային մասում մեծ թենիսի հրապարակն է, կից գտնվում է փոքրիկ սրճարանը, որն արդեն երկար տարիներ աշխատեցնում են իրանահայ Առաքելյան ամուսինները: Հեռվում աչքի է զարնում մեծ լողավազանը, որը ծառայում է թե՛ լողի մարզական մրցումների կազմակերպմանը և թե՛ սիրողական պարապմունքների անցկացմանը: Լողավազանին կից մեծ բացօթյա սրճարանն է, որտեղ ամեն երեկո տոթ եղանակից ու աշխատանքային հոգնեցուցիչ օրվանից հետո լիցքաթափվելու են գալիս հայ ընտանիքները, հնչում է հայկական երաժշտություն, իսկ երեխաները խաղում են ավազուտի մեջ տեղադրված ատրակցիոններում: Արևելյան խոհանոցի գայթակղիչ, ախորժելի ուտեստները անտարբեր չեն թողնում նաև օտարերկրյա հյուրերին, որոնք անպայման այցելում են «Արարատ» մարզավան, այլապես ճանապարհորդությունը թերի կհամարվի: Իսկ արդեն համեմատաբար ցուրտ եղանակին, երբ բացօթյա սրճարանն արդեն անցնում է ծածկի տակ, հյուրերի հոսքը դարձյալ չի դադարում: Մարզավանի տարածքում գործում է հարսանյաց մեծ սրահը, որտեղ էլ հենց հիմնականում կազմակերպվում են համայնքի ընտանեկան հավաքույթները: Ինչպես նշում է մարզավանի տնօրեն Արա Շահնազարյանը` մարզավանի տարածքում կան «չգրված օրենքներ», որոնցից մեկն այն է, որ ոչ մի այլազգի իրավունք չունի մուտք գործելու տարածք, անկախ օրինակելի և կարգապահ քաղաքացի լինելու հանգամանքից:

Մարզավանը նաև աշխատատեղեր է բացել բնակչության մի մասի համար, հսկայական համալիրում աշխատում են թե՛ Իրան ներգաղթած աֆղանցիներ, թե՛ ռուսներ և Իրանի հյուսիսարևելյան շրջաններից եկած թալիշներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ապրում ու աշխատում են մի ընտանիքի պես:

«Արարատ» համալիրից բացի, գործում են էլի, համեմատաբար փոքր հայկական ակումբներ, հավաքատեղիներ, դրանցից մեկն էլ «Հայոց տունն» է:

Ա. ԲԱՂՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Հոգևոր-մշակութային


13/11/2014