Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՍԻՆՍ 11 ՏԱՐԻ ԴԻՐՔ Է ՊԱՀԵԼ, ԵՍ ԷԼ ՀԵՏԸ…



Պայմանագրային զինծառայող Արտուշ Արզումանյանի տունը հեռու չէ` զորամասի հարևանությամբ: Զորամասն է հեռու` սահմանին` առաջնագծում: Սահմանին մոտիկ ու զորամասին մոտիկ մի փոքրիկ, համեստ կահավորված տան մեջ է ապրում նրա` մեր օրերի համար մեծ` հինգ հոգանոց ընտանիքը` կինը և երեք երեխաները: Այո՛, փոքրիկ է նրանց տունը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, կարևորը այդ տան մեջ ապրողների սիրտն է, որ իսկապես մեծ է, այնքա՜ն մեծ, որ հանգիստ մի հայրենիք կարող է տեղավորել… Եվ ահա այս փոքրիկ, բայց մեծ տան շունչն ու հոգին տիկին Հռիփսիմեն է, որ համոզված է` ինքն էլ ամուսնուն հավասար տասնմեկ տարի դիրք է պահել:

-Երբ Արտուշի հետ ծանոթացա, հասկացա՝ աշխարհի որ ծայրում էլ ասես, կապրեմ նրա հետ: Իհարկե, աշխարհի ծայրում չենք, բայց սահմանին շատ մոտ ենք` կտրված դրսի «մեծ կյանքից». դպրոցը 10 կիլոմետր այն կողմ է, մանկապարտեզն էլ՝ 8 կմ… Մի երկու կրպակ կա ու վերջ: Իսկ ես մայրաքաղաքում եմ ծնվել… Չգիտեմ, էլ առաջվա պես չեմ ձանձրանում, թեև տանից դուրս զբաղվելու բան չունեմ… Թերևս ընտելացել եմ, բայց դա դեռ չի նշանակում, որ կյանքս հեշտ է` տունս բարեկարգ, ամուսնուս աշխատավարձը` լիուլի… Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, հավատացե՛ք: Երևանում էլ ամեն օր կինո-թատրոն չէի գնում, Օպերա էլ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ գնացել, ուղղակի այսպես ամեն ինչից կտրված չէի… Բայց, որ զղջամ, երբե՛ք… Սերը եւ ծառայությունը նվիրում են պահանջում… Հակառակը՝ հպարտանում եմ, երբ ասում եմ՝ ամուսինս 11 տարի դիրք է պահել, հետո էլ միշտ ավելացնում եմ՝ ես էլ հետը: Եթե տանը մեկը զինվորական է, բոլորն էլ պետք է նրա կյանքով ապրեն: Անընդհատ մտքով Արտուշի հետ եմ. տեսնես՝ դիրքերում հանգի՞ստ է, տեսնես՝ սաղավարտը գլխի՞ն է… էս հարցերը ինձ հանգիստ չեն տալիս արդեն տասներեք տարի: Միայն ես չեմ, ինձ նման են ապրում մեր մյուս սահմանապահների կանայք: Սկզբնական շրջանում, երբ ամուսինս դիրքեր էր բարձրանում, ընդհանրապես չէի կարողանում քնել… Անկեղծ ասած, վախենում էի մենակությունից… Մտածում էի՝ ամեն դեպքում սահմանի բերան է… Հիմա արդեն սովորական է դարձել… Ինչպես տեսնում եք` ապրում եմ, չնայած մայրաքաղաքում ապրող բարեկամներս շարունակում են զարմանալ… Ուղղակի նրանք ծանոթ չեն զինվորականի կյանքին… Զինվորականին ամուր թիկունք է պետք, որ նա զենքը վստահ բռնի… Ես հենց այնպես այս խոսքերը չեմ ասում. հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանին լարված էր, ես ու երեխաներս իմ հայրական տանն էինք` հարյուրավոր կիլոմետրեր հեռու, բայց հենց իմացա, միանգամից վեր կացա, երեխաներիս առա, եկա Արտուշի մոտ` զինավան, այսինքն՝ մեր տուն… Մտածեցի` այսպես Արտուշն ավելի հանգիստ կլինի, սահմանը` ավելի ամուր…

Մենք էս զինավանի հնաբնակներն ենք, շատերն են գալիս, մի քանի տարի ծառայում, տեղափոխվում, բայց մենք դեռ այստեղ ենք… Ինչքան ենք դեռ մնալու, Աստված գիտե…

-Ինչի՞ եք սպասում…- ընդհատում եմ Հռիփսիմեի մենախոսությունը:

-Հազար ու մի բանի, բայց ամենից առաջ, որ խաղաղություն լինի, երեխաներս խաղաղ ապրեն…

-Ուրի՞շ,- հարցնում եմ:

Փոքրիկ Էրիկը, որ մինչ այդ լուռ լսում էր մեր զրույցը, մոր ականջին փսփսում է.

-Մեզ համար սպորտհրապարակ կամ մարզական ակումբ ուզիր, որ պարապեմ…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/11/2014