Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է



Մարդկությունը պարբերաբար բախվում է տարբեր համաճարակների հետ, որոնք հազարավոր կյանքեր են խլում: Ժանտախտ, թռչնի ու խոզի գրիպ… Հիմա էլ՝ էբոլա… ԶԼՄ-ները ժամանակ առ ժամանակ գուժում են նոր համաճարակի մասին:

Որքանո՞վ են մեր բանակում վերահսկելի համաճարակի բռնկումները, ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Նմանաբնույթ հարցերի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Իսոյանի հետ:

Փոխգնդապետ Արմեն Իսոյանն ուսանել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետում: Երկիրը պատերազմի մեջ էր, եւ Ա. Իսոյանն էլ ավարտելուց հետո շատ բժիշկների նման կամավոր մեկնում է սահմանամերձ շրջաններ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելու:

-Մենք սանիտարահամաճարակային ջոկատների կազմում հասնում էինք ամենահեռավոր ու ամենածայրամասային տարածքները, կանխում վարակիչ հիվանդությունների տարածումը,- ասում է Ա. Իսոյանը,- դժվար, ծանր ժամանակներ էին. պատերազմական իրավիճակը «իդեալական» պայմաններ էր ստեղծում համաճարակի բռնկման համար` ցուրտ, թերսնում, կենցաղային տարրական պայմանների բացակայություն, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածություն… Հաճախ գնում էինք մեկ շաբաթով, բայց ամիսներով մնում էինք մինչև օջախային մարումը… Այն ժամանակների համեմատ պատկերն այսօր անասելիորեն փոխվել է, վարակիչ հիվանդությունները դարձել են սակավադեպ:

Ներկայումս մեր ծառայությունն իրականացնում է սանիտարականխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ հիվանդությունների դեմ պայքարելու և կանխարգելման նպատակով: Գաղտնիք չէ, որ ավելի հեշտ է հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Մինչև նորակոչիկի բանակ մտնելն արդեն իսկ ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների համատեղ որոշմամբ` ԱՆ համապատասխան պոլիկլինիկաներում կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ (նախկինում այդ պատվաստումները կատարվում էին կենտրոնական հավաքակայանում): Պատվաստումների միջոցով հնարավոր է դառնում կանխարգելել հիվանդությունները, և ինֆեկցիաները դարձնել կառավարելի: Իսկ ոչ կառավարելի ինֆեկցիաների դեմ պայքարը կազմակերպվում է համալիր միջոցառումներով, և գրանցված բոլոր հաջողություններն էլ համատեղ, համակցված աշխատանքի արդյունք են:

Վերահսկվում է զինվորի հետ կապված բառացիորեն ամեն ինչ՝ սնունդը, կենցաղային պայմանները, ստուգվում է սպիտակեղենը, համազգեստը, կոշիկը… Մի խոսքով` բանակ մտնող ամեն ինչ մանրակրկիտ ստուգվում է, և եթե ինչ-որ բան էլ չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ապա արգելվում է դրա մուտքը բանակ: Ունենք և՛ պլանային, և՛ հանկարծակի ստուգումների ծրագիր, մեր ծառայության աշխատակիցները հասնում են ամենահեռավոր զորամասերը, ամենածայրամասային հենակետերն անգամ, ուսումնասիրում են զինվորի կեցության պայմանները, շրջակա միջավայրը, թե որքանով են այդ ամենը անվտանգ վարակների տարածման առումով…

Բոլոր զորավարժություններից, դաշտային ելքերից առաջ եւս մանրակրկիտ ստուգումներ են կատարվում: Ասենք, օրինակ՝ Ռազմական ինստիտուտը Բաղրամյան զորավարժարանում ճամբարային հավաք պետք է անցկացնի: Մեր աշխատակիցները նախօրոք գնում են եւ մանրամասն ստուգում՝ որտեղ է զինվորը վարժանքներ կատարելու, որտեղ է սնվելու, որտեղ՝ քնելու, սննդամթերքը որտեղ է պահվելու, ոնց է տաքացվելու…

-Պրն Իսոյան, ծնողներին հատկապես մտահոգում է ջրի որակը, սննդի թարմությունը: Զորացրված զինվորը երբեմն բողոքում է ստամոքսի, աղիների հետ կապված խնդիրներից: Գաղտնիք չէ, որ որոշ հիվանդությունների (տիֆ, խոլերա) զանգվածային բռնկումներն էլ սկիզբ են առնում հենց վարակված ջուր ու սնունդ օգտագործելուց:

-Մեր բանակում այսօր սնունդը շատ որակյալ է, բազմազան: Խոստովանենք, որ շատերը նույնիսկ տանը այդպես չեն սնվում: Իհարկե, ժամանակին թերացումներ նկատվել են, բայց դրանք շտկվել են: Բանակին սննդամթերք մատակարարվում է մրցութային կարգով: Այդ սննդից նմուշներ ենք վերցնում եւ մեր լաբորատորիաներում ենթարկում մանրակրկիտ ստուգման (ունենք մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, պարազիտոլոգիական լաբորատորիաներ, այժմ արդեն ընթացքի մեջ է վիրուսոլոգիական լաբորատորիան, մեզ մոտ կատարվում են բազմատեսակ հետազոտություններ):

Պատշաճ ուշադրություն ենք դարձնում սննդամթերքի մշակման տեխնոլոգիային, դրա փոխադրմանը: Ստուգվում է սննդի որակը, կալորիականությունը, ստուգվում են նաեւ նրանք, ովքեր անմիջականորեն առնչվում են սննդի բլոկի հետ: Պայմանավորվածություն ունենք տարածքային սանէպիդկայանների հետ: Ստուգվում է նաեւ ջրի որակը, ջրամատակարարումը, ջրի պահպանումը, զորամասերում և մարտական հենակետերում լուսավորվածությունն ու օդափոխությունը…

Սանիտարահիգիենիկ բաժնի պետ, մայոր Արմեն Սատուրյանը հավելում է, որ ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել. «Մերոնք անընդհատ գործուղումների մեջ են: Բացատրական աշխատանքներ ենք տանում զինվորների շրջանում, պարզաբանում ենք, որ հիգիենիկ պայմանների ոչ պատշաճ պահպանումը կհանգեցնի առողջական խնդիրների առաջացմանը: Իսկ զինվորի առողջական վիճակը ուղղակի անդրադառնում է մեր բանակի մարտունակության և կարգապահության վրա»:

Համաճարակային բաժնի պետ, մայոր Ալեքսան Ավոյանն էլ վստահեցնում է, որ այսօր բանակում համաճարակային իրավիճակը կայուն է. «Մեր առաջարկներով են բանակ ներմուծվել կանխարգելիչ պատվաստումները, սկզբում 3-4 պատվաստում էին կատարում, հիմա շատացել են, ինչի շնորհիվ շատ վարակներ այսօր դարձել են կառավարելի: Սեզոնային հիվանդությունների աճն էլ վերահսկելի է»:

♦♦♦

Հիրավի, հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայությունը բանակի բուժծառայության համակարգում կարևոր օղակ է: Այստեղ աշխատում են իրենց գործին նվիրված և բարեխիղճ մարդիկ, ովքեր լավ են գիտակցում, որ մի փոքր թերացումն անգամ կարող է լուրջ հետևանքների պատճառ դառնալ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ


13/11/2014