Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԻ… ԱՇԽԱՐՀԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ



«Աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդիկ պետք է ֆուտբոլ խաղալու և իրենց մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունենան». CONIFA

Մեր թերթի նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք չճանաչված երկրների դրոշները և հակիրճ տեղեկություններ հաղորդել այդ երկրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Եվ ահա, ոգևորված մեր այդ հոդված-վիկտորինայով, մեր ընթերցողներից մեկը փորձել է մեր գիտելիքներն ընդարձակել աշխարհի չճանաչված երկրների մասին նոր՝ այս անգամ արդեն մարզական տեղեկությամբ:

Պարզվում է՝ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի Բրազիլիայի առաջնությունից առաջ Շվեդիայում անցկացվել է աշխարհի չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնություն: Այն այդպես էլ կոչվել է` Չճանաչված պետությունների աշխարհի գավաթի ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպել և անցկացրել է Ֆուտբոլի անկախ միությունների կոնֆեդերացիան (CONIFA): Առաջնությունը տևել է ութ օր և անցկացվել է շվեդական Էստերսունդ քաղաքում: Առաջնությանը մասնակցել են Աբխազիայի, Քրդստանի, Զանզիբարի (Տանզանիայում է գտնվում), Նիցցայի դքսության, Միացյալ Դարֆուրի (Սուդանի արևմտյան և արևելյան տարածքներ), Պադանայի (Հյուսիսային Իտալիա), Սապմիի (Լապլանդիա), Ակվիտանիայի (Հարավային Ֆրանսիա), Քվեբեկի (Ֆրանսախոս Կանադա), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Էլան Վանինի (Մեն կղզի) և այլ երկրների ֆուտբոլի հավաքականները:

Չճանաչված երկրների աշխարհի անդրանիկ առաջնության հաղթող է ճանաչվել Նիցցայի դքսության ֆուտբոլի հավաքականը: ԼՂՀ հավաքականը զբաղեցրել է 9-րդ տեղը:

Ֆուտբոլի անկախ միությունների կոնֆեդերացիան (CONIFA) ներկայանում է որպես մարդկանց, պետությունների և մարզական առումով մեկուսացված տարածքների կազմակերպություն:

Այս մրցաշարը շատ ֆուտբոլիստների համար փորձություն էր: ԼՂՀ ֆուտբոլի հավաքականի անդամ Արամ Կոստանյանը մասնավորապես ասել է. «Չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում և ինչպիսի հպարտություն է քո երկրի դրոշով մրցամարտի դուրս գալ աշխարհի տարբեր երկրների հավաքականների հետ»:

Ի դեպ, խիստ տարբեր է եղել ներկայացված հավաքականների խաղամակարդակը: Օրինակ՝ Դարֆուրի թիմը պարտվել է անխտիր բոլոր խաղերում` ընդունելով 61 և չխփելով ոչ մի գնդակ: Թիմի խաղացողները ներկայացրել են փախստականների 12 ճամբար և Շվեդիա են հասել անձնական միջոցների հաշվին:

CONIFA-ն տեղեկացրել է, որ ինքը բողոքի նոտա է ստացել Ադրբեջանից` կապված ԼՂՀ հավաքականի ներկայացվածության հետ, որը անմիջապես մերժվել է հետևյալ հիմնավորումով. «Աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդիկ պետք է ֆուտբոլ խաղալու և իրենց մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունենան»:

Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ռազմաքաղաքական


20/11/2014