Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՈՒՆ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Ադրբեջանական վարչակազմը շարունակում է պատմության կեղծարարությունը՝ հետ չկանգնելով նույնիսկ Թուրքիայի պատմական դրվագները որպես սեփականը ներկայացնելուց:

Նման քայլերով նա փորձում է լրացնել գաղափարական ատարկությունը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո և արդարացնել հայատյաց հռետորաբանությունը:

Ադրբեջանում իսպառ մոռացության է տրվել, որ իրականում թուրքական ցեղերը հայտնվել են Անդրկովկասում միայն XI դարում` սելջուկների արշավանքների ժամանակ: Սեֆևյանների և Ղաջարների շահական հարստությունների թուրքական ծագումը Ադրբեջանի ղեկավարներին հնարավորություն է տալիս պնդելու պատմական խոր անցյալի, պետականաստեղծ լինելու և ռազմական արվեստ ունենալու մասին:

Իրականությունը, սակայն, այլ է. 1813 թվականից Արևելյան Անդրկովկասում հաստատված ռուսական կայսրական վարչակազմը չէր վստահում թուրքական տարրերին և արգելում նույնիսկ զենք կրել կամ ձի պահել: Առաջին անգամ տեղացի թուրքերին զենք է տրամադրվում միայն 1905 թվականին` Բաքվում, Շամախիում, Արցախում և Անդրկովկասի այլ վայրերում հեղափոխական շարժումները ճնշելու համար՝ նահանգապետերի կողմից: Հատկանշական է, որ 1890-ական թվականներից Արևելյան Անդրկովկասի նավթի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորում բրիտանական ներդրողները, որոնք կարողանում էին կազմակերպել իրենց համար ցանկալի նահանգապետերի նշանակումը:

Ադրբեջանական պետականությունը հանդես է գալիս միայն 1918 թվականի մայիսից` թուրքական զորքերի կողմից Անդրկովկասի զգալի մասի զավթման շնորհիվ, ի դեպ` միայն Ելիզավետպոլ (պատմական հայկական Գանձակ) քաղաքում «Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն» հռչակելով: Թուրք զավթիչները նման պետական կազմավորման ստեղծմամբ մտադիր էին հետագայում պահանջ ներկայացնել նաև Պարսկաստանի հյուսիսարևելյան նահանգների նկատմամբ, ինչի շնորհիվ ցամաքային կապ կհաստատվեր միջինասիական իրենց ցեղակիցների հետ: Թուրքական այդ ծրագիրը խափանեցին Բաքվի հայկական և քրիստոնյա այլ համայնքների ինքնապաշտպանական մարտերը, որոնց բովանդակությունը հետագայում քաղաքականացվեց, և որին տրվեց «Բաքվի կոմունա» անվանումը: Առաջին աշխարհամարտում պարտություն կրած թուրքերին Անդրկովկասում նոյեմբերին փոխարինելու եկած բրիտանական զորքերը ոչ միայն չվերացրին «Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը», այլև հակառակը` 1919 թվականի օգոստոսին Արցախի Ազգային խորհրդին պարտադրեցին ճանաչելու Բաքվի գերիշխանությունը: Նման կերպ Անդրկովկասում գտնվող անգլիական զորքերի հրամանատարությունը փորձում էր Ռուսաստանի և Իրանի միջև միջանկյալ մի պետություն ստեղծել, որպեսզի հետագայում կանխի ռուսական ամեն առաջխաղացում դեպի Մեծ Բրիտանիայի համար կենսական նշանակություն ունեցող Պարսից ծոցի ավազան:

1920 թվականին Բաքվում խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլշևիկյան իշխանությունների համար «Ադրբեջանը» դարձավ սոցիալիստական բազմազգ պետականության մի օրինակ, և այն պահպանվեց որպես ինտերնացիոնալ վարչատարածքային սուբյեկտ: Այդ գաղափարն ամրապնդելու համար էլ Կովկասի բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ զոհաբերվեց Արցախը: Խորհրդային վերնախավի համար Ադրբեջանի գոյությունը լավ առիթ էր խառնվելու Իրանի ներքին գործերին, պարբերաբար հանդես գալու որպես «միասնական Ադրբեջանի» ջատագով: Հենց այդ նպատակով Անդրկովկասի թուրքերին սկսեցին անվանել ադրբեջանցի, տեղական շիա մահմեդական մշակույթը` ադրբեջանական: ԽՍՀՄ 1937 թվականի մարդահամարում առաջին անգամ նշվեց «ադրբեջանցի» ազգությունը, ընդ որում՝ հենց այդ մարդահամարում անհետացան տվյալները թալիշների, թաթերի, լեզգիների, կովկասյան այլ ազգությունների մասին: Ստալինյան ժամանակներից խորհրդային պատմագրության կենտրոններում սկսեց կերտվել «Ադրբեջանի պատմությունը», որով պետք է արդարացվեին հավակնություննները Հյուսիսային Իրանի նկատմամբ:

ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավը շարունակեց կեղծման գործընթացը՝ ուղղորդելով այն Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և նույնիսկ Թուրքիայի դեմ:

Ադրբեջանական վերնախավն իր ֆինանսական միջոցները ծառայեցրեց այն հրապարակումներին, ըստ որոնց՝ հայերը Անդրկովկասում հաստատվել են 1828 թվականին` ռուսական ցարական իշխանությունների վերաբնակեցման շնորհիվ: 1999 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հանձնարարել էր պատմաբաններին «ապացուցել այն տարածքների ադրբեջանական պատկանելությունը, որտեղ գտնվում է ներկայիս Հայաստանը»: Հոր գործը շարունակում է որդին՝ Իլհամ Ալիևը, որը լինելով պատմաբան՝ 2011 թվականին հայտարարում է, թե ադրբեջանական են նաև Երևանի և Նախիջևանի խանությունները, և Ադրբեջանը պետք է «վերականգնի իր ինքնիշխանությունը» նաև այդ տարածքների նկատմամբ: Յուրացվում են իրանական գրականության 12-րդ դարի դասական Նիզամի Գյանջավին, հին իրանական «ճոկան» խաղը և իրանական երաժշտական գործիքների մի մասը: Ադրբեջանական են հայտարարվում նաև Վրաստանի Կախեթ-Իմերեթական մարզը և Ռուսաստանի Դաղստանը:

Ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի մտքի թռիչքը հասավ նաև թուրքական պատմագրությանը: Ադրբեջանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Թուրքիային պատկանող հերոսական դրվագները ներկայացվում են որպես ադրբեջանական ժողովրդի հերոսապատումներ, հիմնականում իբրև Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած հերոսություններ: Ալիևյան զեղծարարները պնդում են, թե ադրբեջանցիները ստեղծել են երկու աշխարհակալություն՝ Օսմանյան կայսրությունը և Սեֆևյանների տիրությունը: Ըստ նրանց՝ ադրբեջանցիների նախնիներ են համարվում Առաջավոր Ասիա գաղթած բոլոր թուրքական ցեղերը: Նման զեղծարարությունները չէին կարող չառաջացնել թուրքական գիտական շրջանակների զայրույթը:

Այսպիսով՝ կեղծիքի և զեղծարարության վրա ստեղծված պետականության ռազմաքաղաքական վերնախավը գերազանց է որդեգրել նախորդների փորձը՝ ծառայեցնելով այն ոչ թե ի շահ նոր սերնդի ճիշտ և արդարացի գաղափարական դաստիարակությանը, այլ ծավալապաշտական նկրտումների և այլատյացության արդարացմանն ու խորացմանը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Տարածաշրջան


20/11/2014