Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԹԵՐՈՒՄ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է



«Հայ զինվորի» նախորդ համարներից մեկում (թիվ 41) բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը մեր թերթին տված հարցազրույցում առաջին անգամ բարձրաձայնեց Երևանում «Թալիշական ազգային հեռուստատեսություն» ստեղծելու մասին: Քիչ ժամանակ է անցել, և ահա այն արդեն իրականություն է. մինչև այս համարի լույսընծայումը, եթերում կհնչի Թալիշստանի ազգային հիմնը, ու կցուցադրվի անդրանիկ ծրագիրը:

«Թոլիշսթոնի միլլի թելեվիզիան», այսպես է հնչում այդ հեռուստատեսության թալիշական անվանումը, կոչված է արթնացնելու Ադրբեջանում ապրող բնիկ ազգային փոքրամասնությունների` թալիշների, թաթերի և մյուսների «անթեղված ազգային գիտակցությունը»:

Հիրավի հայրենանվեր ձեռնարկ` կյանքի կոչված մի խումբ հայ գիտնականների` իրանագետների, թալիշագետների, թաթագետների և մյուսների ջանքերով, որը, առանց չափազանցության, ապացույցն ու շարունակությունն է հայ ժողովրդի մարդասիրական դարավոր ավանդույթների:

Ինչպես ասվեց, թեև մոտ օրերս համացանցային ուղիներով կհեռարձակվի «Թոլիշսթոնի միլլի թելեվիզիայի» անդրանիկ թողարկումը, սակայն Բաքվում, ինչպես մեզ տեղեկացրեց պրոֆեսոր Ասատրյանը, մեծ իրարանցում է առաջացրել եթեր տրված 5 վայրկյանանոց անոնսը և պատճառ դարձել, որպեսզի թալիշ հասարակական մի շարք գործիչներ արդեն իսկ պարզաբանում ներկայացնեն «միջէթնիկական թշնամանք» և «անջատողականություն» մեղադրանքների առիթով:

♦♦♦

«Հայերիս ու թալիշների միջեւ հաստատվել են այնպիսի վստահելի եւ բարեկամական կապեր, որ Բաքվի բռնապետական վարչակարգը զայրույթից եւ անզորությունից հերթական անգամ սկսել է կռճտացնել ատամները եւ դիմել ոչ համարժեք գործողությունների:
Միայն վերջին օրերին տարածված առաջիկայում հեռարձակվելիք «Թալիշստանի ազգային հեռուստատեսության» ընդամենը 5 վայրկյանանոց անոնսի կապակցությամբ արդեն իսկ մի քանի թալիշ հասարակական գործիչների հետ Բաքվում «զրույց» է տեղի ունեցել «միջէթնիկական թշնամանք» եւ «անջատողականություն» Ադրբեջանական Հանրապետության համար մշտապես «արդիական» թեմաներով:
Այս խնդիրներն արմատապես լուծելու համար Բաքվի բռնապետական վարչակարգին կարելի է առաջարկել սկսելու սեփական արհեստածին պետական կազմավորման ինքնալուծարման գործընթացը, հակառակ պարագայում՝ ծայր առած զարգացումները եւ դրանց հանդեպ դրսեւորվող ջղաձիգ հակազդեցությունը, իրոք, կհանգեցնեն միջէթնիկական թշնամանքի եւ, ի վերջո, կբերեն ավելի կոշտ մեթոդներով այս կեղծ պետության զբաղեցրած տարածքի հերթական բնականոն վերաձեւմանը»:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
արևելագետ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Տարածաշրջան


20/11/2014