Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ է ՀՈՒՇՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ



Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 12-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան: Սա նախագահի պաշտոնում Ռոհանիի առաջին այցն էր Ադրբեջան: Հասան Ռոհանիի Ադրբեջան կատարած այցի մանրամասները մեր աշխատակից Շուշան Ստեփանյանին ներկայացրել է իրանագետ ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆԸ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում ստորագրվել է վեց համաձայնագիր, որի մասին հիշատակվել է երկու երկրների կողմից ընդունված բարեկամության և համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագրում: Կողմերը փոխհամաձայնության են եկել զարգացնելու համագործակցությունը տարբեր, մասնավորապես՝ արդյունաբերության, էներգետիկ, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, մշակույթի, առողջապահության և բնապահպանության ոլորտներում, ընդհանուր հայտարարի են եկել երկկողմ ներդրումների և ապրանքափոխադրումների ծավալները մեծացնելու, ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի կառուցման հարցերում:

Առաջին հայացքից տպավորիչ փոխհամաձայնություններ են, սակայն դրանց իրականացման հստակ մեխանիզմների բացակայությունը որոշակի թերահավատություն է ներշնչում: Մի բան է բարի կամքի դրսևորումը, մեկ այլ բան՝ գործը: Մյուս կողմից, համատեղ ընդունված հռչակագրում նկատելի է, որ հիմնական շեշտադրումը կատարվել է Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային խնդիրներին, մասնավորապես՝ ընդգծվել է, որ կողմերը չպետք է միջամտեն միմյանց ներքին գործերին և պատրաստակամություն են հայտնել արգելելու իրենց երկրներում միմյանց իշխանությունների և տարածքային ամբողջականության դեմ ուղղված տարբեր խմբավորումների, կազմակերպությունների կամ անհատների գործունեությունը:

Վերոնշյալը որոշ չափով բացահայտում է Իրանի նախագահի Բաքու կատարած այցի հիմնական շարժառիթները: Այդուհանդերձ, ինչպես արդարացիորեն ենթադրվում է, մի շարք հարցերում Իրանը և Ադրբեջանը չեն կարողացել գալ համաձայնության, որի մասին չի բարձրաձայնվում: Դա է վկայում այն իրողությունը, որ նախքան Հ. Ռոհանիի այցն Ադրբեջան, իրանական կողմը նախատեսում էր համագործակցության տասը հուշագրի ստորագրում, սակայն արդյունքում ստորագրվել է վեցը:

Հավանաբար երկկողմ տարաձայնությունները չի հաջողվել հաղթահարել Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցերում, որի համատեքստում Ադրբեջանի և Իրանի դիրքորոշումները բավականաչափ իրարամերժ են: Հատկանշական է, որ նախապես իրանական պատվիրակության օրակարգում Կասպից ծովի հիմնախնդիրների քննարկումը կարևոր տեղ է զբաղեցրել, սակայն համատեղ ընդունված հռչակագրից ակնհայտ է դառնում, որ վիճահարույց խնդիրների լուծման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվել, և ընդամենը վերահաստատվել են սեպտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հատկանշական է նաև, որ Հ. Ռոհանիի գլխավորած պատվիրակության Բաքու կատարած այցի օրերին Կասպից ծովում տեղի են ունեցել ադրբեջանական զորավարժություններ, որոնք իրանական կողմն արդարացիորեն կարող էր որակել որպես իրեն հասցեագրված ուղերձ կամ նախազգուշացում: Կարծում եմ՝ դրանք Ադրբեջանի կողմից հաշվարկված գործողություններ են եղել, որ միտված են ազդելու ադրբեջանաիրանական բանակցությունների վրա հօգուտ Բաքվի: Սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները ձախողել են իրենց մտադրություններում, ինչը երևում է առանցքային որոշ հարցերի շուրջ փոխհամաձայնության բացակայությունից:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին և ԼՂՀ-ին, ապա ադրբեջանաիրանական բանակցությունների ընթացքում կարճ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ շեշտելով հիմնախնդրի խաղաղ և շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը հանուն տարածաշրջանային բոլոր երկրների հավասար փոխգործակցության: Անկասկած, նմանօրինակ «անմեղ» ձևակերպման հեղինակն իրանական, այլ ոչ ադրբեջանական կողմն է, որը, հակառակ հիմնախնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ամեն կերպ կձգտեր առիթը բաց չթողնել Իրանին ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ տրամադրելու:

Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ վերոհիշյալ կարճ ձևակերպումից նաև պարզ է դառնում, որ Իրանի նախագահը չէր մեկնել Ադրբեջան քննարկելու Ղարաբաղյան հիմնախնդիրը և նպատակ չի ունեցել ի նպաստ Ադրբեջանի տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հակահայկական քաղաքականություն զարգացնելու տարածաշրջանում:

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


20/11/2014