ՕՐԻՆԱԿԱՆ ԿԻՆԸ
ՊԱՏՄՎԱԾՔ
Հնդկական փոքրիկ քաղաքում տեղակայված զորագնդում Հենրի Ռամսեյ անունով մի երիտասարդ սպա կար։ Նա չափազանց հաճելի տղա էր՝ առանց աղվամազի ու կանացի կազմվածքով։ Զորագնդում սպաների հետ հաշտ ու համերաշխ ապրելու համար պետք էր կա՛մ լավ բանջո նվագել ու սիրտն ուզածի չափ ձիարշավել, կա՛մ էլ երգել ու խաղալ։ Սակայն տղայի ձեռքից առանձնապես բան չէր գալիս։ Նա տանել չէր կարողանում թղթախաղը, խաղալիս պատռում էր բիլիարդի սեղանի մահուդը, բաղաձայն երգում էր, չափից շատ հետեւում էր իր արտաքինին եւ նամակներ գրում տուն՝ մայրիկին ու քույրերին։ Այս հինգից չորսը գնդի սպաների սրտովը չէին, եւ նրանք փորձում էին նրան «ճիշտ» ուղու վրա կանգնեցնել։
Բոլորը տղայի գլխին խաղեր էին խաղում, բայց նա անտրտունջ տանում էր այդ ամենը։ Հենրին անհիշաչար բնավորություն ուներ, սակայն այդ պահերին այնպես էր հուզվում ու անսպասելի շառագունում, որ բոլոր սպաները որոշեցին նրան հանգիստ թողնել, բացի ավագ լեյտենանտից, որը շարունակում էր տղայի հոգու հետ խաղալ։ Նրա կատակները բավականին գռեհիկ էին ու հաճախ չափն անցնում էին։ Ավագ լեյտենանտը շատ երկար էր սպասել ծառայողական առաջխաղացման, իսկ դա միշտ էլ վատ հետեւանքներ է թողնում մարդու բնավորության վրա։ Միաժամանակ, նա սիրահարված էր, ինչն է՛լ ավելի էր բարդացնում նրա կյանքը։
Մի օր, երբ նա հերթական անգամ չափազանց անշնորհք վարվեց տղայի հետ, վերջինս ոտքի կանգնեց եւ իր կանացի ցածր ձայնով ասաց.
-Հաճելի կատակ էր, բան չունեմ ասելու։ Բայց գրազ եմ գալիս քո մեկ ամսվա ռոճիկի վրա, որ երբ ստանաս հերթական կոչումդ, գլխիդ մի այնպիսի խաղ կխաղամ, որ կհիշես մինչեւ կյանքիդ վերջը, իսկ զորագնդում նույնիսկ քո մահից հետո էլ դեռ երկար կպատմեն այդ մասին։
Տղան բոլորովին էլ չարացած տեսք չուներ, եւ սպաները բարեհոգի ծիծաղեցին։ Ավագ լեյտենանտը մի քանի անգամ ոտքից գլուխ չափեց նրան, ապա ասաց.
-Փորձի՛ր, բալի՛կս։
Անցավ երկու ամիս։ Ավագ լեյտենանտը վերջերս էր ստացել կապիտանի կոչումը, իսկ նրա ընտրյալը վերջապես տվել էր իր համաձայնությունը։
Մի օր՝ երեկոյան տապին, սպաները, բացի տղայից, որը գնացել էր իր սենյակ՝ նամակներ գրելու տուն, դրսում նստած էին` ճաշարանի դիմաց։ Նվագախումբն ավարտել էր նվագը, սակայն ոչ ոք չէր ցանկանում ներս գնալ։ Սպաների կանայք նույնպես այնտեղ էին։ Ավագ լեյտենանտը շաղակրատում էր եւ ոգեւորված պատմում իր նշանածի արժանիքների մասին։ Տիկնայք հավանությամբ գլխով էին անում, իսկ տղամարդիկ ձանձրույթից հորանջում էին։ Այդ պահին մթության մեջ լսվեց զգեստների խշխշոց, եւ մի հոգնած, թույլ ձայն հարցրեց.
-Որտե՞ղ է իմ ամուսինը։
Հետո ձայնը բացականչեց.
-Օ՜, Լայոնե՜լ…
Լայոնելը ավագ լեյտենանտի անունն էր։ Կինը մոտեցավ մոմի լույսով լուսավորված սեղանին եւ հեկեկալով ձեռքերը պարզեց դեպի խավարը, ուր ավագ լեյտենանտն էր նստած։ Մենք ոտքի կանգնեցինք՝ կանխազգալով սպասվելիք լուրջ իրադարձությունները՝ պատրաստ վատթարագույնին։
Անհայտությունից հայտնված կինը՝ փոշոտ կոշիկներով ու մոխրագույն ճամփորդական զգեստով, շատ հմայիչ էր՝ սեւ մազերով ու մեծ, արցունքակալած աչքերով։ Նա բարձրահասակ էր՝ հիանալի կազմվածքով, եւ խոսելիս ձայնը սրտաճմլիկ կերկերում էր։ Հենց որ ավագ լեյտենանտը ոտքի կանգնեց, նա՝ սիրելի՜ս բացականչելով, նրա վզովն ընկավ։ Ապա մի շնչով վրա տվեց, որ ինքն Անգլիայում միայնակ էր եւ չէր դիմանում կարոտին, նրա նամակները կարճ էին ու չոր, որ մինչեւ կյանքի վերջ նրան է պատկանելու, եւ արդյոք նա կների՞ իրեն Հնդկաստան գալու համար։ Նրա խոսքը նման չէր բարձրաշխարհիկ տիկնոջ, այն չափից դուրս բուռն էր ու զգայացունց։
Իրադարձությունները չարագուշակ ընթացք էին ստանում, եւ սպաների կանայք աչքի պոչով հետեւում էին ավագ լեյտենանտին։ Գնդապետի դեմքը մռայլ էր ու անողոք։ Մի պահ քար լռություն տիրեց։ Այնուհետեւ գնդապետը կտրուկ հարցրեց.
-Դե, ի՞նչ կասեք, սըր։
Կինը նորից հեծկլտաց։ Ավագ լեյտենանտը՝ կնոջ գրկախառնությունից շնչահեղձ, հեւալով ասաց.
-Դա ահավոր կեղծիք է, ես երբեք ամուսնացած չեմ եղել։
-Մի՛ երդվեք,- ասաց գնդապետը։-Գնանք ճաշարան։ Պետք է ուշադիր քննել այս գործը։
Նա խոր հոգոց հանեց, քանի որ հոգու խորքում հավատում էր իր սպաներին։
Մենք խմբով մտանք սենյակ։ Այնտեղ, ավելի պայծառ լուսավորության տակ, նկատելի էր, թե որքան գեղեցիկ էր կինը։ Նա կանգնած էր սենյակի կենտրոնում, փորձելով զսպել արցունքները, անողորմ ու հպարտ, ձեռքերը պարզած դեպի ավագ լեյտենանտը։ Այս ամենը նման էր ողբերգության չորրորդ տեսարանի։ Նա պատմեց մեզ, թե ինչպես է ավագ լեյտենանտն ամուսնացել իր հետ, երբ տասնութ ամիս առաջ արձակուրդ էր գնացել տուն, եւ թվում էր՝ նա գիտեր այն ամենը, ինչ մենք գիտենք, դեռ մի բան էլ ավելի։
Ավագ լեյտենանտը գույնը գցել էր՝ անընդհատ փորձելով ընդհատել կնոջ խոսքերի տարափը, իսկ մենք տեսնելով, թե կինը որքան հիասքանչ է, եւ ինչպիսի մեղավոր տեսք ունի ավագ լեյտենանտը, մտովի նրան կեղտոտ անասուն էինք համարում։ Թեեւ, ճիշտն ասած, նաեւ խղճահարություն էինք զգում։
Սպաների կանայք մի փոքր հետ էին կանգնել, բայց նրանց աչքերը վառվում էին հետաքրքրասիրությունից, եւ նկատելի էր, որ նրա հանցանքն ապացուցված էին համարում ու կայացրել էին իրենց դատավճիռը։ Գնդապետը հինգ տարով ծերացած տեսք ուներ։ Մայորներից մեկը ձեռքը դրել էր ճակատին ու տակից զննում էր կնոջը։ Մեկ ուրիշը սղալում էր բեղերն ու քթի տակ լուռ ժպտում, կարծես թատրոնում լիներ։ Սարսափը դրոշմվել էր ավագ լեյտենանտի դեմքին։
Վերջապես կինն ավարտեց՝ ասելով, որ նրա ձախ ուսի վրա դաջվածք կա։ Մենք էլ գիտեինք այդ մասին, ու այս վերջին փաստը մեր անմեղ ուղեղներում ամբողջացրեց մեղադրանքը։ Սակայն ամուրի մայորներից մեկը շատ քաղաքավարի ասաց.
-Կարծում եմ, որ ձեր ամուսնության վկայականն ամենաբավարար ապացույցը կարող է լինել։
Դա կարծես վախեցրեց կնոջը։ Նա ավագ լեյտենանտին անվանեց որձ շուն, նախատեց մայորին, գնդապետին ու մյուսներին։ Հետո մի քանի կաթիլ արտասուք թափեց, ապա ծոցից մի թուղթ հանեց եւ ասաց.
-Ահա՛ այն։ Եվ թող իմ ամուսինը՝ իմ օրինական ամուսինը, բարձրաձայն կարդա այն, եթե այդքան համարձակություն ունի։
Բոլորը սպասումից սսկվել էին, երբ ավագ լեյտենանտը մոտեցավ ու վերցրեց թուղթը։ Նրա կոկորդը հուզմունքից չորացել էր, բայց երբ աչքի անցկացրեց թուղթը՝ խռպոտած ծիծաղեց եւ ասաց.
-Ախ, դո՛ւ, գարշելի՛ լակոտ։
Կինն արագորեն դուրս փախավ, իսկ թղթի վրա գրված էր.
«Սույնը հաստատում է, որ ես՝ Հենրի Ռամսեյս, ամբողջովին վերադարձրել եմ իմ պարտքն ավագ լեյտենանտին, ու այսուհետ նա իմ պարտապանն է։ Համաձայն փետրվարի 23-ին մեր միջեւ կնքված համաձայնության՝ նա պետք է ինձ վճարի կապիտանի իր մեկ ամսվա աշխատավարձը»։
Թվում էր՝ սպաներից շատերը, ինչպես նաեւ նրանց կանայք, մի փոքր հիասթափված էին միջադեպի նման ավարտից, բայց ոչինչ չես կարող անել՝ այդպիսին է մարդու էությունը։ Այլեւս տղայի դերասանական շնորհքի մասին երկու կարծիք լինել չէր կարող։ Անկասկած, դա նրա ակնհայտ առավելությունն էր։ Նա դարձավ դրամատիկական ակումբի նախագահ։ Երբ ավագ լեյտենանտը վճարեց իր պարտքը, իսկ նա դա արեց անմիջապես, տղան փողն օգտագործեց նոր բեմական զգեստներ ու դեկորներ գնելու համար։ Նա լավ տղա էր, եւ զորագնդում բոլորը հպարտանում էին նրանով։
Այս պատմությունից հետո մնացած միակ թյուրիմացությունն այն էր, որ նրան կնքեցին «տիկին ավագ լեյտենանտ» մականունով, եւ քանի որ երկու տիկին ավագ լեյտենանտ կար զորագնդում, այս բանը երբեմն շփոթություն էր առաջացնում անտեղյակների միջեւ։
ՌԵԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Հոգևոր-մշակութային