Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Հայերի նվիրյալ բարեկամների շարքում, անշուշտ, պետք է հիշատակել նաեւ անգլիացի քաղաքական գործիչ Արթուր Սայմոնդսի անունը։ Հայկական հարցով նա սկսեց հետաքրքրվել դեռեւս 19-րդ դարի 90-ական թվականներին՝ թուրք բարբարոսների կողմից հայերի առաջին զանգվածային կոտորածներից հետո։ Եվ պատահական չէր, որ երբ 1903թ. ստեղծվեց Բրիտանա-հայկական կոմիտեն, նա ընտրվեց քարտուղար եւ այդ պաշտոնը վարեց երկար տարիներ։
Սայմոնդսը մեկն էր նրանցից, ովքեր ջերմորեն պաշտպանեցին Անգլիայի խորհրդարանի անդամ (հետագայում՝ վարչապետ) Ուիլյամ Գլադստոնի նշանավոր խոսքը. «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Այս ոգով է գրված Սայմոնդսի «Հայաստանի ապագան» հոդվածը, որը տպագրվել է Մոսկվայում լույս տեսնող «Արմյանսկի վեստնիկ» պարբերականի 1916թ. թիվ 39-ում։ Ստորեւ ներկայացնում ենք քաղվածքներ այդ հոդվածից։

ԱՐԹՈՒՐ ՍԱՅՄՈՆԴՍԻ ԿԱՐԾԻՔԸ

Չլինելով Եվրոպայի մաս՝ Հայաստանը մաս է կազմել Թուրքիային։ Վերջինիս ամբողջականությունը՝ որպես տարածք, եւ նրա անկախությունը՝ որպես պետություն, անհրաժեշտ են համարվել նողկալի պատրանքի՝ Եվրոպայի պետությունների հավասարակշռության պահպանման համար։ Այդ նկատառումը, փառք Աստծո, հաշվի չի առնվի պատերազմից հետո՝ պայմանագրի կնքման ժամանակ։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի ճակատագիրը, անիմաստ է այն դիտել որպես թուրքական կայսրության մաս, եւ ես չեմ ուզում ժամանակ վատնել անհնարինի քննարկման վրա։

♦♦♦

Նրանք, ովքեր պաշտպանում են Գլադստոնին, թե՝ «ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը», նրա այդ դիտարկումը համարում են կենսական շահերով լի։ Նրանք չափազանց լավ գիտեն, որ անցյալում Հայաստանի ճակատագիրը լուծվել է բոլորի, բայց ոչ հայերի կողմից՝ առանց հաշվի առնելու նրանց ցանկությունները եւ ձգտումները։ Հայաստանը եղել է խաղաքար, որը շարժել են եվրոպական քաղաքականության շախմատային տախտակի վրա հենց խաղի մասնակիցների շահերի բավարարման համար։

♦♦♦

Դիվանագետները ժողովուրդների եւ երկրների հետ վարվել են որպես շախմատային խաղաքարերի՝ զոհաբերելով նրանց հանուն իրենց շահի։ Ժողովուրդների կարիքները, ցանկությունները քամահրվել են հօգուտ միապետների ու պետական գործիչների, որոնք եղել են մեծ խաղի մասնակիցներ եւ մոռացության են տվել այն փաստը, որ թեեւ իրենք կարող են սահմաններ վերաձեւել, փոխել կառավարություններ եւ սահմանադրություններ, տալ եւ առնել ազատություններ ու արտոնություններ, բայց, այնուամենայնիվ, չեն կարող խորտակել այն, ինչը տրված է Աստծու կողմից, ինչը ժողովուրդների հիմնական իրավունքն է՝ ազատությունը եւ անկախությունը։

♦♦♦

Ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվում է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ, ովքեր պատմություն են կերտում, դասեր չեն քաղում անցյալից եւ անտեսում են դրանք ապագայի հիմնախնդիրները լուծելիս։ Նրանք արհամարհում են ազգային ինքնության հիմնական սկզբունքը՝ մեծ թե փոքր ժողովուրդների իրավունքը, այն է՝ հողագնդի տերությունների շարքում գրավել իրենց առանձնահատուկ տեղը, ինչի իրավունքը նրանց տալիս են բնության եւ Աստծու ստեղծած օրենքները։

♦♦♦

Մեծ տերությունները պետք է հարգեն եւ պաշտպանեն Հայաստանի անկախությունը։ Հայաստանը խաղաղության եւ բարօրության կենտրոն է ամբողջ Փոքր Ասիայի համար։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Պատմության էջերից


28/04/2011