ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԵԾԱՆՔԸ
«Եթե չսիրեք ծովը, Մախոխյանի կտավները ձեզ այն սիրել կտան»։
ԼՈՒԻ ՊԼԱՆ
♦ Նրան ճանաչում են որպես Հովհաննես Այվազովսկու աշակերտի:
♦ Նրան ճանաչում են որպես Այվազովսկուց հետո երկրորդ աշխարհահռչակ ծովանկարչի:
♦ Նրան ճանաչում են որպես ժամանակի ամենից շատ ցուցադրված նկարիչներից մեկի` Բեռլինի, Լոնդոնի, Փարիզի, Համբուրգի, Դյուսելդորֆի, Նիցցայի, Մյունխենի, Մարսելի, Կահիրեի, Ալեքսանդրիայի տարեկան մշտական ցուցահանդեսների մասնակցի:
♦ Նրան ճանաչում են որպես Լատինական Ամերիկայի երկրներին նվիրված Թուլուզի 1925 թվականի ցուցահանդեսի ոսկե մեդալակրի:
♦ Նրան ճանաչում են որպես հանրահայտ` «Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի մոտ», «Հուզված ծովը վերջալույսին», «Լուսնի ցոլքը ծովի վրա», «Մատուռ ծովափին», «Սորենտոյի ափին», «Ձմեռը Կովկասում», «Ալիքը», «Սարակինաների աշտարակը», «Նավաբեկության մնացորդները», «Ոսկեզօծ ծովը», «Ամպրոպը» և այլ ծովանկարների և բնանկարների հեղինակի:
♦ Նրան ճանաչում են որպես ծովի ուժեղ, հզոր, հուժկու և ալեկոծ, մե՛րթ տառապող, մե՛րթ հառաչող, մե՛րթ աղերսող, մե՛րթ ցասկոտ ու մռնչացող ալիքների երգչի:
♦ Այդ նրա մասին է, որ ուսուցիչը` հռչակավոր նորվեգացի ծովանկարիչ Հանս Գյուտեն ասել է. «Էլ ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»:
ԱՀԱ ՈՎ Է ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
♦ Քչերը սակայն գիտեն, որ 1925 թվականին Փարիզի հանրահայտ «Ալլար» պատկերասրահում բացված անհատական ցուցահանդեսից հետո ի նշան ֆրանսիական արվեստին բերած բարձր նպաստի Մախոխյանը ֆրանսիական կառավարության կողմից արժանանում է բարձրագույն` Պատվո լեգեոն շքանշանի:
♦ Քչերը գիտեն, որ նա Բեռլինի արվեստագետների միության խորհրդի գործուն անդամ էր: 12 հոգուց բաղկացած մի խորհուրդ, որի պատվավոր նախագահն էր կայսր Վիլհելմ Բ-ն:
♦ Քչերը սակայն գիտեն, որ հայատյաց Վիլհելմ Բ կայսրը 1900 թվականին` անտեսելով բոլոր ընդունված չափանիշները, ձեռք է բերում Մախոխյանի կտավներն ու նրա գործերի վերատպությունների ալբոմները` առաջացնելով իր բարձրաշխարհիկ շրջապատի դժգոհությունը:
♦ Քչերը սակայն գիտեն, որ նրա կտավները` հատկապես բնանկարները, որոնք մշտապես աչքի են ընկել գունալուսային նուրբ հարաբերություններով և շնչել են կենսասիրությամբ և լավատեսությամբ, իր ժողովրդի ողբերգական իրադարձություններից հետո դառնում են հուզական, թախծոտ ու ներհուն:
♦ Քչերը սակայն գիտեն, որ աշխարհահռչակ ծովանկարչի արվեստը, որ տարիների ընթացքում գրեթե փոփոխությունների չէր ենթարկվել, իր ժողովրդին պատուհասած 1915 թվականի Եղեռնից հետո դառնում է չափազանց խոհական` ստանալով դրամատիկական խոր երանգներ ու լիցքեր:
♦ Քչերը սակայն գիտեն, որ աշխարհահռչակ ծովանկարիչը նաև տաղանդավոր երաժիշտ էր, ջութակահար, որ Հայոց ցեղասպանության դաժան պատկերների և հարազատների կորստի ծանր տպավորությունների ներքո ստեղծում է «Հայաստանի հեծեծանքը» բարձրարժեք սիմֆոնիան, որը հնչեցնում է եվրոպական բոլոր հայտնի բեմերից` այս անգամ արդեն երաժշտական հնչյունների միջոցով պատմելով իր ազգին պատուհասած մեծագույն ողբերգության մասին:
♦ Քչերը սակայն գիտեն, որ նրա կտավները գնվել և պահվում են աշխարհի հայտնի շատ թանգարաններում, այդ թվում նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
♦ Քչերը սակայն գիտեն, որ Վարդան Մախոխյանը սփյուռքի այն արվեստագետներից էր, որ 1927 թվականին առաջինը արձագանքեց Խորհրդային Հայաստանի ղեկավարության խնդրանքին` օգնել նորաստեղծ պետական թանգարանին: Նա հայրենիքին նվիրեց իր մի շարք հայտնի կտավները: Այդ նկարներն այսօր պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում և սուրբ Էջմիածնի վանքի վեհարանում:
ԱՀԱ ՈՎ Է ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ ՀԱՅՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԾՈՎԱՆԿԱՐԻՉԸ