ԽՈՍՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ենք: Թուրքիան ոչ միայն շարունակում է ցեղասպանության փաստը չընդունելու, մերժելու քաղաքականությունը, այլեւ ամեն հնարավորություն օգտագործում է հակահայ քարոզչության եւ քաղաքական-պետական սադրանքների համար:
Մեր պայքարը սակայն շարունակվում է:
Օրերս մի շատ հետաքրքիր բացօթյա ցուցահանդեսի ականատեսը եղա, որն ինձ խորապես հուզեց. մետրոյի «Երիտասարդական» կայարանի պատերը ծածկված էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծադիր լուսանկարներով, կենսագրություններով եւ հուշերով… Տեսածս ոչ միայն ինձ ապշեցրեց, այլեւ ցնցեց մինչեւ հոգուս խորքը: Ցեղասպանության մասին շատ եմ կարդացել, բայց այդ պարզ ու անպաճույճ նկարներն ու տեքստերը չափազանց ազդեցիկ էին` նրանք մխրճվում էին մարդու էության խորքը… Շուրջս նայեցի` ոչ ոք անտարբեր չէր անցնում յուրօրինակ այդ ցուցահանդեսի կողքով` թե՛ մեծահասակները, թե՛ մանավանդ երիտասարդները… Ամեն մեկը ժամանակ էր գտնում մոտենալու, ծանոթանալու… եւ խորհելու: Այո՛, խորհելու իր, իր ազգի ճակատագրի, իր հայրենիքի մասին… Եվ նաեւ այն մասին, թե ինքը ինչ նպաստ է բերելու ընդհանուր գործին… Ես մտքում օրհնանքի խոսքեր էի ասում կազմակերպիչների հասցեին… Պարզվեց, որ այն կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության ու Pan Armenian ֆոտո գործակալության միջոցներով ու նախաձեռնությամբ: Հիրավի հայրենասիրական մի ձեռնարկ:
Եվ լավ էր, որ ցուցանմուշները ներկայացված էին երկու լեզվով` հայերեն ու անգլերեն: Եվ շատ ճիշտ էր ընտրված բացօթյա ցուցահանդես կազմակերպելու վայրը` մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, այսինքն՝ այն վայրը, որտեղով երթեւեկում են հիմնականում ուսանողները, այն մարդիկ, որ իրենց հոգում ունենալով սեփական ժողովրդի պատմությունը, երեկվա օրը, պայքարելու են վաղվա Հայաստանի համար:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Հոգևոր-մշակութային