ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ
♦ Հայոց ցեղասպանության սրբադասման արարողությունը տեղի կունենա 2015թ.-ի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
♦ Եպիսկոպոսաց ժողովը քննարկել է Կոմիտաս Վարդապետին սրբագործելու հարցը:
Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որը քննարկեց Հայ եկեղեցում սրբադասման կանոնի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչվող հարցեր: Այս կապակցությամբ թերթին պարզաբանումներ տվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
-Աստված օգնական, Սրբազան հայր:
-Աստված պահապան:
-Սրբազան հայր, ինչո՞ւ Եղեռնից 100 տարի անց միայն Հայ Առաքելական եկեղեցին որոշեց սրբացնել ցեղասպանության զոհերին:
-Հայ Առաքելական եկեղեցին 400 տարի առաջ է սրբագործման կարգ կատարել: 400 տարի հայ Առաքելական եկեղեցում սրբադասման կարգ չի կատարվել: Եպիսկոպոսաց ժողովը, քննարկելով հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները, հաստատեց Հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու գաղափարին, ապա խնդիրը վաղուց է արծարծվում: Սրբադասման արարողությունը տեղի կունենա 2015թ.-ի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացույցային օր սահմանվեց ապրիլի 24-ը: Ժողովն ընդունեց նաև Հայոց ցեղասպանության նահատակների ամենամյա տոնակատարության ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը և ժամամուտը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի վկայաբանությունը:
-Սրբազան հայր, այսպիսի հարց, որ ծագում է շատերի մտքում, նաև իմ. Ցեղասպանության զոհերը սովորական մարդիկ են, տարբեր մարդկային արատներ ունեցող` չար ու բարի, ազնիվ ու ոչ այնքան: Նրանց բոլորին պետք է սո՞ւրբ համարել:
-Մենք գիտենք, որ հավատափոխ եղած հայերին ցեղասպանության ժամանակ փրկվելու և իրենց կյանքը պահպանելու հնարավորություն տրվեց: Զոհվեցին այն մարդիկ, ովքեր հավատափոխ չեղան և մարտիրոսվեցին հանուն հավատքի և հայրենիքի: Այո՛, պետք է լինի հավաքական սրբադասում, և նրանք բոլորը պետք է դասվեն սրբերի շարքը:
-Փաստորեն, այսուհետև նրանց նվիրված հոգեհանգստյան արարողության փոխարեն պետք է կատարվի փառաբանություն, և եթե նախկինում մենք էինք խնդրում Աստծուն, որ խաղաղություն տա նրանց հոգիներին, ապա սրբադասումից հետո մենք պետք է խնդրենք նրանց բարեխոսությունն առ Աստված, որ Տերը ների մեր մեղքերը:
-Այո: Հավաքական սրբացումից բացի Հայ Առաքելական եկեղեցին կատարելու է նաև անհատական սրբադասում` սկսած 3-րդ դարից մինչև 20-րդ դար: Եպիսկոպոսաց ժողովը քննարկել է Կոմիտաս Վարդապետին սրբագործելու հարցը:
-Ուրիշ ի՞նչ կարևոր հարցեր քննարկվեց Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց վեհաժողովը:
-Ուզում եմ առանձնացնել մկրտության կարգը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում նույնացնելու հարցը: Սա Մայր Աթոռի և Անթիլիասի մերձեցման ճանապարհին ևս մեկ քայլ է: Ժողովը անդրադարձավ նաև ազգային եկեղեցական կյանքում առկա մի շարք մարտահրավերների, եկեղեցու առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու ճանապարհին լուծման կարոտ ծիսական, քարոզչական, կրթադաստիարակչական խնդիրներին, որոնց հիման վրա ձևավորվեց առաջիկա Եպիսկոպոսաց ժողովների օրակարգը:
-Սրբազան հայր, ցեղասպանության զոհերի սրբագործման կրոնադավանաբանական և աշխարհիկ նշանակությունը կխնդրեի մեկնեիք:
-Սրբերը զորացնում են եկեղեցին, դարձնում են ավելի ուժեղ, հավաք: Մեծ եղեռնի հարյուրամյակի շեմին ցեղասպանության զոհերի սրբագործումը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք չենք մոռացել ու չենք մոռանալու մեր պատմության թերևս ամենաողբերգական իրադարձությունը, տեր ենք կանգնելու մեր անցյալին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Հոգևոր-մշակութային