Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ



Այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք մեր հոսպիտալները հասցնո՞ւմ են քայլել ժամանակին համընթաց: Այցելեցինք ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք:

Փոխգնդապետ Կարեն Սեւտերտերյանը ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, ապա կլինօրդինատուրան՝ դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ: 2001թ. զորակոչվել է ազգային բանակ, ծառայել որպես բուժկետի պետ, այնուհետեւ որպես օրդինատոր տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: 2007-2009թթ. մասնագիտական վերապատրաստում է անցել Գերմանիայում: 2009թ. ստանձնել է ՀՀ ՊՆ ԿԿ ԶՀ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետի պաշտոնը:

-Պրն Սեւտերտերյան, կխնդրեի` ներկայացնել Ձեր բաժանմունքի գործունեությունը:

-Հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է 1993 թվականին, հիմնադիրը պրոֆեսոր Յուրի Պողոսյանն է, որը նաեւ երկար տարիներ ղեկավարել է բաժանմունքը եւ մեծ ավանդ ունի դիմածնոտային վիրաբուժության ասպարեզում: Այժմ էլ մեր լավագույն խորհրդատուն է:

Մեր բաժանմունքում բուժում ենք դիմածնոտային տարաբնույթ հիվանդություններ, բորբոքային վնասվածքներ, նորագոյացություններ, վիրահատական միջամտությամբ շտկում ենք տարբեր արատներ եւ ձեւախեղումներ, զբաղվում ենք նաեւ ատամների իմպլանտոլոգիայով…

-Ի՞նչ կասեք բաժանմունքի տեխնիկական հագեցածության մասին:

-Այսօրվա դրությամբ բաժանմունքն իր գործիքային հագեցածությամբ չի տարբերվում հանրապետության լավագույն կլինիկաների համապատասխան բաժանմունքներից, ինչ-որ տեղ անգամ գերազանցում է: Հատկապես վերջին հինգ տարիներին հոսպիտալը համալրվել է ժամանակակից նորագույն սարքավորումներով, որոնք բավականաչափ դյուրինացնում են բժիշկների աշխատանքը: Օրինակ՝ ախտորոշման բաժանմունքի նոր սերնդի ռենտգենոգրաֆիայի եւ եռաչափ տոմոգրաֆիայի միջոցով իրականացվում է դիմածնոտային հատվածի լայնածավալ հետազոտություն: Երեք հարթությամբ շերտավոր նկարման եւ համակարգչային պատկերի մշակման շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում տեսնելու հետազոտվող հատվածի ծավալային պատկերը, գնահատելու իրական չափերը: Պատվիրվել է նաեւ էնդոսկոպիկ վիրաբուժական սարքավորումը, որը միակը կլինի հանրապետությունում: Շուտով կստանանք ոսկրային տրանսպլանտացիա կատարելու համար նյութեր և սարքավորումներ։

Այնպես որ՝ նորագույն տեխնիկայով հագեցածությունը թույլ է տալիս առավել արդյունավետ եւ արագ բուժում:

– Միայն գերժամանակակից բժշկական տեխնիկայով համալրվածությունը դեռեւս բավարար չէ որակյալ բուժսպասարկում ապահովելու համար: Բաժանմունքը համալրվա՞ծ է արդյոք բարձրակարգ մասնագետներով:

-Իհարկե, մենք ունենք գործին լիարժեք տիրապետող փորձառու բժիշկներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են, կատարելագործվում եւ կարող են ապահովել եվրոպական լավագույն կլինիկաներին համապատասխանող բուժօգնության մակարդակ: Անցյալ տարի առաջին անգամ Հայաստանում հենց մեր բաժանմունքում նոր մեթոդով արցունքագեղձի ուռուցքի վիրահատություններ կատարեցինք:

Բժշկությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, նոր շունչ…. Ժամանակ առ ժամանակ մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների։ Մեր վիրաբույժներից Գեւորգ Շահսուվարյանը վերջերս է վերադարձել Մոսկվայում կայացած միջազգային կոնֆերանսից:

Մենք նաեւ համագործակցում ենք ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի հետ, որի դիմածնոտային վիրաբուժության ուղղությունը ղեկավարում է Մարգարիտա Հովհաննիսյանը: Ունենք նաեւ հետբուհական կրթություն անցնող կլինօրդինատորներ: Ինքս անձամբ հետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ եմ:

-Պարոն փոխգնդապետ, իսկ ի՞նչ խնդիրներով են ավելի հաճախ դիմում:

– Տարիների ընթացքում փոխվում են նաեւ մեզ դիմող հիվանդների խնդիրները. 1993-97թթ. ավելի մեծ թիվ էին կազմում վնասվածքային հիվանդությունները (նաեւ հրազենային), ավելի ուշ՝ բորբոքային հիվանդությունները գլուխ բարձրացրին, 2009թ. ավելի շատ պլաստիկ-գեղագիտական (էսթետիկ) վիրահատություններ ենք կատարում (ծնոտ, քիթ, ականջ, շրթունք): Պլաստիկ վիրաբուժության հիմնական միջամտության ոլորտը բնածին կամ կյանքի ընթացքում առաջացած դեֆեկտների սրբագրումն է, ինչի շնորհիվ մարդ ձերբազատվում է բարդույթներից:

Մենք սպասարկում ենք նաեւ քաղաքացիական բնակչությանը, միայն անցյալ տարի մեր բաժանմունքն ունեցել է 600-ից ավելի ստացիոնար հիվանդ, նրանցից 450-ին վիրահատել ենք: Անում ենք հնարավորը, որ մեզ դիմած զինվորներն ու սպաները, նրանց հարազատները լիարժեք բուժված, ապաքինված եւ գոհ հեռանան հոսպիտալից:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ազգային բանակ


20/11/2014