Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ»



Լույս է տեսել Անուշ Ամիրբեկյանի՝ ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման գործողությանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գիրքը: «Հեղինակի կողմից» խոսքում նշված է, որ գիրքը նպատակ ունի նաև ներկայացնելու Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի՝ Մարտակերտի, Հադրութի շրջանների և այլ ինքնապաշտպանական մարտեր։ Հակիրճ պատմական ակնարկը մեզ նախ ծանոթացնում է գյուղի անցյալին. Տողը XVI դ. վերջերին եղել է ավան, Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ.՝ բերդաքաղաք։ Մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը եղել է Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր բերդաքաղաքը, առևտրական ճանապարհների տարանցիկ կենտրոնը և հարուստ է պատմաճարտարապետական հուշարձան-սրբավայրերով։

Գրքի վերնագիրն արդեն խոսուն է: Տողի ազատագրումից հետո Արցախի Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի ապագա նախագահ Վալերի Բալայանը ազատագրման քարտեզի վրա գրել է` «Ամեն ինչ այսպես է եղել»։

Այնուհետև Վալերի Բալայանը ստորագրել է գրած խոսքերի տակ, որից հետո հերթով ստորագրել են ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ (1992 թ. հունվար) Արթուր Մկրտչյանը, գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, գործողության մասնակից-հրամանատարներ Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Արթուր Աղաբեկյանը, Արցախի պաշտպանության կոմիտեի անդամներ Ժաննա Գալստյանն ու Լևոն Մելիք-Շահնազարյանը, կապի մասնագետ, ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական կապի հիմնադիրներից Արթուր Փափազյանը, գործողության մասնակից Աշոտ Պետրոսյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության առաջին պետ (1992) Աշոտ Խաչատրյանը։

Ըստ հեղինակի` Տողի ազատագրումը ընդհատակյա պարտիզանական պայքարից բացահայտ պայքարի անցնելու ԼՂՀ առաջին մարտական գործողությունն էր։ Իսկ գրքի շապիկին պատկերված ստորագրություններով քարտեզը, գործողությունների անդրանիկ քարտեզն է։ Այս գյուղի համար մղված մարտերում է, որ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը ստանում է «Կոմանդոս» մականունը:

Գիրքը սկսվում է Հադրութի շրջանի սկզբնական պաշտպանության պատմությամբ։

Գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանը Տողում դարձավ Կոմանդոս։

ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ է ուղարկում ջոկատներ, որոնք գլխավորում էր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Գրքում ներկայացված է նաև Արցախի ազատագրական բանակի հրամանատարներին ու մարտիկներին ուղղված՝ Ա. Տեր-Թադևոսյանի թիվ 1 հրամանի լուսապատճենը, որը, ըստ էության, մարտիկների կարգապահական և մարդասիրական վարքականոնների մասին է.

«Բոլոր մարտիկներին և հրամանատարներին, կտրականապես արգելվում է սպանել թշնամու կանանց և երեխաներին, գերիներին տանջել, խոշտանգել դիակները։ Այս հրամանը խախտողները կպատժվեն ռազմական ժամանակի օրենքով։

Արցախի ազատագրական բանակի հրամանատարներին՝ հատուկ ուշադրություն դարձնել ջոկատների կարգապահությանը, պատժել մարտիկների ցանկացած ապօրինի գործողություն։

Հրամանատար՝ Արկադի Տեր-Թադևոսյան,

16.10.1991 թ. ք. Հադրութ»։

Հեղինակը ներկայացրել է Տողի ազատագրմանը մասնակցած 11 ջոկատների հրամանատարների անունները, ինչպես նաև ծածկանունների աղյուսակը, մարտական գործողությունն անցկացնելու համար ստեղծված վերահսկողության ազդանշանային աղյուսակը։

Գրքի հեղինակն օգտագործել է մի շարք աղբյուրներ, որոնց թվում նաև գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, ինչպես նաև Աշոտ Խաչատրյանի անձնական արխիվները: Գրքում զետեղված է նաև Տողի մարտական գործողության պլանը և Սարիշեն հենակետի գծապատկերը։

«Կարևորը այն գաղափարն էր, որ Տողի գործողությունից հետո մարդկանց մեջ հավատը է՛լ ավելի ամրանար ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ։ Դա հաջողվեց Տողում, և հաղթանակները, որոնք հետո տոնեցին Ղարաբաղում, եղան հենց այս հոգեբանական առավելության շնորհիվ։ Մեր գերխնդիրն էր գործողությունից հետո զոհեր չունենալ, և այդպես էլ եղավ»,- Տող գյուղի ազատագրումը այսպես է կարևորել ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության առաջին պետ, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿԸ կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Խաչատրյանը:

Գրքում տեղ է գտել նաև «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքը Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակի համաժողովրդական բնույթի մասին. «Մեկ ծաղկով գարուն չի գա։ Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր գործողությունները մեծ կոլեկտիվի մեծ ջանքերի շնորհիվ են տեղի ունեցել և ոչ թե այն անհատների, ովքեր գաղափար անգամ չունենալով, իրենց են վերագրում այդ հաղթանակները»։

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


20/11/2014