Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ



Վերջերս «Հայ զինվոր»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները խնդրում են ներկայացնել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու գործընթացի հետ կապված մանրամասները: Հաշվի առնելով խնդրի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Հովսեփյանի ամփոփ պարզաբանումը տվյալ թեմայի շուրջ:

ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձանց համապատասխան կարգավիճակ տրվում է կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան: Նշված կարգի համաձայն՝ մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թթ. ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր ծառայել են ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում, կանչվել են եռամսյա վարժական հավաքների, գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում, ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը, հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի, գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

«Մարտական գործողությունների մասնակցի» կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով սահմանված «Երկրապահ կամավորականի կարգավիճակ» շնորհելու վերաբերյալ եզրակացությունը տրվում է 2014թ. ապրիլի 23-ի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող» միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարը: Նախագահի տեղակալներն են նախարարի աշխատակազմի ղեկավարը և ԵԿՄ նախագահը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ազգային ժողովի պատգամավորներ, մի շարք գերատեսչությունների փոխնախարարներ, այդ թվում՝ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության պետերի տեղակալները, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ զինվորական կոմիսարը և այլք:

Նոր ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շատ արդյունավետ են: Արդեն իսկ կայացել է երկու նիստ, որոնց ընթացքում համապատասխան կարգավիճակ է տրվել շուրջ 650 քաղաքացու: Այսինքն՝ ամեն նիստի ընթացքում քննարկվում է մոտ 300-400 գործ:

ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձը «Մարտական գործողությունների մասնակցի» կամ «Երկրապահ կամավորականի» կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով ներկայացնում է՝

♦ դիմում, որի ձևանմուշը հաստատված է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և առկա է բոլոր զինկոմիսարիատներում,

♦ մարտական ուղի՝ տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի կողմից, որում անհրաժեշտ է մանրամասն նշել մասնակցության ժամկետները՝ օրերը, ամիսը, տարեթիվը, վայրերը: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներից կարող է պահանջվել նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված վկայություններ:

♦ ինքնակենսագրություն,

♦ անձնագրի պատճենը,

♦ տեղեկանք զինկոմիսարիատից և զինգրքույկի պատճենը,

♦ տեղեկանք բնակավայրից,

♦ մարտական գործողությունների շրջան մեկնելու վերաբերյալ հրամանների քաղվածքներ՝ տրված ՀՀ ՊՆ արխիվից,

♦ պարգևատրման վերաբերյալ հրամանագրերի, մեդալների վկայականների պատճենները,

♦ 1 հատ 9×12 և 2 հատ 3×4 չափի լուսանկարներ,

♦ մարտական գործողություններին մասնակցությունը հաստատող այլ փաստաթղթեր (վիրավորման, բուժման վերաբերյալ և այլն):

Բոլոր տարածքային զինկոմիսարիատները ՀՀ զինվորական կոմիսարից հանձնարարություն են ստացել ուղղորդել և օգնել քաղաքացիներին անհրաժեշտ փաստաթղթերը խմբավորելու և սահմանված կարգով հանրապետական զինկոմիսարիատ ներկայացնելու համար: ՏԶԿ-ներից ստացված գործերը ուսումնասիրվում են ԶՍՊ վարչության հետ համատեղ: Օրենսդրության պահանջներին համապատասխան համալրված գործերը փոխանցվում են Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Մարտական գործողությունների մասնակցած անձանց վերաբերյալ ԶՍՊ վարչություն գործեր են ներկայացվում նաև ոստիկանության, ԱԱԾ և ԱԻՆ համակարգերից, ինչպես նաև պատերազմի մասնակից վետերանների կողմից ստեղծված և գործող հասարակական կազմակերպություններից: Այդ առումով հատկապես ակտիվ է Երկրապահ կամավորականների միությունը:

Ստացված բոլոր գործերը ԶՍՊ վարչությունում գրանցվում են, կատարվում է համակարգչային հաշվառում: Մանրակրկիտ փաստաթղթային ուսումնասիրությունից հետո դիմած քաղաքացիների անվանացանկը և նրանց մասին համառոտ տեղեկությունները ուղարկվում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած գործերում որոշակի թերություններ հայտնաբերելու դեպքում տվյալ անձին առաջարկվում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները: Սահմանված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում դիմումը մերժվում է:

Ընթացակարգով նախատեսված բոլոր փուլերն անցնելուց հետո դիմողին առավելագույնը 20-30 օրվա ընթացքում տրվում է համապատասխան վկայական: Նշենք, որ տվյալ կարգավիճակն ստանալուց հետո կենսաթոշակ ստացող անձանց վճարվող գումարի չափն ավելանում է:

Հավելենք, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալ ցանկացողները դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող են ծանոթանալ բոլոր զինկոմիսարիատներում, ինչպես նաև պաշտպանության նախարարության www.mil.am կայքի «Օրենսդրություն» բաժնում:

Պատրաստեց Ա. ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


20/11/2014