ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանական շրջանի մարտական հերթապահություն կատարող զինվորների այս հենակետում եղանք «Միասնություն-2014» մարտավարական զորավարժությունից առաջ, ասել է թե՝ մինչ ադրբեջանցիների կողմից պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը և կրկին լարվածության ստեղծումը:
Երբ հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանի հետ խոսում էինք զինվորների բարոյահոգեբանական պատրաստության մասին, նա ասաց.
– Քսան տարի առաջ շատ դեպքեր են եղել, երբ ադրբեջանցիները, որոնք այսօրվա զինվորների ծնողներն են, կռիվն սկսելով՝ այնուհետև խուճապահար փախել են մեր ազատամարտիկների առջևից: Այսօրվա ադրբեջանցի զինվորներն ավելի քաջ չեն իրենց ծնողներից: Հողաթմբի հետևում նրանք իրենց, իրոք, «քաջաբար» են պահում, կրակում են, հաճախ էլ՝ առանց նայելու:
-Ուրեմն՝ կրակոցներ կան, չեն դադարում:
-Իհարկե, կրակոցները շարունակվում են և մեր՝ զինվորներիս կարծիքով՝ խաղաղություն կհաստատվի թշնամու հաջորդ պարտությունից հետո:
-Պատասխանո՞ւմ եք:
-Երբ տեսնում ենք, որ նպատակային են կրակում, այսինքն՝ գնդակները գալիս են դիրքի ուղղությամբ, լռեցնում ենք:
Զինվորների հետ ծանոթությունն ու զրույցը շարունակում ենք գետնատնակում: Հանգստացողներից մեկը գնդացրորդ, շարքային Գրիշա Ավագյանն է: Նա Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից է: Ծնվել է հրադադարի հաստատումից հետո, 1995թ.: Հայրը պատերազմի մասնակից է, տանկիստ է եղել, կռվել է շրջանի տարբեր ջոկատներում, այժմ հողագործությամբ է զբաղվում, տրակտորով իր ազատագրած հողն է հերկում, ցանում:
-Մարտական դիրքում ո՞րն է ձեր ամենակարևոր խնդիրը,- հարցնում եմ նրան:
-Սահմանի անվտանգության ապահովումը. չպետք է թողնենք, որ թշնամին մի քայլ առաջանա, մեր բոլոր գործողություններն ուղղված են այս գլխավոր խնդրի կատարմանը:
-Իսկ ի՞նչ է արվում առաջադրանքը հաջողությամբ, անփորձանք կատարելու համար,- խոսքս ուղղում եմ մյուս զինվորին՝ գնդացրորդ, շարքային Էդիկ Ֆահրադյանին:
-Մեզ միշտ հիշեցնում են, և մենք էլ գիտենք, որ պետք է լինենք անվախ, զգոն, աչալուրջ, սա վերաբերում է բոլորիս, մանավանդ՝ դիտորդներին ու արթուն հերթափոխին, որպեսզի տեսադաշտից ոչինչ չվրիպի, ժամանակին հայտնաբերենք ու կանխենք ինչպես հարձակման, այնպես էլ դիվերսիոն նպատակներով մեր տարածք ներթափանցելու բոլոր փորձերը: Դիտարկումներն էլ կատարում ենք զգուշորեն, ինչպես հրահանգավորում են:
-Ձեզ համար տարբերություն կա՞ ցերեկվա ու գիշերվա հերթապահության, դիտարկումների միջև:
-Մենք գիտենք, որ թշնամին խափանարար գործողություններ է փորձում կատարել ավելի շատ գիշերվա ժամերին, դրա համար էլ մութն ընկնելուց ավելի ուշադիր ենք լինում, դիրքի ավագն ու հենակետի պատասխանատուն էլ հաճախ են հայտնվում դիտորդներիս կողքին, ստուգում մարտական հերթապահության ընթացքը, ցուցումներ տալիս, աջակցում, խրախուսում: Թեպետ ցերեկն ավելի հեշտ է, բայց էլի ամեն ինչի նկատմամբ շատ ուշադիր ենք, հենց մի անսովոր բան ենք նկատում, զեկուցում ենք մեր վերադասին:
-Քեզ ամրացված զենքով կրակե՞լ ես,- հարցնում եմ խոսակցությունն ունկնդրող նռնականետորդ Կոլյա Գրիգորյանին:
-Յուրաքանչյուր ուսումնական փուլում երկու կամ երեք անգամ պարտադիր կրակում ենք: Ես մասնագիտությամբ ոսկերիչ եմ, իմ ձեռքը չի դողում, կրակում եմ ճիշտ թիրախին,- ասում է Կոլյան:
Մանուկյան Անդրանիկը հրաձիգ է, իսկ Միդոյան Արթուրը՝ ավագ հրաձիգ: Նրանք պատմում են առօրյա ծառայությունից, հենակետում տիրող կարգապահությունից, ընկերական ջերմությունից: Ասում են, որ ամառվա դեպքերից հետո դարձել են ավելի փորձառու, ավելի մարտունակ և ավելի լավ են հասկանում իրար:
-Այստեղ էլ ենք պարապմունքներ անցկացնում՝ ֆիզիկական, շարային, մարտավարություն, ՀՊՊ…, բայց կարճ ծրագրերով, երբեմն էլ անցկացնում ենք զորավարժություն ջոկի կազմով, ճշտում, թե հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում քանի վայրկյանում կկարողանանք գրավել մեր կրակային դիրքերը և սկսել մարտական գործողությունները:
Ավագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանը տեսնելով, որ կարդում եմ պատին ամրացված փաստատախտակի, իրավական անկյան հրամանները, հրահանգներն ու պարզաբանումները, մոտեցավ ու ասաց.
-Հավատացե՛ք, ձևի համար չենք փակցրել, հերթապահությունն ընդունող ստորաբաժանման պատասխանատուն պարբերաբար ընթերցում, պարզաբանում է փաստաթղթերի բովանդակությունը և անձնակազմից պահանջում, որ յուրաքանչյուրը տառացիորեն պահպանի իրեն ներկայացվող պահանջները և առանց իր հրամանատարի գիտության որևէ ավելորդ գործողություն չկատարի, որովհետև առջևում դարանակալ թշնամին է…
Առաջնագծի զինվորներից բաժանվելը դժվար է, ուզում ես երկար մնալ, ավելի լավ ճանաչել, բայց դա ճիշտ չէ, որովհետև նրանց յուրաքանչյուր րոպեն հաշվարկված է. առկա է ճաշ պատրաստելու, անձնական հիգիենայով զբաղվելու, մարտական հերթափոխն ընդունելուց առաջ լավ հանգստանալու խնդիրը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ